Պետք է, մեզ շտապ պետք է մեկ օր դիմանալ առանց Բակո Սահակյանի

Պետք է, մեզ շտապ պետք է մեկ օր դիմանալ առանց Բակո Սահակյանի

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհուրդը նսեմացնելու ոմանց շանսերը գնալով նվազում են: Ոմանց ասելով` նկատի չունենք թուրք-սելջուկներին, այլ մեր այն վերլուծաբան-մազոխիստներին, որոնք արդեն մի քանի ամիս գրում ու «ապացուցում» են, թե, ահա-ահա, այս կամ այն երկիրը, այս կամ այն նախագահը, այս կամ այն միջազգային կազմակերպությունն ապտակ են հասցնելու Հայաստանին… Ապտակը չկա ու չկա, իսկ փոխարենը Հռոմի պապը (ազդեցիկությամբ աշխարհի ոչ մի նախագահի չզիջող առաջնորդ) հայտարարում է, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն է եւ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, Եվրախորհրդարանը հատուկ բանաձեւ է ընդունում եւ ապրիլի 24-ը հայտարարում Հայոց ցեղասպանության հիշատակի օր, աշխարհի խոշորագույն տերությունների նախագահներ Օլանդը եւ Պուտինը պատրաստակամություն են հայտնում ապրիլի 24-ին լինել Հայաստանում, աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ հայտարարում են, որ կմասնակցեն տեղերում հայկական համայնքների ձեռնարկներին եւ այլն, եւ այլն:



Եվ նույնիսկ ապրիլի 24-ից մի քանի օր առաջ դեռ ոմանք չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ հայությանը, այո, հաջողվել է բան փոխել աշխարհում, թեկուզ բարոյական բնույթի, թեկուզ հոգեբանական, բայց փոխել: Բնականաբար, մեծ է նաեւ աշխարհում տեղի ունեցող պրոցեսների ազդեցությունն այս ամենի վրա, բայց մի բան հստակ է` մենք կարողացել ենք մեր պահանջատիրությունը հասցնել այս օրերը եւ դնել այդ պրոցեսներից շատերի հիմքում:



Եվ հիմա, երբ Ցեղասպանության հարցով «գրել-ապացուցելու» շատ էլ բան չի մնացել, օրվա թեմա են դարձրել ապրիլի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի` Հայաստան գալ-չգալու հարցը: Արցախից տեղեկություն է ստացվել, որ Բակո Սահակյանը, ամենայն հավանականությամբ, չի լինի Հայաստանում: Այս տեղեկությունը ոմանց բավականացրել է եզրակացնելու, որ Պուտինն է այդպես որոշել` չցանկանալով ավելի գրգռել Թուրքիային եւ Ադրբեջանին: Այդ օրը Բակո Սահակյանի ներկայությունը Ծիծեռնակաբերդում, «վիդիշ լի», կնշանակի, որ Պուտինը եւ Օլանդը ճանաչում են Ղարաբաղի անկախությունը:



Բնականաբար, իրենք ճիշտ կլինեն, եթե մի պահ պատկերացնենք, որ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսուա Օլանդը, Բակո Սահակյանին մեջտեղ արած, թեւանցուկ, ինչպես դա եղավ Փարիզում` ահաբեկչության դեմ ցույցի ժամանակ, գան Ծիծեռնակաբերդ եւ պսակ դնեն հուշարձանին: Բայց քանի որ ծրագրում այդպիսի բան չկա, հետեւաբար, ճիշտ չէ մտածել, որ ապրիլի 24-ին Բակո Սահակյանի` Հայաստանում լինելը կնշանակի Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից Ղարաբաղի ճանաչում: Եթե մեր ընդդիմախոսները նկատի ունեն այն, որ Պուտինը, իբր, չի ցանկանում ապրիլի 24-ին շնչել այն օդը, որ Բակո Սահակյանն է շնչելու, ապա դա արդեն զավեշտ է, որովհետեւ Կրեմլում վաղուց արդեն թե Ղարաբաղի թթի օղին են վայելում եւ թե ղարաբաղյան առաջին ձեռքից լրատվություն ստանում ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների մասին:



Բակո Սահակյանը որեւէ խնդիր, կարծում ենք, չունի Արցախի պատվիրակության եւ նույնիսկ մի քանի չճանաչված երկրների ղեկավարների հետ Ծիծեռնակաբերդ այցելելու հարցում: Ի դեպ, դա վատ չէր լինի հենց Ռուսաստանի համար: Սակայն չի բացառվում, որ Արցախն էլ, որպես հայկական երկրորդ պետություն, իր միջոցառումներն ունի` կապված Ցեղասպանության 100-ամյակի հետ: Եվ շատ տրամաբանական է, որ այդ օրն Արցախի նախագահն իր երկրի ժողովրդի հետ լինի, Ստեփանակերտում: Վերջին հաշվով, քիչ չեն լինելու հյուրերը նաեւ Ստեփանակերտում: Դրանք այն մարդիկ են, ովքեր, անտեսելով Բաքվի վայնասունը, միշտ էլ այցելել են Ղարաբաղ, հանդիպել Ղարաբաղի ղեկավարության հետ, մասնակցել զանազան տոնակատարությունների ու պետական-քաղաքական միջոցառումների:



ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մատնանշած այն մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր չեն սիրում Պուտինին, գրում են` եթե հարցը դրված է այնպես, որ կամ Պուտինը, կամ Բակոն, ապա, միանշանակ, ընտրություն պետք է կատարել Բակոյի օգտին: Առավոտյան գրում են ու ողջ օրը, իրենցից գոհ, իրենց գրածով հիանում մինչեւ երեկո, մինչեւ մի բան փոխվի, ու մի նոր ցնդաբանություն մտածեն: Այդ մարդկանց, չի բացառվում, թվում է, թե իրենք են ամենահայրենասերը: Իհարկե, դա այդպես չէ: Մենք էլ մի քիչ հայրենասեր ենք, բայց մտածում ենք, որ Ղարաբաղի ճանաչման հարցը հենց այս ապրիլի 24-ին չէ, որ պետք է լուծվի: Չկա ոչ մի երաշխիք, որ մեզնից մի նոր 100-ամյակ չի պահանջվելու, մինչեւ Հռոմի պապը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ը, աշխարհի գերտերությունների առաջնորդներն Ադրբեջանից պահանջեն առերեսվել սեփական պատմությանը եւ մոռանալ իրենց պապերի ունեցած ինչ-ինչ տարածքների մասին: