Բյուջետային գրասենյակ և ծրագրային բյուջետավորում

Բյուջետային գրասենյակ և ծրագրային բյուջետավորում

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, ըստ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի, բավականին սերտ համագործակցություն է իրականացնում միջազգային երկու հայտնի կազմակերպությունների՝ գերմանական GIZ-ի եւ ամերիկյան USAID-ի հետ՝ համատեղ մի շարք ծրագրեր իրականացնելով: GIZ-ի հետ, օրինակ, հիմա աշխատում են Բյուջետային գրասենյակի ստեղծման ուղղությամբ, որի օրենսդրական նախագիծը վերջերս ընդունվեց խորհրդարանում: Մինասյանը համոզված է, որ առանց այդպիսի համագործակցության դժվար է պատկերացնել արդյունավետ աշխատանքը խորհրդարանում, քանզի այն խնդիրները, որոնց հանդիպում ենք, ըստ Մինասյանի, ունեն ոչ թե հայկական ծագում, այլ համընդհանուր են:



«Այդ տեսակետից մենք հիմա իրականացնում ենք մի ծրագիր GIZ-ի հետ, որը գտնվում է իր ավարտական փուլում, դա Բյուջետային գրասենյակի հիմնումն է: Դա մի գործիք է, որը թույլ է տալիս, որպեսզի խորհրդարանն իրականացնի իր վերահսկողական գործառույթները: Բնականաբար, այդ կառույցը՝ Բյուջետային գրասենյակը, որեւէ վերահսկողական գործառույթ չի իրականացնում, այն ուղղակի տեղեկանքներ է տալիս պատգամավորներին՝ օգնելով, որպեսզի իրենք իրականացնեն այդ գործառույթները»,-ասաց նա՝ նշելով, որ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) 34 երկրներից 20-ում արդեն գործում են Բյուջետային գրասենյակներ, եւ վերջին 10 տարիների ընթացքում կտրուկ ավելացել է դրանց թիվը:



Իսկ ինչո՞ւ են հենց GIZ-ի հետ համագործակցում այս հարցում, պարոն Մինասյանն ասաց, որ համագործակցում են նաեւ Միացյալ Նահանգների USAID-ի հետ, բայց կարծես թե իրենց համագործակցությունն ավելի առաջ է գնացել գերմանական այդ կառույցի հետ: Պատգամավորը նշեց, որ այս երկու կառույցների հետ իրենք եւս մեկ խոշոր ծրագիր են իրականացնում, խոսքը Ծրագրային բյուջետավորման գործընթացի մասին է, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2018 թվականին: «Տարիներ ի վեր ՀՀ կառավարությունն այս բնագավառում իրականացրել է բավականին մեծ ծավալի աշխատանք, որպեսզի բյուջեն ներկայացվի բյուջետային ծրագրերով, սակայն կա մի դրվագ այդ բյուջետային ծրագրերի մեջ, որոնց բացակայությունը, ըստ էության, թույլ չի տալիս, որպեսզի այդ բյուջետային ծրագրերն իրենց ամբողջ արդյունավետությամբ աշխատեն: Դա, այսպես կոչված, յուրաքանչյուր ծրագրի համար պարտադիր կատարողական հիմնական ցուցանիշներն են (ԿՀՑ), որն այս կամ այն խնդրի լուծմանն ուղղված մի փաթեթ է, որն ունի իրականացման ընթացակարգեր, ունի նաեւ ֆինանսավորման իր կոմպոնենտը, եւ ինքը պիտի կարողանա ունենալ ցուցանիշներ, որին հասնելու պարագայում միայն հնարավոր կլինի ասել՝ ծրագիրը հաջողությամբ կատարվե՞լ է, թե՞ ոչ, ինչը թույլ է տալիս խորհրդարանին ըստ այդ ցուցանիշների իրականացնել կամ չիրականացնել ֆինանսավորում»: Նա կարծում է, որ կատարողական հիմնական ցուցանիշների ընտրությունն ամենաբարդ խնդիրն է, որի հարցում էլ համագործակցում են այդ երկու միջազգային կառույցների հետ:



«Այդ տեսակետից մենք հիմա գալիս ենք օգնելու կառավարությանը եւ մեր ԱԺ 8 հանձնաժողովների համար ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի այդ հանձնաժողովներն իրենց համապատասխան նախարարությունների հետ միասին որոշեն մեկ ծրագիր, այդ ծրագրի համար մենք ստեղծում ենք թիմ այդ երկու միջազգային կառույցների հետ միասին»,-ասաց Մինասյանը: «Մեր պետության մեջ կա ընդամենը 170 ծրագիր, եւ մեր խնդիրը հետեւյալն է, որ յուրաքանչյուր հանձնաժողով մի կիսամյակի ընթացքում, իհարկե, նախարարության հետ համագործակցելով, ստեղծի մեկ ծրագրի համար կատարողական հիմնական ցուցանիշ, այսինքն՝ տարվա ընթացքում երկու ծրագիր, եւ այդպես մեր աջակցությունն ենք բերում այդ խնդրի իրականացմանը»,-հավելեց Մինասյանը:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ