Կռփազենքն ու նունչագին քիչ էին, հիմա էլ՝ «կլիզմա»

Կռփազենքն ու նունչագին քիչ էին, հիմա էլ՝ «կլիզմա»

ՀՀ կրթության նախարարության Լեզվի պետական տեսչությունից մի պահ կարծես թե զարմացան՝ լսելով «կռփազենք» եւ «նունչագի» անվանումները, որոնք զենքի տեսակներ են: Տեսչության պետի տեղակալը խնդրեց կոնտակտային համար տրամադրել, որպեսզի հետ զանգահարեն եւ տան այդ բառերի բացատրությունները: Բարեբախտաբար, դա շատ երկար չտեւեց: Տեսչության մեզ զանգահարած աշխատակցուհին բացատրեց, որ «կռփազենքը զենքի տեսակ է, որը փայտից է սարքած լինում կամ մետաղյա է լինում, հագցնում են ձեռքին, որպեսզի բռունցքով խփելիս հարվածն ավելի ուժեղ լինի»:
Արմատական բացատրությամբ՝ «կռուփն» արեւմտահայերեն «բռունցք» է նշանակում, որտեղից էլ առաջացել է «կռփազենք», այսինքն՝ «բռունցքի զենք» անվանումը, բացատրեց նա:



«Իսկ նունչագին արեւմտյան մարտարվեստում օգտագործվող զենք է, փայտեր են երկու, որոնք իրար միացած են մետաղյա շղթայով, եւ դա չունի իր հայերեն անվանումը»,-ասաց նա՝ նշելով, որ իրեն ծանոթ էին այդ բառերը:
Նշենք, որ այս բառերը հանրությանը ճանաչելի դարձան այն ժամանակ, երբ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց այն «զանգվածային ոչնչացման» զենքերի ցանկը, որոնք հայտնաբերել էին Հիմնադիր խորհրդարանի անդամների բնակարաններում կատարված խուզարկությունից: Հենց այսպիսի «էկզոտիկ» զինատեսակներ՝ կռփազենք եւ նունչագի էին հայտնաբերել նրանց բնակարաններից:



Նրանց բոլորին էլ խուզարկությունից հետո ձերբակալել են, եւ հարուցվել է քրեական գործ՝ ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ, որը գտնվում է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում: Այժմ կռփազենք, նունչագի ու այլ «զենք-զինամթերք» իրենց բնակարաններում թաքցրած «ահաբեկիչ-ծայրահեղականները» գտնվում են քրեակատարողական հիմնարկում՝ որպես, հասկանալի է արդեն, «կռփազենքով ու նունչագիով աշխարհը կործանել պատրաստվող խմբավորման անդամներ»: Այդ ամենից հետո շատերին սկսեց միաժամանակ երկու հարց հուզել՝ իրենց ո՞ր մի չկատարած մեղքի համար են ձերբակալել Ժիրայր Սեֆիլյանին ու մյուսներին, եւ, ի վերջո, ի՞նչ է նշանակում կռփազենք եւ նունչագի: Վերջինի պատասխանը Լեզվի տեսչությունը, ինչպես տեսանք, արդեն տվեց ու «էդ մի դարդից» ազատեց ազգին: Իսկ, ահա, առաջին հարցը՝ ինչո՞ւ, որքան էլ Քննչական կոմիտեն պարզաբանի իր նորաստեղծ կայքում, այդպես էլ մնում է հարցական:



Այստեղ, սակայն, մի զավեշտալի փաստ կա, այն, որ այն միակ զենքը՝ նռնակը, որը հայտնաբերել են ոստիկանները Սեֆիլյանի թիմակից Արամ Հակոբյանի տան տանիքից, ըստ էության, զենք չի դիտվել, քանի որ այդ անձը միակն է, որի նկատմամբ գրավ է կիրառվել՝ կալանքի փոխարեն: Փոխարենը կռփազենք, նունչագի եւ ավելի «ծանր»՝ մահակներ, մուրճեր ու նույնիսկ խոհանոցային դանակ ունեցողներին տարել ու միանգամից կալանավորել են՝ նստեցնելով «հազար տարվա» հանցագործների կողքին:
Ի դեպ, դրանից հետո ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, հետեւելով Քննչական կոմիտեի՝ «խիստ հայրենասիրական մղումներից դրդված» օպերատիվ-հետախուզական գործողություններին, որոշեցին իրենց բնակարաններում էլ ինքնախուզարկություն իրականացնել:



Արդյունքում, պարզվեց, նրանք եւս ոչ պակաս «ահաբեկիչներ» են, քանզի նրանց բնակարաններից էլ հայտնաբերվեցին «պոլի փետ», «կլիզմա», սխտորճզմիչ, մետաղյա թեյնիկ, համակարգչի ստեղնաշար, քանոն, որով հաճախ պատժում են ուսուցիչները չար աշակերտներին՝ խփելով նրանց մատիկներին, եւ, որ «ամենավտանգավորն է», հրազենի ռազմագիտական հայերեն բառարան, որով կարելի է սովորել, թե ինչ են նշանակում, օրինակ, կռփազենքը եւ նունչագին, ինչպես են դրանք կիրառում գործնականում, եւ մի հատ էլ «կլիզմա» վերցնել ու դուրս գալ փողոց՝ աջ ու ձախ «կլիզմելու», «կռփահարելու» եւ «նունչագելու»:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ