Լևոնը, Սերժը և ՀԱԿ-ի բոյկոտը

Լևոնը, Սերժը և ՀԱԿ-ի բոյկոտը

Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի դե ֆակտո սկսված երկխոսությունը (հրապարակային նամակագրության տեսքով), կարծես, կանգ է առել: Մինչդեռ ինչքան լավ էր սկսվել: Մենք այն ժամանակ գրեցինք, որ առաջին նախագահը ճիշտ կանի, եթե ընդունի Սերժ Սարգսյանի առաջարկը, այն է՝ դեմդիմաց նստել նախագահականում եւ հանգիստ քննարկել Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված անելիքները (դրանք մի ամբողջ տարի են տեւելու): Բայց մեզ լսողն ո՞վ էր: Առաջին նախագահն ընտրեց հրապարակային երկխոսությունը, որի արդյունքը եղավ այն, որ արդյունք չունեցավ: Սերժ Սարգսյանը հիմա ավելի հպարտ է, եւ ավելի է դժվարացել նրա հետ Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված որեւէ հարց քննարկել: Մարդը միայնակ գնաց Վատիկան, մի ամբողջ պատարագ նվիրվեց Հայոց ցեղասպանության զոհերին, Նարեկացին հռչակվեց տիեզերական վարդապետ, դե, իսկ Հռոմի պապի ելույթը վերեւից թափված կրակ ու կայծակ դարձավ Թուրքիայի ու Էրդողանի գլխին: Այսքան բանից հետո էլ ի՞նչ խորհուրդ տաս Սերժ Սարգսյանին:



ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, փորձում է դեռ ինչ-որ բանի ընդդիմանալ ու ապացուցել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկներն ավելի լավ առաջ կտանեին ցեղասպանության ճանաչման գործը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կողի է ընկել, թե` էսա, բոյկոտելու ենք Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ խորհրդարանի` արտահերթ նիստով ընդունելիք հայտարարությունը, որտեղ հղում կա Հայոց ցեղասպանության 100-ամյակի Հռչակագրին:



ՀԱԿ-ի տոկունությունը հիրավի նախանձ է շարժում: Ինչ է թե Լեւոն Տեր-Պետրոսյանի սրտով չէ Հռչակագիրը, ուրեմն ՀԱԿ-ի համար անընդունելի է այդ Հռչակագրին հղումով յուրաքանչյուր հայտարարություն: Բայց դու արի ու այսքան բանը բացատրիր ՀԱԿ ողջ խմբակցությանը: Դիցուք` Լյուդմիլա Սարգսյանին, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող դեմ քվեարկել ԱԺ հայտարարությանը, որովհետեւ, ինչքան էլ վերակազմյալ լինի նրա ՍԴՀԿ-ն, միեւնույն է, այդ կուսակցության գաղափարախոսությունը Լյուդմիլա Սարգսյանին թույլ չի տա դեմ քվեարկել ԱԺ ընդունելիք հայտարարությանը: Սա այնքան տրիվյալ բան է, որ նույնիսկ Լեւոն Զուրաբյանն է հասկացել եւ, բոյկոտի հրահրումների մասին բարձրաձայնելիս, հատուկ նշել է, որ ինքը խոսում է ՀԱԿ կուսակցության անունից:
Մեր տեղեկություններով, ՀԱԿ կուսակցության այս մտասեւեռումից առանձնապես ոգեւորված չէ նաեւ Ստեփան Դեմիրճյանը: Ինչո՞ւ բոյկոտել ԱԺ հայտարարությունը. մի՞թե հանուն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի կամակորության: Կարծում ենք` ՀԺԿ-ն, մանավանդ հրաշալի եռյակի փլուզումից հետո, սկսել է լրջորեն խորհել 2017 թվականի իր ծրագրերի շուրջ` կապված հաջորդ ԱԺ ընտրությունների հետ, եւ ներկա պահին առավել ինքնուրույն երեւալու խնդիր ունի: Այդ խնդիրը նրան չհաջողվեց լուծել անգամ Ծառուկյանի կազմակերպած համաժողովին մասնակցելու որոշումով, քանի որ Ստեփան Դեմիրճյանը վերջին պահին հրաժարվեց մասնակցությունից: Բայց հիմա Ծառուկյանի հարցը չէ մեջտեղում, այլ ՀԺԿ-ի կառուցողական իմիջի:



Բնականաբար, մեզ պետք է, որ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ԱԺ հայտարարությունն ընդունվի հնարավորինս միաձայնությամբ: Սա շատ տարբեր չէ Արցախի կամ մեկ այլ կարեւոր հարցից, եւ պետք է ցույց տալ մեր միասնականությունը ու կարեւոր պահին տարաձայնությունները մի կողմ դնելու կարողությունը: Այլապես մեր խորհրդարանն ինչո՞վ պետք է տարբերվի աշխարհի մյուս երկրների խորհրդարաններից, որտեղ ձայների չնչին տարբերությամբ, մի կերպ, հայանպաստ բանաձեւեր են անցկացվում: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ հարցի մեծ հնչեղությունը ողջ աշխարհում, ապա կարելի է ասել, որ մենք կրակի հետ ենք խաղում, երբ բոյկոտում ենք 100-ամյակի հայտարարությունը: Կարող է, չէ՞, մի թուրք վերլուծաբան մատնացույց անել ՀՀ ԱԺ պատկերն ու ողջ աշխարհին պատմել, թե ինչպես են Հայաստանի «առողջ» ուժերը պայքարում «ցեղասպանության միֆի» դեմ:
Թող ոչ մեկին չթվա, որ անցյալ կիրակի Հռոմի պապը լավ տրամադրությամբ էր արթնացել ու որոշեց ասել, որ 1915թ. հայերի հետ պատահածը Ցեղասպանություն էր: Հսկայական աշխատանք է նախորդել այս ամենին, հսկայական բան է փոխվել աշխարհում: Հակառակ պարագայում ողջ կաթոլիկ աշխարհի եկեղեցապետը չէր կարող իրեն թույլ տալ նման թուղթ ընթերցել: Ի՞նչ է ստացվում` Վատիկանը կարող է ողջ կաթոլիկ աշխարհի միահամուռ կարծիք ձեւավորել, իսկ ՀՀ ԱԺ-ն չի՞ կարող հայ ժողովրդի ձայնը հնչեցնել, որպես սատարում այդ ամենի:
Ասենք նաեւ, որ այդ բոյկոտով ՀԱԿ-ը կհասնի այն բանին, որ 100-ամյակը, պատկերավոր ասած, լինի նաեւ առանց ՀԱԿ-ի, ինչպես որ, թվում է, լինելու է առանց Հիմնադիր խորհրդարանի: