ԵԽԽՎ ղեկավարը Հայաստան էր եկել՝ համոզելու

ԵԽԽՎ ղեկավարը Հայաստան էր եկել՝ համոզելու

ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասորը տարածաշրջանային այցով երկու օր է՝ գտնվում է Հայաստանում: Մինչ այդ նա եղել է նաեւ Թուրքիայում, չի բացառվում, որ հաջորդ այցը լինի Ադրբեջան: Նա իր խիտ գրաֆիկի պայմաններում հասցրել է նաեւ ճեպազրույց տալ խորհրդարանում, սակայն դա ավելի շատ մենախոսության էր նման, քան ճեպազրույցի, քանզի որեւէ հարցի նա չի պատասխանել: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նա չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, ինչն անմիջապես հայտնվեց մամուլում: Մինչ ճեպազրույցը, սակայն, Անն Բրասերն Ազգային ժողովում մոտ 2.5 ժամանոց հանդիպում է ունեցել խորհրդարանական 6 ուժերի ներկայացուցիչների եւ ԵԽԽՎ հայ պատվիրակների հետ: Ինչպես հասկացանք մեր պատգամավորների մեկնաբանություններից, հանդիպումն անցել է բավականին սուր հարցադրումների պայմաններում, եւ կարծես թե ԵԽԽՎ ղեկավարի պատասխանները նրանց այնքան էլ չեն գոհացրել, դրանք ավելի շատ խուսափողական-դիվանագիտական են եղել:



«Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը, ով եւս մասնակից է եղել այդ հանդիպմանը, մեզ հետ զրույցում ասաց, որ քննարկվել են մի շարք հարցեր Հայաստանին, հայ-թուրքական հարաբերություններին ու ղարաբաղյան հակամարտությանն առնչվող, ինչպես նաեւ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է մեր ներքին իրավիճակն ու Պերմյակովին Հայաստանում դատելու վերաբերյալ խնդիրը: Բրասորը, սակայն, ըստ պատգամավորի, եկել է ավելի շատ համոզելու, որ հայկական պատվիրակությունը եւս մասնակցի ԵԽԽՎ բրիտանացի պատվիրակի պատրաստած զեկույցի մշակման աշխատանքներին ղարաբաղաադրբեջանական հակամարտության թեմայով: Խոսքը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրով զեկույցի մասին է, որի մշակմանը հրաժարվում են մասնակցել մեր պատգամավորները՝ ելնելով զեկույցի սխալ եւ ոչ նպաստավոր վերնագրից:



«Այնուամենայնիվ, մենք դեմ արտահայտվեցինք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի մոտեցմանը, որ Հայաստանում որեւէ մեկը չի պատրաստվում աշխատել այդ զեկույցի վրա, մինչեւ որ անվանումը չփոխվի, եւ դա հավասար ու արդար մոտեցում չէ»,-ասաց նա՝ նշելով, որ հանդիպմանը մասնակից բոլոր պատգամավորներն էլ իրենց փաստարկներն ու օրինակներն են բերել՝ պնդելով իրենց տեսակետն ու հակադրվելով զեկույցի վերնագրին եւ դրա պատրաստման աշխատանքներին մասնակցելու առաջարկին:
«Ես՝ ինքս, Թուրքիայի վերաբերյալ ազդակներին կամ իր կողմից ներկայացված մոտեցման արգումենտներն եմ ներկայացրել սխալների, նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին: Այսինքն՝ դա եղել է այն, որ եթե եկել եք այստեղ, չի նշանակում, որ մեզ վրա կարող եք մատ թափ տալ կամ ինչ-որ բան ասել, մենք մեր խնդիրներն ունենք, մենք էլ ձեզ խորհուրդներ կարող ենք տալ եւ այդ խորհուրդները տվել ենք»,-ասաց Թեւան Պողոսյանը՝ ընդգծելով, որ առնվազն Ղարաբաղի եւ Թուրքիայի վերաբերյալ բարձրացված հարցերի մասով թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերի մեր պատգամավորներից բոլորն էլ համակարծիք են եղել եւ միասնական:



Պողոսյանը ԵԽԽՎ նախագահին հասկացրել է, որ ինքն իրականում տեղյակ չէ կոնկրետ փաստերից ու իրողություններից, եւ Թուրքիայում ուղղակի ապակողմնորոշել են նրան: Մասնավորապես՝ պարոն Պողոսյանը, անդրադառնալով Բրասերի այն դիտարկմանը, թե թուրքական կողմը պատրաստ է բացել արխիվները, իսկ հայկական կողմը՝ ոչ, սահմանների բացման հարցում էլ Հայաստանն իբրեւ թե նախապայմաններ է դնում Թուրքիայի առաջ, նախ հարց է տվել տիկին Բրասերին. «Կարո՞ղ եք որեւէ մի հայկական նախապայման ասել, որը Դուք գիտեք, որ մենք բարձրացրել ենք որեւէ դիվանագիտական հարաբերություն հաստատելու եւ սահմաններ բացելու համար: Ասաց՝ նույնը Թուրքիայում են ասում: Ասացինք՝ դե գոնե ասեք ինչ են ասում: Ասաց, թե իրենք արխիվները բացել են, լավ կլինի, որ մենք էլ բացենք: Ես էլ իրեն տեղեկացրի, որ Թուրքիայում կան տարբեր դասակարգման արխիվներ՝ A, B, C… իրենք բացել են ամենափոքր դասակարգման ենթարկվող արխիվը, բայց այն ամենակարեւոր, հույժ գաղտնի փաստաթղթերը չեն բացում: Ես ասացի՝ կներեք, եթե Դուք չեք տիրապետում այդ տեղեկությանը, Ձեզ կարելի է հեշտ մանիպուլյացիայի ենթարկել, իսկ Հայաստանն իր արխիվները երբեւէ փակ չի պահել, նույնիսկ օրինակ բերեցի, որ այստեղ մի քանի տարի առաջ Թուրքիայից գիտնականներ էին եկել եւ աշխատել են մեզ հետ»:



Նշենք, որ հնարավոր է այդ «չարաբաստիկ» զեկույցի հեղինակ, բրիտանացի Ռոբերտ Ուոլտերը սույն զեկույցի մշակման շրջանակներում այցելի Հայաստան եւ Ադրբեջան, բայց ոչ՝ Ղարաբաղ, ինչն այս հարցում շատ ավելի կարեւոր է: Պողոսյանն ասաց, որ Ղարաբաղ գնալու հետ կապված նախ պետք է վիզա տրամադրվի իրեն, իսկ Հայաստան, եթե ուզում է, թող այցելի, սակայն հայ պատվիրակները նրա հետ չեն համագործակցի այդ զեկույցի մշակման շրջանակներում:



Անն Բրասորի օրակարգում, բացի խորհրդարանականների ու ԱԺ նախագահի հետ հանդիպումից, նախատեսված էր հանդիպում նաեւ ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ