Անն Բրասերը գեղեցիկ ամփոփեց իր տարածաշրջանային այցը

Անն Բրասերը գեղեցիկ ամփոփեց իր տարածաշրջանային այցը

«Հրապարակ»-ը երեկվա համարում գրել էր. «Վերջին շրջանում «կրեատիվությամբ» աչքի ընկնող ԱԺ-ն եվրոպական ամենամեծ կառույցներից մեկի՝ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին Եղեռնի հուշարձան՝ զոհերի հիշատակը հարգելու է ուղարկել «միայնակ»՝ առանց որեւէ լրատվամիջոցի, վերջինիս չի «ուղեկցել», հարգանքի տուրքը չի արձանագրել անգամ ԱԺ լրատվականը, եւ դա՝ վատիկանյան պատարագի, Թուրքիայի հիստերիայի, նույն օրվա մեջ մի քանի երկրների պառլամենտների կողմից Ցեղասպանության ճանաչման եւ բանաձեւերի ընդունման ֆոնին»:



Հիմա մեզ հետաքրքիր է, թե այս ամոթալի վիճակի կապակցությամբ ինչ են մտածում ՀՀ երկրորդ դեմքից մինչեւ տասներորդականներն ու հարյուրերորդականները, ովքեր իրենց դիրքի ու պաշտոնի համեմատ պատասխանատու են Հայոց ցեղասպանության 100-ամյակն առանց «միջադեպերի» դիմավորելու եւ ճանապարհելու համար:
 Իսկ ՀՀ նախագահը ողջունելով հյուրին՝  կարեւորել է Եվրոպայի խորհրդի հետ մեր երկրի համագործակցությունը եւ նշել, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ, ակտիվ մասնակցություն ունի կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում:



Սերժ Սարգսյանն ընդգծել է ԵԽ կարեւոր եւ ուրույն տեղը Եվրոպայի ընդհանուր ճարտարապետության մեջ, նշելով, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության ոլորտում ԵԽ ստեղծած չափանիշները համընդհանուր ճանաչում ունեն Եվրոպայի սահմաններից դուրս: Հանրապետության նախագահը բնական է համարել, որ այս առումով, որպես շարժիչ ուժ, հանդես է գալիս «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ խոսելով 800 մլն-ից ավելի մարդկանց անունից, եւ ընդգծել է, որ գնալով աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն է՛լ ավելի կարեւորություն է ստանում»:



Ուրիշ ի՞նչ էր պետք ասել, որ մեր պաշտոնյաները ֆայմեին ու ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի այցը Ծիծեռնակաբերդ կազմակերպեին հավուր պատշաճի, այնպես, որ այդ այցը մի կաթիլ ջուր ավելացներ Ցեղասպանության ճանաչման գդալ-գդալ հավաքվող մեր մի բաժակ ջրին:



Ու նաեւ մի միջանկյալ հարց` ինչո՞վ է տարբերվում ՀՀԿ-ն գյուղի կլուբից, երբ կուսակցության նախագահի կարեւորած կառույցի ղեկավարին այսպիսի վերաբերմունքի է արժանացնում: Մի քիչ թող մտածեն, դա իրենց վնաս չէ:
Արմեն Աշոտյանին (ոչ ամենավերջին մարդուն ՀՀԿ-ում) ոչինչ չի խանգարում ճռճռան խոսքեր ասել Եվրախորհրդարանի ապրիլի 15-ի քննարկումների ու ընդունած բանաձեւի մասին: «Եվրախորհրդարանը ցույց տվեց իր հավատարմությունը եվրոպական արժեքներին»,- ասել է կրթության եւ գիտության պարոն նախարարը: Նա հիմա թող բարի լինի եւ բացատրի, թե ինչու իրենց մեջ մեկը չգտնվեց, որ ցույց տա Հայաստանի հավատարմությունն այդ նույն արժեքներին:



Իսկ հիմա նայենք Բրասերի` ծաղկեպսակ մատուցելու լուսանկարին: Ճիշտն ասած` ես գեղագիտական հաճույք եմ ստանում այն նայելով: Եվ պատկերացրեք` այս լուսանկարը չէր ծնվի, եթե տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդում լինեին նաեւ մեզ հոգնեցրած դեմքերը: Եթե լինեին, մենք լուսանկարում տեսնելու էինք նաեւ նրանց անտարբեր պատը` ձեռքերը փորի տակ ագուցած: