Ահա թե ինչու Պուտինը կգա Հայաստան

Ահա թե ինչու Պուտինը կգա Հայաստան

Որքան էլ ասենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, միեւնույն է, բոլոր գիտություններով էլ ապացուցվել է, որ ոչինչ չի կարող կրկնվել նույնությամբ: Եվ, առհասարակ, բնության մեջ ոչ մի առարկա, կենդանի օրգանիզմ կամ երեւույթ նույնությամբ նման չէ միեւնույն տեսակի առարկայի, կենդանի օրգանիզմի կամ երեւույթի: Կարճ` հարյուր տոկոսանոց նմանություն գոյություն չունի Փոխարենը շատ ավելի ճշգրիտ է «նույն ջուրը երկու անգամ չես մտնի» արտահայտությունը: Դրա մեջ շատ խորը իմաստ կա, իսկ եթե ջուրը նաեւ հոսող է, ամեն ինչ պարզ է արդեն էս գլխից:



Մենք շատ կցանկանայինք ունենալ մեր այն վերլուծաբանների մտքի ճկունությունը, ովքեր այս օրերին, երբ Պուտինի Հայաստան գալ-չգալու հարցն էին քննարկում, փոխանակ պատասխանելու` կգա Հայաստա՞ն, թե՞ կգնա Թուրքիա, ամենագետի պես արձանագրում էին, որ այս օրերին «տեղի է ունենում մոտավորապես այն, ինչ 1920-ականներին, երբ Մոսկվան ծնկի էր եկել Անկարայի առաջ՝ բավարարելով նրա բոլոր պահանջները եւ կնքելով Մոսկվայի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանը բաժանվեց Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ»:



Հետաքրքիր է, չէ՞, իմանալ, թե այդ ինչի՞ց է երեւում, որ տեղի է ունենում հենց այն, ինչ եղավ 1920 թվականին: Մեզ համար պարզ չէ, օրինակ, թե այդ ինչ է պատահել, որ միջուկային գերտերություն հանդիսացող Ռուսաստանը հանկարծ ծնկի է եկել Անկարայի առաջ այնպես, ինչպես տրեխավոր մուժիկների Ռուսաստանը` 1920-ին:



Գրում են, թե Թուրքիան եւ Ռուսաստանը, քանի որ երկուսն էլ շրջափակման մեջ են, փորձում են միասին դուրս գալ միջազգային ասպարեզ: Սա նույնպես ճկուն մտքի արգասիք է: Այս մտքից ուզում են դարձյալ հետեւեցնել, թե Ռուսաստանն այնքան ծանր դրության մեջ է, որ Թուրքիային իր կողմը գրավելու եւ գործարքը կայացնելու համար, պատրաստ է իր վասալի` Հայաստանի շահերի հաշվին առեւտուր անել Թուրքիայի հետ, այսինքն` կրկնել 1920 թվականը: Բայց մի հարց տանք` հիմա՞ ինչն են բաժանելու իրար մեջ, երբ միմյանց զիջելու տարածք չկա:



Այս հարցի պատասխանն էլ ունեն մեր ընդդիմախոսները: Նրանք ռուսական մամուլի ինչ-ինչ հրապարակումներում կարդացել են, որ Ռուսաստանը, քանի որ տարածք այլեւս չկա, իբր, Թուրքիային համոզում է, որ կկարողանա թուլացնել Հայոց ցեղասպանության հետ կապված համաշխարհային ճնշումներն Անկարայի վրա: Ապշել կարելի է ուղղակի, թե որքան ճկուն է այս ամենը: Բայց այդ ճկուն մտքի գիգանտներից ո՞վ կարող է բացատրել, թե այդ ինչպե՞ս պետք է Ռուսաստանը փակի Ցեղասպանության ճանաչման գործընթացի առաջը: Դիցուք` կկարողանա՞ Հռոմի պապին համոզել հետ կանգնել իր խոսքերից: Իսկ գուցե Մոսկվան կկարողանա ազդել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Ուրուգվայի, Գերմանիայի, Արգենտինայի եւ բազմաթիվ այլ երկրների խորհրդարանների վրա՞, ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ բազմաթիվ այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կարծիքի վրա՞: Չէ՞ որ այս հարցում Կրեմլն ամենաշատը կկարողանա ոտնահարել Պետդումայի Ցեղասպանության ճանաչման փաստը, ուրիշ ոչինչ: Արժե՞ դրա համար բոբիկանալ ու Անկարայի առաջ ծնկի գալ:



Մեր կարծիքով, Ռուսաստանը լավ է հասկանում, թե որն է իր շրջափակման բուն պատճառն այսօր, որը բոլորովին կապ չունի 1920 թվականի իրավիճակների հետ: Պուտինը հրաշալի գիտի, որ Էրդողանն աստված էլ դառնա, չի կարող ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին մարսեցնել Ղրիմն ու Դոնբասը: Հետեւաբար, հաշվարկի հարց է` արժե՞ Թուրքիային գազ ծախելու համար ծնկի գալ Անկարայի առաջ` գրգռելով մնացած աշխարհը:



Ապրիլի 24-ին Պուտինը կգա Հայաստան: Նա այլ տեղ չունի գնալու: Անկարայում ներկայացված կլինի Մեծ Բրիտանիան իր ողջ շուքով` սկսած թագուհու ընտանիքից, վերջացրած կառավարության առաջին դեմքերով ու անգլիական նախկին գաղութների` մինչեւ Ավստրալիա, ղեկավարներով: Պուտինն այնտեղ անելիք չունի: Մոսկվայի համար պարզ է, որ Թուրքիայի վրա հայկական ճնշումն այս պահին գալիս է Արեւմուտքից, եւ Թուրքիան ավելի շատ մտահոգ է Արեւմուտքի հետ հարցերը կարգավորելու, քան Պուտինին Ստամբուլ տանելու եւ Հայաստանին ինչ-որ բան ցույց տալու խնդրով:



Հասկանալի պատճառներով, հենց Արեւմուտքն է Թուրքիայի առաջ հարց դրել` բեկում մտցնել հայ-թուրքական հարաբերություններում, բացել սահմանը, ընդհուպ ներողություն խնդրել եւ քայլեր ձեռնարկել Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ քննարկումներ սկսելու համար: Սա Հայաստանին իր կողմը գրավելու Արեւմուտքի մի լայնածավալ գործողություն է, որը հայտնի չէ, թե ինչով կվերջանա: Թուրքիան ունի՞ այնքան կարողություն, որ դիմակայի այդ ճնշմանը, եւ, արդյոք, ավելի չի՞ մեկուսանա աշխարհից` Ռուսաստանի հետ սեպարատ պայմանավորվածություններ ունենալու դեպքում:



Այլ իրավիճակներում Ռուսաստանը կգտներ Թուրքիայի եւ իր ռազմավարական գործընկեր Հայաստանի միջեւ հավասարության նշան դնելու տարբերակը: Բայց հիմա, երբ Մոսկվան ստիպված է ընտրություն կատարել ոչ թե Երեւանի եւ Ստամբուլի, այլ Երեւանի եւ Գյումրիի միջեւ, ապա, կարծում ենք, ընտրությունը բոլոր դեպքերում Պուտինին կբերի Հայաստան:



Նայենք օրացույցին: Իսկ օրացույցին ոչ թե 1920 թվականն է, այլ 2015-ը: