Հայաստանի տրիումֆալ քայլը

Հայաստանի տրիումֆալ քայլը

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման արարողությունների բարձրակետը, թվում է, կայացավ: Դա 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագն էր` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Անկախ հանգամանքից, թե ովքեր կժամանեն եւ ներկա կգտնվեն ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը Սբ. Էջմիածնում, ապրիլի 23-ին, ովքեր կժամանեն եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելեն Երեւանում ապրիլի 24-ին, վերջապես՝ անկախ անգամ հավանականությունից, որ նախագահ Օբաման իր ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում գործածի հենց «ցեղասպանություն» բառը, ոչ մեկն այդ իրադարձություններից իր նշանակությամբ, տարողությամբ, պատմականությամբ չի համեմատվի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի կարեւորության հետ:



Ընդ որում՝ ոչ այնքան ինքնին երեւույթի կարեւորությունն է, որ այդ բացառիկ ու պատմական պատարագը մատուցվեց, ոչ այնքան համաշխարհային մամուլում breaking news դարձած լուրը, որ Հռոմի սուրբ քահանայապետն Օսմանյան կայսրության վերջալույսին հայերի դեմ գործադրված բռնությունները եւ կոտորածները կոչեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», նույնիսկ ոչ էլ Թուրքիայի ԱԳՆ-ի հիստերիան: Վատիկանի պատարագում ապշեցնողն ամեն մի դրվագի մտածվածությունն ու կրած խորհրդի խորությունն էր, ինչը, բնականաբար, չէր կարող հասու լինել Վատիկանում գտնվող միջազգային լրագրողներին եւ նրանց կրկնող հազարավոր այլ լրատվամիջոցներին, այդ խորությունը կարող էին գիտակցել եկեղեցու սպասավորները, պատմաբանները, քաղաքական գործիչները:



Ուշագրավ էր նախ իրողությունը, թե սուրբ պատարագի ընթացքում որքան հայերեն հոգեւոր երգեցողություն եւ Ավետարանի ընթերցանություն հնչեց Սուրբ Պետրոսի կամարների ներքո: Աշխարհում հազվադեպ են ժողովուրդները, լեզուները եւ ծիսակարգերը, որոնց թույլ կտրվեր կաթոլիկ աշխարհի Սրբության սրբոցում հնչել: Դա նշանակում էր քրիստոնյա Եվրոպայի հետ Հայաստանի միաձուլվածության հռչակում Աստծո առջեւ եւ ի տես բոլոր մարդկային արարածների, այդ թվում՝ Թուրքիայում եւ Ռուսիայում դեգերողների:



Երկրորդ. Գրիգոր Նարեկացուն Տիեզերական Վարդապետ հռչակելը, երբ քրիստոնեության երկուհազարամյա պատմության մեջ միայն երեսունհինգ սրբեր են երբեւէ այդ տիտղոսին արժանացել, եւ նրանցից միայն Եփրեմ Ասորին է արեւելյան քրիստոնեական եկեղեցի ներկայացրել: Առանձնակի նրբանկատությունն այդ կապակցությամբ Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքի կողմից Նարեկացու կյանքի եւ գործի ներկայացումն էր եւ հատկապես շեշտելը, որ Գրիգոր Նարեկացին մահկանացուն կնքել է 1003թ. եւ ամփոփվել է Նարեկա վանքում, որն այնուհետ դարձել է սրբավայր ու ուխտատեղի եւ պահպանվել է իբրեւ այդպիսին մինչեւ օսմանյան բռնությունների հետեւանքով ավերակվելն ու կորչելը:
Դա նշանակում էր ակներեւ հակադրել հայության արժեքը, դեռ 10-րդ դարում հայության նվաճած հոգեւոր ու մտավոր բարձունքները թյուրքական ցեղախմբերի նկարագրին, որոնք ոչ միայն 10-րդ, այլեւ նույնիսկ 13-րդ դարում Խորասանում հայտնվելիս դեռ միմյանցից տարբերվում էին ոչխարների գույնով` ակ-կոյունլու, կարա-կոյունլու: Ի դեպ, բարբարոսության մակարդակին էին նաեւ այն ժամանակվա ռոսները կամ ռուսները, որ Սկանդինավիայից հրավիրված Րյուրիկի կողմից կառավարվող արեւելասլավոնական ցեղախմբերի թվում էին:



Երրորդ` Պապն անցյալ դարի մեծագույն սարսափ եւ ողբերգություն կոչեց երեք իրադարձություն` հայոց ցեղասպանությունը, նացիզմը եւ ստալինիզմը: Այլ կերպ ասած` նույնիսկ Հոլոքոստը (այլեւս չխոսելով հաջորդած ցեղասպանությունների մասին), իր տարողությամբ եւ հետեւանքներով չդրվեց Հայոց ցեղասպանության կողքին: Յուրաքանչյուրին էլ պարզ է, որ նացիզմն ավելի ընդգրկուն երեւույթ է, քան լոկ հրեաների ցեղասպանությունը: Ի վերջո, որքան էլ հրեաներն իրենց համարեն Աստծո ընտրյալ ժողովուրդ, Աստծո Yahweh կամ Yah անունը տառադարձված է հայերի ինքնանվանման մեջ, ոչ թե հրեաների: Եվ Վատիկանի համար, երեւում է, դա ունի նշանակություն:



 



Վերջապես, Գարեգին Երկրորդ Վեհափառի ու հատկապես Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի խոսքը, մանավանդ Արամ Առաջինի խոսքի անգլերեն հատվածը խորապես տպավորիչ էր եւ ծափահարության էր արժանի: Առանց չափազանցության հայությունն այնպիսի արժեքով եւ շուքով երեւաց Սուրբ Պետրոսի տաճարի պատարագում, ինչպես երեւի հեռավոր 1920-ին Սեւրի դաշնագրի ստորագրման ժամանակից ի վեր երբեւէ չէր երեւացել միջազգային ասպարեզում: Դեռ տարիներ այդ պատարագի ամեն դրվագը կքննարկվի, կգիտակցվի եւ կմեկնաբանվի:



Եվ, իհարկե, ամեն հիացմունքից ու երախտագիտությունից վեր է Ֆրանցիսկոս պապի դերակատարությունը, նաեւ Հայաստանի եւ Վատիկանի հոգեւոր ու աշխարհիկ իշխանությունների, ՀՀ ԱԳՆ-ի, երկկողմ դեսպանների կատարած աշխատանքը, որ անպատկերացնելի այդ պատարագը, իբրեւ պատմության եւ կրոնի անձեռակերտ մի դրվագ, դարձավ իրականություն` տասնամյակների համար արձագանքով: