Պոլսո արտացոլանքները Լեւոն Լաճիկյանի գծանկարներում

Պոլսո արտացոլանքները Լեւոն Լաճիկյանի գծանկարներում

«Պոլսո արտացոլանքներ». այսպես է իր ցուցահանդեսը վերնագրել արվեստաբան-գծանկարիչ Լեւոն Լաճիկյանը, որն այս օրերին շարունակում է ցուցադրվել Եվրասիա համագործակցություն հիմնադրամում: 24 գրաֆիկական աշխատանք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բայց «Պոլսո արտացոլանքները», հեղինակի խոսքով, չեն սահմանափակվելու այդ 24 գծանկարով, որովհետեւ ապրիլի 24-ին հաջորդում է ապրիլի 25-ը: Ցուցահանդեսում Լաճիկյանը, Պոլսից բացի, առանձին անդրադարձ է կատարել Գնալ հայաշունչ կղզուն՝ ներկայացնելով մի ամբողջ պատկերաշար. «Գծանկարներում Պոլսի հայկական անկյուններն են, հայկական հետքերը, հիշատակները: Հայերը, 5-6-րդ դարից սկսած, ապրել են Պոլսում, մենք մեծ ներկայություն ունենք, մեծ պատմություն, հայության հետքը, շունչը միշտ է եղել այդտեղ, էլ չեմ ասում 20-րդ դարասկիզբը, երբ պոլսահայ գրականությունը մի բարձունք էր, որը մինչեւ հիմա այդպես էլ չենք հաղթահարել: Երբ առաջին անգամ Պոլիս եղա ու սկսեցի քայլել, ուզեցի ոտքս շատ զգուշորեն հպել Պոլսի փողոցներին, որովհետեւ կարծես թե լսում էի Վարուժանին, Զոհրապին, Ռուբեն Սեւակին, Սիմանաթոյին, մինչեւ հիմա էլ, երբ նորից պետք է այցելեմ Պոլիս, դարձյալ մտքիս մեջ նրանք են»:



Բոլոր 24 գծանկարները մաս են կազմում Լեւոն Լաճիկյանի «Հայկական աշխարհ» խորագրով նկարաշարի, որն իր մեջ ներառում է թե ուղեգրություններ, թե գծանկարներ Կարսից, Էրզրումից, Գյումրիից, Ղարաբաղից, Վենետիկից, Վիեննայից, Հռոմից, Բեյրութից:
Լաճիկյանն ասում է, որ իր նպատակը չի եղել տալ Պոլսի ճարտարապետական կառույցների գրաֆիկական ճշգրիտ արտացոլանքը, դրա համար կա ֆոտո, իր առաջ խնդիր էր դրել փորձել ստեղծել այն քնարական տրամադրությունը, որ կոչվում է հայ Պոլիս. «Ես նայում էի այսօրվա Պոլսի բավականին ապաշնորհ, անշնորհք ապակեպատ նորակառույցներին ու իմ մտքում իմ մոնտաժն անում: Հիմա, օրինակ, Շիշլիի գերեզմանատունն եմ նկարում, այնտեղ մի բարձրահարկ կա, որը շատ անճոռնի է, գծանկարում դա վերացրել եմ, որովհետեւ ինձ խանգարում է: Ես փորձել եմ իմ Պոլիսն ստեղծել, որը, հուսամ, շատերի Պոլիսը կդառնա: Ինչ վերաբերում է, թե ինչու մի թաղամաս ավելի շատ եմ նկարել, մյուսը՝ ավելի քիչ, ինքնաբերաբար է եղել: Ամենաշատը սիրել եմ Գնալ հայաշունչ կղզին, որտեղ տեսել եմ հայության պատմությունը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Գաղտնիք չէ, որ Պոլիսը Պոլիս է դարձել հայերի շնորհիվ: Եթե Կարապետ Բալյանի շինությունները հանես Պոլսից, տակը բան չի մնա»:



Ըստ Լաճիկյանի, ամենադժվարը տեր կանգնելն է այն ժառանգությանը, որ թողել ենք Պոլսում: Արվեստաբանը նաեւ նկատել է, որ, ի համեմատություն մեզ, երբ Երեւանում ամեն պատմական հուշարձան հոշոտում ենք, Պոլիսը շարունակվում է պահպանվել. «Այսօր Երեւանում չգիտեմ քանի եկեղեցի է հաշվվում, բայց Պոլսում 35 գործող հայկական եկեղեցիներ կան, բազում վարժարաններ, որոնց պետք է տեր կանգնել: Բացի այդ, իրենք տարբերակում չեն դնում, որ սա Զոհրապի տունն է, ուրեմն պետք է վար առնենք, նորը կառուցենք, Պոլսի պատմական միջուկը շարունակվում է պահպանվել, հենց վերցնենք Սուրբ Սոֆիայի տաճարը, որը 6-րդ դարի կառույց է, ու Տրդատի հետքն էլ վրան կա, այսինքն՝ մի կողմից, պատմական մասը պահպանել են, մյուս կողմից էլ ժամանակակից Պոլիսն են սարքում, որն ինձ բոլորովին հետաքրքիր չէ: Բայց վիզուալ առումով, եթե դու չիմանաս, որ դա հայ ճարտարապետ է, ազգային ճարտարապետության տարրեր չես կարող այնտեղ որոնել, որովհետեւ, օրինակ, Դոլմաբահչեի դեպքում տարբեր ոճեր են համատեղված: Մենք իմացաբար պետք է մտնենք Պոլիս, խոսքը սրա մասին է: Եթե չիմացաբար մտնես, չես իմանա, որ սա հայկական շենք է, որովհետեւ էկլեկտիկ շերտեր ունի իր մեջ Պոլիսը»:



Լաճիկյանը նշում է, որ շատերի մոտ է նկատել մի սխալ հարցադրում, երբ ասում են՝ Պոլիսն ինչո՞վ է տարբերվում սփյուռքահայ մյուս գաղթօջախներից, մինչդեռ պետք է հիշել, որ Պոլիսը սփյուռքահայ գաղթօջախ չէ, մեր սփյուռքը գոյացավ 1915թ.-ից հետո, իսկ պոլսահայությունն արդեն 5-րդ դարից Պոլսի բաղկացուցիչ մասն է կազմել. «Պոլիսը հայ մշակութային մայրաքաղաքներից մեկն է: Այսօր Պոլիսն ունի իր սփյուռքը, բայց Պոլիսն ինքը սփյուռք չէ»:



Լեւոն Լաճիկյանը մտադիր է «Պոլսո արտացոլանքներ» ցուցահանդեսը նաեւ Պոլիս՝ Ստամբուլ տանել ու ոչ միայն ցուցադրել, այլ նաեւ բանախոսությամբ հանդես գալ: Բացի այդ, պայմանավորվածություն կա արդեն Նյու Յորքում այն ցուցադրելու. «Հայ արվեստի պատմության մեջ դեռ ոչ մի նկարիչ, ինչպես Պարոնյանն է գրում «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ», չի տվել ու ներկայացրել իր նկարաշարը, ինչի համար հպարտ եմ: Աչքիս առաջ նաեւ այն գաղափարը կա, որ գիրք գրեմ Պոլսի մասին, որը դարձյալ կլինի իմ ուղեգրությունների արդյունքը»: