ԲՀԿ-ն ոչ մեկին չի հրավիրել, անհատական մոտեցում չի դրսևորել

ԲՀԿ-ն ոչ մեկին չի հրավիրել, անհատական մոտեցում չի դրսևորել

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք «Բարգավաճ Հայաստանը», որպես կուսակցություն, որեւէ պաշտոնական հրավեր ուղարկե՞լ է իր գործընկեր արտասահմանյան կուսակցություններին, միջազգային կառույցներին կամ անհատներին:



Ի պատասխան մեր հարցին, նա հեռվից սկսեց՝ պատմելով, թե ինչ է արել ԲՀԿ-ն այս ուղղությամբ. «Ես կարող եմ տեղեկացնել, որ մեր կողմից վերջին գործընթացը Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված հայտնի բանաձեւի վերաբերյալ, քանի որ մենք ACR (Ռեֆորմիստների եւ կոնսերվատորների կուսակցություն) խմբակցության եւ կուսակցության հետ ունենք պայմանագիր, գիտեք, որ մեկ ամիս առաջ նրանց կողմից այց էր եղել, որտեղ մենք մանրակրկիտ նաեւ քննարկել ենք թե՛ ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումների հետ կապված, թե՛ նաեւ Ցեղասպանության այս դեպքերի հետ կապված հարցերը, թե մեր գործընկեր կուսակցության ներկայացուցիչներն ինչով կարող են մեզ օգտակար լինել, եւ, փաստացի, նրանք Եվրախորհրդարանում քվեարկության ժամանակ թե՛ ելույթ ունեցան, թե՛ համապատասխան ձեւի քվեարկեցին»: Հետո ավելացրեց, որ ամսի 24-ին իրենք, բացի սահմանված միջպետական ծրագրերից, որոնք արդեն բաժանել են բոլոր պատգամավորներին, որին մասնակցությունն իրենց կողմից պատշաճ կերպով տեղի կունենա, ամբողջ քաղաքական թիմով, ներկայացուցչական մասով, ժամը 2-ին Համալիրի կողմից շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Կրկին հարցրինք՝ հրավեր եղե՞լ է իրենց կողմից նույն այդ եվրոպական գործընկեր կուսակցությանը: «Իրենք մեկ ամիս առաջ են էստեղ եղել, որտեղ անդրադարձել են Ցեղասպանության հիմնահարցերին»,-եղավ պատասխանը:



Մենք դարձյալ փորձեցինք հստակ ձեւակերպել հարցը՝ այդուհանդերձ, ԲՀԿ-ն հրավեր ուղարկե՞լ է տվյալ կուսակցությանը կամ որեւէ այլ կառույցի, անհատների, թե՞ ոչ: Էնֆիաջյանը մնաց «անդրդվելի»: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն այժմ գտնվում է ԵԽԽՎ-ում, որտեղ նաեւ հայտնի հայտարարությամբ հանդես են եկել, որը որ մեծ արձագանք է գտել ոչ միայն հայկական իրականության մեջ, այլեւ ամբողջ Եվրոպայում նաեւ: Ես կարծում եմ՝ սրանք ոչ պակաս նախաձեռնություններ են, որը որ ԲՀԿ ներկայացուցիչներն իրականացնում են: Մյուս հարցերում ինչ-որ անհատական մոտեցում... եթե ինչ-որ հրավերներ տեղի են ունեցել Ազգային ժողովի կողմից ամբողջական, դա, բնականաբար, ենթադրում է նաեւ ընդհանուր վերաբերմունք խորհրդարանական քաղաքական ուժերի կողմից»,-ասաց նա՝ ըստ էության հասկացնելով, որ ԲՀԿ-ն հրավեր չի ուղարկել որեւէ մեկին:



Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ «էս ամեն ինչի կողքին կազմակերպել որոշակի ծրագրեր եւ միջոցառումներ, հաճախ կարող են նաեւ որոշակիորեն խանգարել այն հիմնական գործառույթներին, որոնք որ արդեն իսկ, որպես ռազմավարություն, ծրագրավորված են»: