Ռիգայի գագաթաժողովից ակնկալիքները մեծ են և ուղենիշային

Ռիգայի գագաթաժողովից ակնկալիքները մեծ են և ուղենիշային

Երեկ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ» թեմայով: Քննարկումը վարում էր հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Որպես հիմնական զեկուցող՝ առաջինը ելույթով հանդես եկավ Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան:



Նա խոսեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության որոշման մասին, նշելով, որ դա Հայաստանի ինքնուրույն որոշումն էր, խոսեց նաեւ Արեւելյան գործընկերության անդամ 6 երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին եւ ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել ու զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ:



Քննարկման ընթացքում Հրիսթեայի կողմից խոսվեց, մեր պատգամավորների կողմից էլ կարեւորվեց այն հանգամանքը, որ Եվրամիությունն սկսել է անհատական մոտեցում ցուցաբերել ԱլԳ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում՝ հաշվի առնելով այդ երկրների առանձնահատկությունները, ինտեգրացիոն գործընթացները եւ տարբեր այլ բաղադրիչներ: Օրինակ՝ ԱլԳ անդամ վեց երկրներից երկուսը՝ Հայաստանն ու Բելառուսը, մաս են կազմում ԵՏՄ-ին, ինչը Եվրամիությունը, ինչպես հասկացանք, հանձնառու է զարգացնել հետագա հարաբերությունները՝ հաշվի առնելով այդ ամենն ու հետագա համագործակցությունը ծավալել արդեն իսկ ստեղծված իրողության պայմաններում, այնպես, որ հակասության մեջ չդրվեն միմյանց շահերն ու տվյալ երկրների ինտեգրացիոն գործընթացներն այլ միությունների հետ: Այս մասին շեշտադրում արեց նաեւ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը, որ ԵՏՄ-ին անդամակցության փաստն արդեն առկա է, եւ պետք է հետագա հարաբերությունները շարունակել՝ այդ փաստը հաշվի առնելով, միաժամանակ նշելով, որ Հայաստանն ակնկալում է Եվրամիության ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում:



Ակնկալվում է, որ Ռիգայի գագաթնաժողովը կարծես համագործակցության նոր փուլի մեկնարկ կազդարարի, սակայն ակնկալիք չկա, թե Ռիգայում որեւէ փաստաթուղթ կստորագրվի, պարզապես նախադրյալներ կստեղծվեն նոր փաստաթղթի ձեւավորման համար: Այդ փաստաթուղթը, ճիշտ է, չի լինի ասոցացման համաձայնագիր, սակայն հատկանշական է, որ, բացի քաղաքական բաղադրիչից, այն կունենա նաեւ տնտեսական մաս, ինչը նշանակում է, որ Եվրոպան պատրաստ է Հայաստանի հետ խորացնել հարաբերությունները նաեւ առեւտրատնտեսական հարթությունում՝ անկախ ԵՏՄ-ին անդամակցության փաստից: Այս մասին եւս խոսեց Տրայան Հրիսթեան: Նա նաեւ նշեց, որ ԵՄ-ն Հայաստանի իշխանությունների հետ արդեն ի մի է բերել այն ուղղությունները, որտեղ Հայաստանը եւ ԵՄ-ն կարող են շարունակել համագործակցությունը եւ խորացնել այն, եւ, այս առումով, իրենք մանդատ են նախատեսում Հայաստանի համար, որով Հայաստանին հնարավորություն կընձեռվի զբաղվել ԵՄ-ի հետ համագործակցության նոր հիմքերը կյանքի կոչելու գործով:



«Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը հույս ունի, որ Ռիգայից բոլորը կվերադառնան՝ իրականում ձեռքում ունենալով գործնական ծրագրեր: ՕԵԿ-ից Մհեր Շահգելդյանն էլ նկատեց, որ մանդատը հասկանալի է, սակայն ապագան ու տեսլականն անորոշ են, իրականում: Հրիսթեան անդրադարձավ նաեւ Եվրոպական հանձնաժողովի մարտի 25-ի զեկույցին, որում ներկայացվում է 2014 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ԵՄ-Հայաստան Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված առաջընթացը: Հրիսթեան այստեղ հատկապես նկատեց. զեկույցում նշված է, որ Հայաստանը սահմանափակ առաջընթաց է արձանագրել խորը եւ կայուն ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եւ մի շարք այլ ոլորտներում: ԵՄ դեսպանը նշեց, որ Հայաստանում պետք է հստակ գիտակցեն, թե ինչի համար է Եվրամիությունը փող տրամադրում եւ դրա դիմաց ինչպիսի ակնկալիքներ ունի, որոնք պետք է Հայաստանն արդարացնի: Քննարկմանը մասնակցում էր նաեւ ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը, ում էլ լսումների ավարտին մի քանի հարց ուղղեցինք այս թեմայի շուրջ:



- Պարո՛ն Նազարյան, այն մանդատը, որի մասին խոսեց Տրայան Հրիսթեան, ի՞նչ է իրենից ներկայացնում հատկապես իրավական կոնտուրների առումով:



- Ուրեմն, մտքերի փոխանակման արդյունքում ուրվագծվել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա ընթացքը: Դրանից հետո Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայությունը եվրոպական հանձնաժողովի հետ մեկտեղ պետք է 28 անդամ պետություններին ներկայացնի բանակցային ուղենիշ կամ մանդատ, նրանց կողմից հավանություն ստանալու պարագայում Եվրամիության խորհուրդը պետք է հաստատի այն:



- Ինչպես հասկացանք՝ Ռիգայի գագաթնաժողովը, ըստ էության, ուղենիշային կլինի հետագա հարաբերությունների խորացման հարցում:



- Անշուշտ, մեր ակնկալիքն է, որ ապագա գագաթնաժողովի ընթացքում արձանագրվեն համապատասխան դրույթներ՝ կապված Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետ, սակայն դժվար է այս պահին անել կանխատեսումներ, մենք դեռ չենք տեսել փաստաթուղթը, բայց, ինչպես ես նշեցի իմ խոսքում, կա քաղաքական կամք՝ ընդլայնելու քաղաքական հարաբերությունները Եվրամիության հետ, ինչպես նաեւ հաստատել խորը եւ համապարփակ առեւտրատնտեսական համագործակցություն: Առհասարակ, պետք է շարունակել բոլոր ոլորտներում համագործակցությունը, որոնք որ համահունչ են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանձնած մեր պարտավորություններին:



- Այսինքն՝ տնտեսական բաղադրիչը չի՞ բացառվում ապագա փաստաթղթում:



- Իհարկե ոչ: Խոսքն ինչպես քաղաքական երկխոսության, արդարադատության, անվտանգության ոլորտային համագործակցության, այնպես էլ առեւտրատնտեսական բաղադրիչի շուրջ է:



- ԵՏՄ-ին մեր անդամակցումն ու ԵՏՄ կառույցը, առհասարակ, շարունակում են քննադատվել, որ այդ միությունից դրական արդյունքներ եւ օգտակար որեւէ բան դեռեւս չենք տեսնում: Ըստ Ձեզ՝ ԵՏՄ-ին անդամակցումը, այդուհանդերձ, հաջողվա՞ծ քայլ էր Հայաստանի կողմից:



- Գիտե՞ք, ԵՏՄ-ին անդամակցումից առաջ շատ է խոսվել մեր քաղաքական որոշման ու նպատակների մասին: Հունվարի 2-ից Հայաստանն անդամակցում է այդ կազմակերպությանը, եւ հուսանք, որ այն կբերի պտղաբեր արդյունքներ, համենայնդեպս, այդ նպատակին են ուղղված ՀՀ կառավարության եւ համապատասխան գերատեսչությունների ջանքերը:



- Այսինքն՝ հաջողվա՞ծ է, թե՞ ոչ մեր անդամակցումը ԵՏՄ-ին, Դուք դեռեւս չե՞ք կարող ասել:



- Անշուշտ, ինտեգրվել միջազգային կամ տարածաշրջանային կազմակերպության, արդեն իսկ կարելի է համարել հաջողված գործընթաց, որովհետեւ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, շատ կարեւոր է մեզ համար շարունակել ինտեգրումը տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կառույցներին: Այս համատեքստում ենք մենք դիտարկել ԵՏՄ-ին մեր անդամակցությունը:



- Հրիսթեան ընդգծեց Եվրոպական հանձնաժողովի զեկույցում նշված այն սահմանափակ առաջընթացի մասին, որ արձանագրել է Հայաստանը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ այլ ոլորտներում: Ի՞նչ կասեք այս առումով:



- Միանգամից պետք է նշեմ, որ դա Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի մասին գնահատական չէ: Այդ գնահատականին կարելի է ծանոթանալ տարբեր միջազգային զեկույցների գնահատականներից, որ խոսում է հակառակի մասին, այն է՝ գրանցված առաջընթացի եւ զարգացումների:



- Ի վերջո, մենք այսօր ճի՞շտ ուղղությամբ ենք ընթանում՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում:



- Դրանք ընթանում են ըստ ժամանակացույցի, գոյություն ունի քաղաքական կամք՝ երկուստեք ընդլայնելու եւ զարգացնելու արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերությունները:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ