Կոստանդինոս Մեծի քաղաքը. Պոլիս, օր առաջին

Կոստանդինոս Մեծի քաղաքը. Պոլիս, օր առաջին

Հրանտ Դինք հիմնադրամի հրավերով «Հայաստան-Թուրքիա լրագրողական երկխոսություն» ծրագրի շրջանակում ապրիլի 20-26-ը Հայաստանից մի խումբ լրագրողներ հրավիրված են Թուրքիա, նրանց թվում եւ ինքս, եւ, փոխադարձաբար, Թուրքիայից լրագրողների մեկ այլ խումբ էլ ժամանել է Հայաստան: Ծրագրի ընթացքում լինելու ենք Պոլիսում (Ստամբուլում), ապրիլի 23-24-ին՝ նաեւ Տիգրանակերտում (Դիարբեքիրում): Երբ գալիս էի Պոլիս, պատկերացնում էի, որ գրելու շատ նյութ կլինի, բայց կարծում էի, որ, բացառությամբ ապրիլի 24-ի հիշատակման արարողությունների, մնացյալի մասին կգրեմ վերադարձից հետո: Մինչդեռ հենց առաջին օրը՝ ապրիլի 20-ին, այնքան ուշագրավ հանդիպումներ եղան եւ այնքան շատ, որ հնարավոր չէ անցուդարձը թողնել վերջում՝ թեկուզ հոդվածաշարով գրելու:



ՊՈԼԻՍԸ ՆՄԱՆ Է ԿԱՀԻՐԵԻՆ



Յուրաքանչյուրն էլ գիտի, որ «պոլիս» բառը հունարեն նշանակում է քաղաք, երկրագնդի վրա կան հազարավոր, միլիոնավոր քաղաքներ, բայց Պոլիս կոչում են միայն մեկը` Կոստանդնուպոլիսը, որը հնագույն Բյուզանդիոնն է, որ մեր թվարկության 330 թվականին Կոստանդինոս Մեծ կայսրը կոչեց իր անունով` Բոսֆորի երկու կողմերում կամրջելով Եվրոպա եւ Ասիա մայրցամաքները եւ քաղաքը դարձնելով քրիստոնեություն ընդունած հռովմեական կայսրության նոր մայրաքաղաքը: 1453-ին օսմանյան Մահմեդ Երկրորդ սուլթանը գրավեց Կոստանդնուպոլիսը, եւ այն դարձավ Օսմանյան կայսրության մայրաքաղաքը` չփոխելով իր անունը: Միայն 1923-ին, Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո, քաղաքն սկսեց կոչվել Ստամբուլ, որ թարգմանաբար նշանակում է «դեպի քաղաք»:



Պոլիս կամ Ստամբուլ հասանք լուսաբացին եւ մինչեւ օդանավակայանից կհասնեինք Տաքսիմ հրապարակի հյուրանոց, հասցրեցի որոշել, որ Պոլիսը շատ նման է Կահիրեին, միայն փողոցներն են անհամեմատ մաքուր, եւ մարդիկ են եվրոպական արտահագուստով: Մինչդեռ մինչեւ Պոլիս գալն ինձ թվում էր, թե Պոլիսը նման է լինելու դարձյալ Եգիպտոսի քաղաքներին, բայց Ալեքսանդրիային, որտեղ հունա-հռովմեական աուրան թեւածում է շուրջբոլորը, թեեւ քաղաքում յոթ միլիոն արաբ ու մահմեդական բնակչություն է: Պոլիսում ակնկալում էի տեսնել նույնը, բայց այդպես չէր, հունա-հռովմեական աուրան չկա կամ միայն պատմական հատվածում է, փոխարենը, ինչպես Կահիրեում կամ Թեհրանում, քաղաքաշինության եւ ճարտարապետության ամեն կանոններից դուրս, անշուք, ոչնչով ընդհանուր համապատկերի մեջ չգրվող շենքեր են, որոնք ակնհայտորեն միայն աճող բնակչությանը պատսպարելու խնդիր են լուծում:



Շինությունների արեւելյան խառնափնթորությունն առաջինն է, որ աչքի է զարնում Պոլիսում. իրար կողքի շենքեր են՝ միմյանց շարունակող, երկար հատվածներով, մեկը՝ բարձր, մյուսը` ցածր, մեկը՝ մի գույնի, մյուսը` այլ գույնի, մեկը ՝ ապակի, մյուսը՝ քար, բոլոր առաջին հարկերում խայտաբղետ մուտքեր ու գովազդներ` էսթետիզմի ակներեւ բացակայությամբ: Եթե գովազդները, գրությունները լինեին արաբատառ, Պոլիսի եւ Կահիրեի փողոցները դժվար պիտի լիներ տարբերել: Զվարճալի զուգադիպություն է, բայց առաջին գեղեցիկ ու փոքրիշատե զարդաքանդակներ ունեցող շենքը, որ տեսա Պոլիսում, շինությունն էր, որտեղ գտնվում է Սեւծովյան տնտեսական համագործակցությունում (BSEC) Հայաստանի ներկայացուցչությունը: Շենքի վրայի «Սուրբ Հակոբ» ցուցատախտակից պարզ էր, որ հայկական շինություն է, բայց ի՞նչ շինություն է: BSEC-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավարից՝ պրն Միքայել Վարդանյանից, ներողություն խնդրելով Սեւծովյան թեմայից շեղվելու համար՝ հարցրի, թե դա ինչ գեղեցիկ շենք է, եւ ինչպես է մեր ներկայացուցչությունն այդտեղ: Պարզվեց՝ շենքը հայ կաթողիկե համայնքին պատկանող ազգային հիվանդանոցի շենքն է, որ կառուցվել է 19-րդ դարի կեսերին, եւ այժմ շահեկան պայմաններով շենքի մի հարկաբաժինը վարձակալությամբ տրվել է BSEC-ում Հայաստանի ներկայացուցչությանը:



Իսկ վերջին գեղեցիկ շինությունը, որ տեսա Պոլիսում առաջին օրը, Գալթասարայի համալսարանի պարտեզն էր, դարպասն ու քանդակները: Փառահեղ պարիսպ էր՝ հին օսմաներեն գրություններով: Գալթասարայը Պոլիսի երկու ամենահայտնի համալսարաններից մեկն է՝ ֆրանկոֆոն ուղղվածությամբ, մյուսը Բողազիչին է` անգլո-ամերիկյան ուղղվածությամբ: Բողազիչին բոլորովին նոր է, երեւի 40 տարվա պատմությամբ, որտեղ, ի դեպ, ապրիլի 26-ին կայանալու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեծ գիտաժողով: Իսկ Գալթասարայը հարյուրամյակների պատմություն ունի, այդտեղ հարյուրամյակներով կայսրության պետական էսթաբլիշմենթն է կրթվել եւ ձեւավորվել:
Այնպես որ, առաջին օրը քաղաքն այնքան էլ տպավորություն չգործեց, դրական տպավորությունը մարդկանցից էր, ում հանդիպում էինք:



ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ՄԱՐԴԻԿ



Ավելի քան կռահելի է, որ Հայաստանից հրավիրված լրագրողների համար հանդիպումները կլինեն այն մարդկանց հետ, որոնք պայքարում են Թուրքիայում Հայոց ցեղասպանությունն ընդունելու եւ Հայաստանի հետ հաշտեցման համար: Ինչպես թուրք զրուցակիցները հայտնեցին, վերջերս կատարված մի սոցիոլոգիական հարցման արդյունքներով պարզվել է, որ Թուրքիայի բնակչության միայն 25 տոկոսը ոչինչ չի լսել կամ չգիտի Հայոց ցեղասպանության մասին, մյուսներն այս կամ այն չափով տեղյակ են: Նույն հարցման արդյունքներով, Հայոց ցեղասպանությունն ընդունելու օգտին հանդես է գալիս հասարակության 10 տոկոսը եւ քաղաքացիական կառույցների մոտ 20 տոկոսը: Տպավորիչ առաջընթաց է, եթե հիշենք, որ մեկ-երկու տասնամյակ առաջ միայն «ցեղասպանություն» բառի համար մարդիկ Թուրքիայում կարող էին ազատազրկվել:



Մարդիկ, որոնց ջանքերի, չափազանցություն չի լինի ասել` նաեւ պայքարի արդյունքում այդքան տեսանելիորեն ընդլայնվում են հայկական թեմատիկայի քննարկումները Թուրքիայում, ինչ խոսք, մեծագույն հարգանքի ու քաջալերանքի են արժանի: Վերջնահաշվում նրանք են մոտեցնելու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, երկու ժողովուրդների փոխճանաչման եւ հաշտեցման օրը: Հանրահայտ է, որ այդ պայքարի առաջնագծում են Հրանտ Դինք հիմնադրամը եւ «Ակոսը»: Ինքս դեռ Հայաստանում էլ այդքանը գիտեի, բայց Հայաստանում չգիտեի եւ երբեք չի պատկերացնի, թե Դինքի հիմնադրամի որոշ ծրագրեր ինչ մասշտաբ եւ կարեւորություն ունեն:



Ինձ ուղղակի հիացրեց մի ծրագիր, որի նպատակն Արեւմտյան Հայաստանում կամ Անատոլիայում, իսկ գործնականում` Թուրքիայի գրեթե ամբողջ տարածքում հայկական հանրային շինությունների մասին նյութերի հավաքագրումը եւ ինտերակտիվ քարտեզի կազմումն է: Ավելի ստույգ` նյութերը հավաքվում են հայկական, հունական, ասորական եւ հրեական շինությունների մասին: Ծրագիրը մեկնարկել է անցյալ դեկտեմբերին, եւ անցնող մի քանի ամսում արդեն հավաքվել են հայկական 4600, հունական` շուրջ 2000, հրեական ու ասորական 200-ական շինությունների մասին տեղեկություններ: Դրանց հիման վրա ստեղծվելու է ինտերակտիվ քարտեզ, որի պատրաստ լինելուց հետո (հույսեր կան, որ դա կլինի տարեվերջին) կտեղադրվի ինտերնետում եւ հասանելի կլինի ողջ մարդկությանը:



Այնուհետեւ ամեն մի հայ, ով գիտի արեւմտահայկական գյուղերի եւ քաղաքների անունները, կարող է այդ քարտեզի վրա գտնել բնակավայրը, թակոցով բացել էջը եւ տեսնել, թե այդտեղ ինչ հայկական հանրային կառույցներ են եղել, ոչ միայն եկեղեցի, այլեւ դպրոց, գրադարան, ակումբ եւ այլն: Նման տեղեկություններ Արեւմտյան Հայաստանում հայերի ներկայության եւ նյութական ժառանգության մասին երբեք չեն հավաքվել, եւ անհնար է գերագնահատել այն, ինչ արվում է: Ծրագիրը ֆինանսավորել է Եվրոպական միությունը: Այն իրականացնում է 7 հոգանոց աշխատակազմ, ղեկավարը Գալթասարայի եւ Սորբոնի համալսարանների շրջանավարտ կիրթ ու բարեհամբույր մի կին է` Մերվա Կուրտ, ազգությամբ թուրք:



Ընդհանրապես, դժվար է ասել՝ Dink Foundation-ում ավելի շատ հայեր են աշխատում, թե թուրքեր, բայց միասնաբար, իրոք, հարգանքի եւ դրվատանքի արժանի գործ են անում: Ընդսմին, ծրագրի ղեկավարը հավատացնում է, որ այսօր էլ, ինտերակտիվ քարտեզի հրապարակումից հետո, աշխարհի ամեն ծայրից յուրաքանչյուր հայ, եթե ունի պատմություն կամ վկայություն Արեւմտյան Հայաստանում հայկական շինությունների մասին, կարող է դրանք ուղարկել ծրագրին, համապատասխան ուսումնասիրություն անցնելուց հետո դրանք էլ կլրացվեն քարտեզում:



Շարունակելի