Եվրոպան կանգնեց Պապի կողքին

Եվրոպան կանգնեց Պապի կողքին

Երեկ Եվրոպայի խորհրդարանում քննարկվեց եւ քվեարկվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի վերաբերյալ բանաձեւ: Բանաձեւի վերջնական տեքստը եւ քվեարկության պատկերը կհրապարակվեն այսօր, բայց երեկ հասանելի նախագծում արդեն խիստ ուշագրավ մի դրվագ կար: Բանաձեւով Թուրքիային կոչ է արվում «ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դրանով ճանապարհ հարթել թուրք եւ հայ ժողովուրդների իրական հաշտեցման համար»: Եթե 2009-ին Ցյուրիխում աշխարհը հայերին եւ թուրքերին կոչ էր անում առանց նախապայմանների հաշտության գործընթաց սկսել, ապա այժմ ոչ թե Հայաստանը, այլ աշխարհն է Թուրքիային մատնացույց անում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղիով դեպի հաշտության գնալու նախապայմանը: Ահա թե Անկարայի համար ինչ հետեւանք ունեցավ, Ալիեւի կամակորություններին տուրք տալով, ցյուրիխյան արձանագրությունները չվավերացնելը: Բայց դա դեռ նախագահ Էրդողանի կես դժբախտությունն էր, որին ինքը հրաշալի տեղյակ էր եւ անճարակությունից երեկ, Ղազախստան մեկնելուց առաջ, օդանավակայանում լրագրողներին հայտարարել էր, թե ԵԽ բանաձեւն իր «մի ականջից կմտնի, մյուսից դուրս կգա», այսինքն՝ ինքը դա անտեսելու է: Էրդողանն ի՞նչ իմանար, որ կատարյալ դժբախտությունը դեռ առջեւում է: Նրանից հետո, երբ ապրիլի 14-ին Էրդողանը հիմարություն ունեցավ հայտարարելու, թե «Պապը սխալվել է՝ Հայոց ցեղասպանություն ասելով, նախազգուշացնում եմ, որ երկրորդ անգամ չսխալվի», բանաձեւի նախագծում երեկ լրացում է առաջարկվել եւ ընդունվել, որով Եվրոպայի խորհրդարանը 28 անդամ երկրների անունից գովել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի ապրիլի 12-ի հայտարարությունը: Այս ապտակին Էրդողանը դժվար թե սպասեր, եւ շատ հետաքրքիր է, թե հիմա ում եւ որտեղից է ետ կանչելու:



Լուսինե Պետրոսյան