Ռազմիկ Զոհրաբյանն էլ ոչ մի բան չունի, հենա՝ սոված ման ա գալիս

Ռազմիկ Զոհրաբյանն էլ ոչ մի բան չունի, հենա՝ սոված ման ա գալիս

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանից «էս նեղ մաջալին» հետաքրքրվեցինք, թե ինչ եղավ քաղաքական դաշտն օլիգարխներից մաքրելու գործընթացը, որն սկսվել էր փետրվարի 12-ին, արդյոք Գագիկ Ծառուկյանով ավարտվե՞ց: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Մենք պիտի քաղաքական դաշտն իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից», եւ ենթադրվում էր, որ խոսքը միայն ԲՀԿ ֆեոդալների մասին չէ, այլ առհասարակ բոլորի:



Հ. Հարությունյանը նկատեց, որ պատեհ ժամանակ չենք հարց տալիս: «Այսօր մենք ավելի կարեւոր խնդիր ունենք, դա Եղեռնի 100-ամյակի նշումն է, բերեք էդ հարցերի պատասխանը թողնենք հետո… Այսինքն՝ էս երեք օրվա ընթացքում պետք ա Սերժ Սարգսյանը թողնի էդ ամեն ինչը եւ զբաղվի ուրի՞շ հարցերով»,-զարմացավ նա: Երբ նկատեցինք, որ խոսքն այս երեք օրվա մասին չէ, այլ ընդհանուր գործընթացի շարունակականության, Հարությունյանն ասաց. «Կարծում եմ՝ շարունակական բնույթ է կրելու: Ոչ թե կարծում եմ, այլ շատ ցանկալի է, որ, ի վերջո, բոլորը, ամեն մեկն իր պարտավորությունները, իր պարտականություններն էս երկրի նկատմամբ կատարի՝ սկսած նախագահից, վերջացրած ինձնով, քեզնով»:



- Իսկ հերթը հանրապետականներին կհասնի՞:



- Հանրապետականը, ինչ ա, հատուկ ծագումնաբանությո՞ւն ունի: Էդ ինչի եք, է՞, կարծում, որ հանրապետականներն էդպես լայն իրավունքներից օգտվում են: Ես ինչի՞ց եմ օգտվում, տղա՛ ջան, Դուք իմ կենսագրությունն ինձնից լավ գիտեք:



- Բայց Դուք օլիգարխ չեք, բիզնես չունեք, հասարակ պատգամավոր եք: Իմ հարցն օլիգարխների մասին է, քաղաքականությունն ու ֆեոդալիզմն իրարից տարանջատելու:



- Ուրեմն՝ ոչ բոլոր հանրապետականները, այսինքն՝ իրավազանցը, պետական տուրքերի վճարման թերակատարողները, նրանք, ովքեր էս պետությունից գողանում են, թալանում են, նրանք պետք է պատասխանատվություն կրեն:



- Երբեւէ չտեսանք, սակայն, որ պատասխանատվություն կրեն:



- Ուրեմն պիտի տեսնեք, հենց դա մեր թերությունն ա, որ չեք տեսնում:



- Մի քիչ ուշ չէ՞ պատասխանատվության համար, այդ գործընթացն արդեն շատ չի՞ խորացել:



- Չէ, ոչինչ ուշ չի լինում… Չգիտեմ՝ էդ Դուք եք էդպես ասում, ես չգիտեմ, տեղյակ չեմ, չեմ տիրապետում թվերին, փաստերին, բայց, ընդհանրապես, երեւույթի նկատմամբ, այո, ես շատ բացասաբար եմ տրամադրված:



ՀԳ. Այդ ընթացքում մեր կողքով անցնում էր ՀՀԿ-ից մեկ այլ պատգամավոր՝ Ռազմիկ Զոհրաբյանը: Զրույցի ավարտից հետո պարոն Հարությունյանը բարձրաձայն նկատեց, թե «Ռազմիկ Զոհրաբյանն էլ ոչ մի բան չունի, հենա, սոված ման ա գալիս»: Դա դուր չեկավ Զոհրաբյանին, ով սկզբում նեղսրտեց, թե՝ «ի՞նչ ես խոսում, ո՞վ ա սոված ման գալիս», ապա կատակի տվեց. «Մեկ-մեկ կուշտ էլ ենք լինում»: