Սկզբունքը Աբովյանի ընտրություններին մասնակցելն է

Սկզբունքը Աբովյանի ընտրություններին մասնակցելն է

ՀՀԿ-ն երեկ իր Գործադիր մարմնի նիստում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, մասնավորապես՝ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիա կատարած այցին, Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին, քննարկվել են նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Նիստում նաեւ անդրադարձ է եղել հանրապետական նշանակության հարցերին: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Մասնավորապես՝ Գործադիր մարմինը քննարկեց ՀՀԿ-ի մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին ինչպես ավագանու, այնպես էլ համայնքապետերի մակարդակով»,-ասաց նա:



Մեր հարցին, թե Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն ինչպես է մասնակցելու, թեկնածու առաջադրելո՞ւ է կամ որեւէ մեկին սատարելո՞ւ է, Աշոտյանն ասաց. «Որեւէ անվանական հարց այս ընթացքում չի քննարկվել, քննարկվել են սկզբունքներ, իսկ սկզբունքը հետեւյալն է՝ ՀՀԿ-ն առավելագույնս մասնակցում է բոլոր այն ընտրություններին, որտեղ իր թեկնածուներն ունեն հաղթելու հնարավորություն, իսկ Հանրապետական կուսակցության տեղական կառույցները կարող են օգտակար լինել տվյալ համայնքի ազգաբնակչությանը: Ինչպես գիտեք, մեր վիճակագրությունն այնպիսին է, որ դա՝ իմ ասած բանաձեւը, աշխատում է Հայաստանի Հանրապետության համայնքների մոտավորապես 2/3-ում: Գալիք ընտրությունները հունիս ամսին են, եւ մինչ այդ մենք, բնականաբար, ավելի կկոնկրետացնենք այն ձեւաչափը, որով կմասնակցենք այդ ընտրություններին»: