ՃՈ-ն հիմա էլ «աչք է փակում», որ վարորդները խախտում անեն ու տուգանվեն

ՃՈ-ն հիմա էլ «աչք է փակում», որ վարորդները խախտում անեն ու տուգանվեն

Մեր Ճանապարհային ոստիկանությունն այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել՝ երթեւեկությո՞ւնը կարգավորի, թե՞ վարորդներին տուգանի: Բայց, ինչպես տեսնում ենք, նրանց մոտ դեռեւս ավելի լավ վարորդներին տուգանելն է ստացվում: Այդքան տեսախցիկ ու արագաչափ շարեցին քաղաքի ամեն մի սանտիմետրի վրա, որ իբրեւ թե երթեւեկությունը հսկեն, վարորդներին ստիպեն խախտումներ չանել, բայց, ապարդյուն. խախտումները, միեւնույն է, արվում են, տուգանքները, հուրախություն ոմանց, գալիս:



Հյուսիսային պողոտային հարող Տերյան փողոցի Թումանյան-Պուշկին հատվածում արդեն մեկ ամիս է, ինչ ՃՈ-ն կանգառն արգելող նշաններ է տեղադրել, այն էլ՝ մեկի փոխարեն մի քանիսը, նույնիսկ էվակուատորով մեքենան հարկադիր տեղափոխելու մասին զգուշացնող նշան կա, բայց վարորդները շարունակում են փողոցի ողջ երկայնքով կայանել, նույնիսկ վարձույթով տրամադրվող մեքենա է ամեն օր կանգնում այնտեղ՝ հենց արգելող նշանի տակ, քանի որ անցյալում այդտեղ կանգառը թույլատրված է եղել: Եվ որեւէ ՃՈ տեսուչ չի փորձում մարդկանց զգուշացնել, նոր նշանի մասին ահազանգել: Ինչո՞ւ՝ որովհետեւ խնդիրը ոչ թե ճանապարհային երթեւեկության նշաններին հետեւել պարտադրելն է, այլ միլիոնավոր դրամների տուգանքներ գանձելը: Ընդ որում՝ ուշագրավ է այն, որ այդ հատվածում նաեւ «կարմիր գծեր» կան, այսինքն՝ կանգառն արգելող նշանի ներքո կարմիր գծերով կայանատեղի է նախատեսված:



Երեկ մեր տեսախցիկը ֆիքսեց այստեղ կայանած տասնյակ մեքենաներ, սակայն մոտ մեկ ժամ այդ տարածքում շրջելով՝ որեւէ ՃՈ տեսուչի չհանդիպեցինք, որ հարցնեինք՝ ինչո՞ւ են կայանելու արգելք դրել եւ հետամուտ չեն այդ նշանի գործածությանը, մի՞թե նպատակը միայն մարդկանցից փող կորզելն է: Իսկ խաչմերուկում տեղադրված շարժական տեսախցիկը երկայնքով ֆիքսում է խախտումները: Երբ այս հարցի կապակցությամբ զանգահարեցինք ՃՈ, այնպիսի տպավորություն էր, որ կարծես թե բանից անտեղյակ են, ու իրենց համար նորություն էր, որ մայրաքաղաքի կենտրոնում տասնյակ մեքենաներ են կայանում արգելող նշանի տակ: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում հակված էր կատարվածը բացատրել նրանով, որ վարորդները «թքած ունեն» օրենքների վրա, եւ, ըստ նրա, մենք այսօր մեծ խնդիր ունենք երթեւեկության կանոնների պահպանման մշակույթի հետ կապված:



«Հյուսիսային պողոտայում էսպիսի խնդիր կա. նշանները տեղադրված են, կանգնում են եւ պատժվում են միանշանակ՝ ով ուզում է լինի, ինչ մեքենա ուզում է լինի, եթե դա ընկավ տեսախցիկի տեսադաշտի մեջ»,-ասաց նա՝ նշելով «կարմիր գծերի» հետ կապված այն խնդիրը, որ նախկինում դրանք եղել են, հիմա չկան, ու, որպեսզի դրանց չլինելը երեւա, եկել, կարմիր գծերը ներկել են համապատասխան ներկով: Բայց այդ ներկը հետո մաշվել է, ու կարմիրն ինչ-որ չափով տեսանելի է, վարորդներն էլ մտածում են, թե կայանատեղի է, գալիս-կանգնում են: Մենք եւս ֆիքսեցինք երեւացող կարմիր գծերը: Խաչատրյանն ասաց, որ դրա համար մի շարք վարորդների տուգանել են, հետո որոշում են կայացրել հօգուտ վարորդների, որոնց մի մասի տուգանքները ներվել են:



Նա ասաց, որ երկրորդ տեսախցիկն էլ շուտով կտեղադրեն, ու խնդիրը կկարգավորվի, որովհետեւ ամեն անգամ երթեւեկության կազմակերպման ձեւ են փոխում, եւ ամեն անգամ նոր խնդիր է առաջանում: Վարորդներն էլ հենց դրանից են դժգոհում, որ նշաններն ամեն օր փոխվում են, եւ նրանք, ովքեր ամեն օր նույն ճանապարհով են երթեւեկում ու անգիր գիտեն, թե որտեղ ինչ նշան կա, հանկարծ մի օր կարող են անցնել ու նկատել կամ տուգանվելուց հետո ֆիքսել, որ նոր նշան է հայտնվել: ՃՈ պետի տեղակալը դա բացատրում է դինամիկ զարգացման օրինաչափությամբ՝ պնդելով, որ բոլոր վարորդները պարտավոր են, անկախ ամեն ինչից, շատ ուշադիր եւ զգոն լինել մեքենա վարելիս ու հետեւել նշանների առկայությանը: Նա նույնիսկ մեղադրեց վարորդներին, որոնց հաճախ թվում է, թե ղեկին նստել են ռելաքս լինելու համար, մինչդեռ պետք է առավել քան ուշադիր լինեն այդ ժամանակ: Խաչատրյանն ասաց նաեւ, որ ամեն անգամ, երբ որեւէ տեղ նոր նշան է հայտնվում կամ փոխվում, իրենք կայքերով եւ հեռուստատեսությամբ իրազեկում են այդ մասին: Իսկ Տերյան փողոցի այդ հատվածի կանգառն արգելող նշանների մասին իրազեկում եղե՞լ է: Պարոն Խաչատրյանն ասաց. «Հա, պիտի որ եղած լինի»: Իսկ իրենք տվյալներ ունե՞ն, թե այդ նշանները հայտնվելու այս մեկ ամսվա ընթացքում քանի վարորդ է տուգանվել սխալ կայանելու համար: Արմեն Խաչատրյանն ասաց, որ նման տվյալներ չունեն, քանի որ տարածքային առումով վերլուծություն չեն կատարում:



Մեր զրույցի պահին ՃՈ պետի տեղակալը հաճախակի ընդհատում էր զրույցն ու դիմում իր գործընկերներին՝ ճշտելու, թե տեսախցիկ ունե՞ն այդ տարածքում, ի՞նչ վիճակ է, այդ ի՞նչ մեքենաներ են կայանում եւ այլն: Նրանք էլ իրենց կողմից էին փորձում ճշտել մեր բարձրացրած հարցերի իսկությունն ու պատասխանները: Այսինքն՝ զգացվում էր, որ ՃՈ-ում առանձնապես չեն էլ հետեւում, թե մայրաքաղաքի կենտրոնի ամենաբանուկ հատվածում ինչ է տեղի ունենում, ինչ խախտումներ են լինում, ով է դրա պատասխանատուն, ու ինչի հետեւանք է դա: Ի վերջո, Ճանապարհային ոստիկանության գործառույթը վարորդներին օգնելն ու երթեւեկության կարգուկանոնն ապահովելն է, ոչ թե, մի երկու թանկ մեքենա տուգանային հրապարակ ցուցադրական տանելով, հասարակության աչքին շոու անելն ու մի չնչին խախտման համար հասարակ քաղաքացիներին հազարներով տուգանելը կամ էլ, խախտումը կանխելու փոխարեն, դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծելը, որ խախտեն, հետո բռնեն տուգանեն:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ