Կառավարությունն ավելի պրոֆեսիոնալ օրենք գրող է, քան Ազգային ժողովը

Կառավարությունն ավելի պրոֆեսիոնալ օրենք գրող է, քան Ազգային ժողովը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին փոխանցեցինք պատգամավորների այն մտահոգությունը, որ Ազգային ժողովում ավելի շատ քննարկվում եւ ընդունվում են կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, քան պատգամավորների, արդյունքում ստացվում է, որ օրենսդիր մարմնում օրենք չեն գրում: Օրերս այդ մասին բարձրաձայնել էր նաեւ անկախ պատգամավոր, իրավաբան Էդմոն Մարուքյանը:



Գալուստ Սահակյանը, սակայն, տվեց բավականին հետաքրքիր պատասխան՝ օրենք գրելու հարցում առավելություն տալով գործադիր մարմնին:
«Ասեմ հետեւյալը. նախ կառավարությանն է լիազորություններ տված, հետո նաեւ պատգամավորին: Ըստ էության, պետության քաղաքականությունն այդ առումով վարում է կառավարությունը, եւ, բնականաբար, կառավարության օրենքները նպաստում են կառավարության աշխատանքին: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորներին, աշխատում ենք, որ լինի, բայց եկեք տեսեք, որ պատգամավորների հիմնական առաջարկությունը, եւ դա էլ պիտի լինի, օրենքի մի փոքրիկ փոփոխությունների մասին է»,-ասաց նա ու փորձեց բացատրել, թե ինչ է նշանակում իր ասածը. «Այսինքն՝ այն ծավալները, որ կառավարությունն իրագործում է իր քաղաքականությունն իրագործելու համար, դա չի կարելի համադրել մեկ պատգամավորի: Այն էլ ասեմ հետեւյալը, որ մեծամասամբ պատգամավորների մոտ առաջացել է մի կարծիք, որ իրենք օրենքներ գրողներ են: Օրենք գրելը դա պրոֆեսիա է, պատգամավորը պիտի նպաստի օրենքների քաղաքականությունը մշակելուն եւ իր մասնակցությամբ ձեւավորի այն քաղաքականությունը, որն իր տրամաբանության շրջանակներում է»:



Այսինքն՝ կառավարության մշակած օրենքներն ավելի՞ պրոֆեսիոնալ են, ԱԺ նախագահն ասաց. «Կառավարության գրած օրենքներն ավելի պրոֆեսիոնալ կլինեն, որովհետեւ կառավարությունը հատուկ կառույցներ ունի օրենսդրական աշխատանքի, իսկ պատգամավորը, եթե մտածում եք՝ օրենքներ պիտի գրի, ինչպես մեծ պետություններում է, ուրեմն չորս, հինգ, վեց օգնականներ պիտի ունենա, այսինքն՝ աշխատանքային գործիքների խնդիր է»: Մեզ մնում է պարզել, թե ինչու ենք պահում 131 անձից կազմված մի մարմին, որը շատ թանկ է նստում հարկատուների վրա, բայց իր բուն գործառույթին չի ծառայում: