Թե ինչպես թալանեցին Սպիտակը

Թե ինչպես թալանեցին Սպիտակը

Սովետի փլուզումից հետո, երբ Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն, եւ իշխանության եկավ ՀՀՇ-ն, ամբողջ հանրապետությունով մեկ թալանի ժամանակաշրջան սկսվեց: Հենց այդ տարիներին էր, որ ՀՀՇ-ի աչքի առաջ եւ նույն ՀՀՇ-ի վկայականի տակ ոմանք թալանեցին խորհրդային ժամանակներից մեզ ժառանգություն մնացած ունեցվածքը: Արդյունքում խառնաշփոթի ու անցումային տարիներին մի մասը կտրուկ հարստացավ, մյուս մասը՝ էլ ավելի աղքատացավ:



Ալան-թալանը հատկապես մոլեգնում էր երկրաշարժի գոտում, որտեղ ամբողջ աշխարհից օգնություն էր գալիս: Այդ օջախներից մեկն էլ երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակ քաղաքն էր, որը մինչեւ երկրաշարժը խոշոր արդյունաբերական քաղաք էր՝ երկրի մասշտաբով մի շարք հայտնի ֆաբրիկաներով, արտադրական եւ ագրարային մշակման ձեռնարկություններով: Սպիտակի շրջանում, նաեւ ողջ երկրով մեկ, բավականին ճանաչված անձ էր Նորիկ Մուրադյանը, ով մինչեւ 1988 թվականը եղել է Սպիտակի կարի արտադրական միավորման ղեկավար, հետագայում՝ 88-ի նոյեմբերից, Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղարը: Նրա նշանակումից մի քանի օր անց էլ տեղի ունեցավ 88-ի աղետալի երկրաշարժը՝ հողին հավասարեցնելով ամբողջ Սպիտակ քաղաքը: Հազարավոր զոհերի ու բնակելի շենքերի ոչնչացման հետ մեկտեղ կործանվեցին նաեւ այն բոլոր արտադրական ձեռնարկությունները, որոնք մեծ թվով մարդկանց քրտինքով էին ստեղծվել: Այդ շրջանում աշխարհի տարբեր երկրներից սկսեց օգնություն գալ Հայաստան, ամեն ինչ արվում էր, որ Սպիտակը նորից շնչի ու արտադրական կյանք ստանա: Մինչեւ սովետի փլուզումն ու Հայաստանի անկախացումը հաջողվեց կրկին ոտքի կանգնեցնել Սպիտակի կարի արտադրամասն ու մի շարք այլ կոմբինատներ, սակայն սկսվում էր զանգվածային թալանի շրջանը: Մուրադյանը, լեզու չգտնելով ՀՀՇ-ական իշխանությունների հետ, 90-ականների սկզբին թողնում հեռանում է Հայաստանից՝ հեռվից հետեւելով, թե ինչպես է ամեն ինչ քանդվում ու թալանվում:



Այսօր Նորիկ Մուրադյանն արդեն թոշակի է անցել, որեւէ պաշտոն չի զբաղեցնում, բայց սրտի ցավով է հիշում կատարվածն ու պատմում՝ հիշատակելով նաեւ այն մարդկանց անունները, ովքեր առանցքային դեր են խաղացել Սպիտակի քանդման գործընթացում: Նրանցից որոշներն այսօր չկան, իսկ կենդանի մնացածներից ոմանք այսօր մեծ ունեցվածքի տեր են ու պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում: Պարոն Մուրադյանը հատկապես նշում է Լոռու այժմյան փոխմարզպետ Վանիկ Ասատրյանի անունը (մականունը՝ Հավ), ով ժամանակին աշխատել է իր մոտ՝ կարի արտադրամասում, իսկ անկախացումից հետո, 94 թվականին, նշանակվել է Սպիտակի կարի արտադրական միավորման ղեկավար: Մինչ այդ Կառլեն Աղումյանն է եղել տնօրենը, ով, տեսնելով նոր-նոր սկսված ալան-թալանը, դիմում է գրել, ազատվել աշխատանքից: Ասատրյանի աշխատելու ընթացքում կարի միավորումից ոչինչ չի մնացել՝ անգամ շինանյութն են քանդել-վաճառել: Մինչդեռ արտադրական միավորման մասնաճյուղեր էին գործում նաեւ հարեւան գյուղերում ու քաղաքներում: Մասնաճյուղերից յոթը Վանիկ Ասատրյանի օրոք քանդվել, փոշիացվել է, միայն 4 գյուղերում՝ Գոգարան, Շիրակամուտ, Կաթնաջուր եւ Արեւաշող, գյուղացիները դիմադրել են ու թույլ չեն տվել իրենց արտադրամասերը քանդել, ու դրանք մինչ օրս մնացել են կանգուն. թեեւ չեն աշխատում, բայց շենքերը կան:



Սակայն Սպիտակի ալան-թալանը միայն կարի ֆաբրիկայով չի սահմանափակվել: Սպիտակը հայտնի էր նաեւ շաքարի գործարանով, որը լիկվիդացվել է հանրապետության պետագրոարդի Հ216ՌՉ 03.04.89թ. որոշմամբ, ինչի դեմ ժամանակին Նորիկ Մուրադյանը նամակներ է հղել Կենտկոմին՝ խնդրելով ոչ թե փակել, այլ վերագործարկել: Շաքարի գործարանի հետ միասին քանդվել ու թալանվել են նաեւ լիմոնաթթվի եւ սննդային արտադրանք տվող խոշոր կոմբինատներ, որոնք եզակի էին տարածաշրջանում: Սպիտակն ունեցել է նաեւ կաթի վերամշակման միանգամից 3 գործարան: 1991-ից հետո, տնօրեն Միշա Խաչիկյանի օրոք, դրանք եւս քանդվել-թալանվել են: Մի պանրի գործարան գործում էր Ջրաշեն գյուղում, մեկ այլ՝ հոլանդական պանրի գործարան էլ՝ Նալբանդ գյուղում: Դրանք եւս թալանվել են ու այսօր չկան: Սպիտակում եղել է նաեւ գինու գործարան, որի թալանից եւս շատերն են հարստացել: Սպիտակը հայտնի էր նաեւ իր վերելակների գործարանով: Այս գործարանի վերացման հարցում էլ Վալերի Պոսոյանն է կարեւոր դերակատարում ունեցել: Հանրապետությունով մեկ հայտնի Սպիտակի թռչնաֆաբրիկան, որն ամենախոշորն էր երկրում, թալանվել ու վերացվել է տնօրեն Պավլիկ Ասատրյանի ժամանակ, ով հետագայում Տավուշի մարզպետի պաշտոնն զբաղեցրեց: Ի դեպ, Պ. Ասատրյանը Վանիկ Ասատրյանի զարմիկն էր:



Այսօր Սպիտակ քաղաքում գրեթե ոչ մի արտադրական ձեռնարկություն չի գործում, ու բնակչությունը գոյատեւում է կա՛մ առեւտրով, կա՛մ արտագնա աշխատանքի հաշվին, եթե, իհարկե, գոյատեւում է: