Պոլիսյան օրագիր. «Մենք հո՛ս ենք»

Պոլիսյան օրագիր. «Մենք հո՛ս ենք»

Ապրիլի 24-ին Թուրքիայի երեւի բոլոր հիմնական պարբերականները Հայոց ցեղասպանության 100-ամյակին էին անդրադարձել առաջին էջերի ընդարձակ ազդագրերով, hեռուստաընկերություններից նկարահանող խմբեր էին ուղարկվել Հայաստան, օրինակ, CNN Turk-ն ուղիղ եթերում հեռարձակելու էր հատվածներ թե Ծիծեռնակաբերդի, թե Պոլիսում ընթացող ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություններից:



Իսկ Պոլիսում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակության չորս կենտրոնական արարողություններ եղան` կարեւոր թե մասնակիցների առումով, թե հղվող ուղերձների: Ժամանակագրական առումով վերջինը Թաքսիմ հրապարակի հավաքն էր, որ, ինչ-խոսք, օրվա մաժոր-ակորդն էր, եւ հենց դրանից էլ կսկսեմ պոլիսյան ապրիլի 24-ի նկարագրությունը:



18:30-ԻՆ, ԹԱՔՍԻՄ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ



Հանրային կենտրոնական միջոցառումը՝ ամենաերկարատեւը, ամենամարդաշատը, ամենահուզիչը, Թաքսիմ հրապարակի հավաքն էր: Երբ Պոլիսում որեւէ կարեւոր երթ կամ հանրահավաք է կայանում, ապա, որպես կանոն, այն սկսվում է Իշտիկլալ պողոտայի կամ բուլվարի (քանի որ դա ճեմուղի է, այդտեղ չկա տրանսպորտային երթեւեկություն) մի ծայրի` Գալաթասարայի համալսարանի, (ներկայում` Գալաթասարայի լիցեյի) կից հրապարակից, որտեղից մարդիկ երթով հասնում են մինչեւ Իշտիկլալի մյուս ծայրը, որն արդեն Թաքսիմ հրապարակն է:



Եթե երեւանյան փողոցների հետ անալոգիա անցկացնենք, դա մոտավորապես նույնն է, ինչ, ասենք, Ամիրյանից Մաշտոցի պողոտայով քայլես մինչեւ կինո «Նաիրի»: Ապրիլի 24-ի երթը նույնպես սկսվեց Գալաթասարայի լիցեյի հրապարակից, 18:30-ին, բայց մենք, ինչպես եւ մի քանի հազար այլ մարդիկ, Թաքսիմ հրապարակի մոտ էինք` Իշտիկլալի մյուս ծայրում: Ինչ-որ ժամանակ հետո մոտեցող երթի մասնակիցների վանկարկումներն սկսեցին լսվել եւ միախառնվել հնչող երաժշտությանը: Մարդիկ շարունակում էին ավելանալ, մինչեւ երեւացին մոտեցող երթի մասնակիցները: Տարբեր կարգախոսներ էին վանկարկում, հիմնականում թուրքերեն, այդ թվում` «Մենք բոլորս հայ ենք»:



Վերջապես երեւացին ցուցարարների պաստառները... Բազմաթիվ սեւ պաստառների վրա գրված էր. «Մենք հո՛ս ենք», եւ ներքեւում փոքրիկ ծաղիկը, որ պոլսահայ երիտասարդության «Նոր Զարթոնք» շարժման խորհրդանիշն է: Ի՜նչ հրաշք են մեր այդ երիտասարդները… «Մենք հո՛ս ենք» պաստառներ էին պարզված, ու դրանց կողքին բարձրացվել էին Զոհրապի, Վարուժանի, Ակնունու, Փափազյանի, Սիամանթոյի եւ 1915-ի ապրիլի 24-ին աքսորված ու զոհված մյուս պոլսահայ մտավորականների դիմանկարները: 100 տարի… Հարյուր երկարուձիգ տարի հարկավոր եղավ, մինչեւ Պոլիսի սրտում պոլսահայ մտավորականների ոգին՝ պատկեր դարձած, վեր հառներ, ու նրանց ընդհատված կյանքերի փոխարեն ապրողներն ասեին. «Մենք հո՛ս ենք»:



Այնքան խոսուն էր, այնքան հուզիչ էր, այնքան խորհրդանշանական էր…
Պարզված թուրքալեզու պաստառներն էլ կային. «Katil devlet hesap verecek», որ թարգմանաբար նշանակում է «Ոճրագործ պետությունը պետք է պատասխան տա»: Երբ երկու խմբերը հասան միմյանց, հնչեցին բարձր ծափահարությունները, ինչը խլացրեց անգամ երաժշտության ձայնը: Հետո բուլվարի կենտրոնում կանգնած մարդկանց խնդրեցին նստել գետնին, մյուսներին՝ հեռանալ դեպի մայթեզրերը, վաճառասրահները, որպեսզի հնարավոր լիներ տեսնել մարդկանց, ովքեր խոսելու էին: Որքա՞ն մարդ կար: Մի քանի հազար, ամեն դեպքում, այնտեղից, որտեղ ինքս էի կանգնած, չէր երեւում ոչ մի ծայրը, ոչ մյուս: Այնքան, որքան ինձ էր տեսանելի, կարծես Երեւանում կինո «Նաիրի»-ից դեպի վեր համարյա մինչեւ Պոնչիկանոց տեսանելի լիներ, դեպի վար` համարյա մինչեւ Մոսկովյան խաչմերուկ: Ընդ որում, շարքերն այնքան խիտ էին, որ հնարավոր չէր թեկուզ մեկ-երկու մարդ այն կողմ անցնել:



Երեք-չորս ելույթ եղավ, թուրքերեն եւ անգլերեն, բայց առաջին թուրքերեն ելույթ ունեցող կինն ընդհատեց ու հայերենով ասաց. «Իմ մեծ պապերու անունները պիտի արտասանեմ հայերեն…»: Եվ նրանց անուններն արտասանելուց հետո հայերեն շարունակեց. «Այսօր մենք հոս ենք, ըսելու համար, որ մենք կանք: Մենք հոս ենք, Պոլսո սրտին մեջ հարգելու մեր բյուրավոր նահատակներու հիշատակը… Մենք հոս ենք մեր ինքնությունը պահպանելու, մեր զավակներուն մեր լեզուն եւ մշակույթը սորվեցնելու…»:



Հնարավո՞ր էր դիմանալ ու չհուզվել: Աշխարհի ոչ մի կետում հայերեն «Մենք հո՛ս ենք» բառերը չէին կարող այդպես թանկ արժենալ, այդքան կորսված կյանքեր կշռել, այդքան ննջեցյալների հոգու հանգստություն բերել: Մանավանդ երբ ելույթներից ու չդադարող ծափահարություններից հետո միացվեց երաժշտությունը, ու գործիքային երաժշտության խորքին հնչեց հայերեն արտասանությունը. «Տեր ողորմյա, տեր ողորմյա, տեր ողորմյա… Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անունը քո…»: Ինձ թվաց՝ միայն այդտեղ, միայն այդ ժամանակ, միայն այդ սիրո ու մեծարման մեջ, թեկուզ որպես դիմանկար Պոլիսի սրտում հառնելուց հետո, Զոհրապի, Վարուժանի ու մյուս ննջեցյալների հոգիները պիտի կարողանան հանգստություն գտնել: Տեր ողորմյա…



Իհարկե, ներկաների մեծամասնությունը թուրք մտավորականներ էին, քաղաքացիական ակտիվիստներ, հայկական համայնքից շատերն էին այնտեղ, քրդեր էլ կային: Փերինչեքի կուսակիցներն էլ էին հավաքվել, բայց քանի որ ոստիկանությունը թույլ չէր տվել մոտենալ, հեռվից աղմկում էին, որպեսզի խանգարեին: Սակայն մարդիկ այնքան շատ էին, իրենք էլ այնքան հեռու, որ դա էլ չէր ստացվում:



16:00-ԻՆ, ՇԻՇԼԻԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ



Թաքսիմ հրապարակի հավաքից առաջ, Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունները` Ստամբուլի մարդու իրավունքների ասոցիացիայի գլխավորությամբ (անշուշտ, նրանց միացել էին նաեւ բազմաթիվ հայեր) այցելեցին Շիշլիի հայկական գերեզմանատուն՝ ծաղիկներ դնելու Սեւան անունով հայազգի երիտասարդի շիրիմին (ազգանունը, դժբախտաբար, չեմ հիշում), որին բանակում սպանել էին 2011 թվականի ապրիլի 24-ին` ազգային խտրականության եւ ատելության դրդապատճառով: Երբ մենք հասանք Շիշլիի գերեզմանատուն, արդեն մի քանի հարյուր մարդ կար, բայց ինքս չկարողացա շատ հետեւել արարողությանը (այդ պատճառով էլ մասնակիցների թվից այն կողմ բովանդակային ոչինչ պատմել չեմ կարող), քանի որ անպայման ուզում էի գերեզմանատանն Օրմանյան պատրիարքի շիրիմը գտնել եւ ծաղիկներ դնել:



Բայց Շիշլիի հայոց գերեզմատանն ամեն մի դամբարան («Դամբարան այսինչյան ընտանիքի». դա է կոթողների վրա գրության ձեւը) այնպիսի ակնածանք է ներշնչում, այդ սպիտակ մարմարե դամբարաններից այնպիսի ազնվականություն, հանրային դիրք, ճոխություն, հարստություն է ճառագում, որ ուղղակի ամեն քայլափոխի կանգ ես առնում: Ինքս այս գերեզմանատան հետ փոքրիշատե համեմատելի մի բան միայն Ֆրանսիայում, Նիցցայում, միջնադարյան մի վանքում էի տեսել: Բայց Շիշլիի գերեզմանատունն ածականներով նկարագրելու փոխարեն ավելի խոսուն մի միջադեպ պատմեմ:



Գերեզմանատանը քայլում եմ, մի տղա մոտեցավ, ճշտեց՝ հա՞յ եմ, հետո ներկայացավ, որ ֆոտոլրագրող է, արտասահմանից է, խնդրեց, որ նկարի, հետո հետս քայլեց Օրմանյան պատրիարքի շիրիմի մոտ, ուր ծաղիկներ էի տանում դնելու: Քայլելու ընթացքում ինքնաբերաբար մի քանի բառով բացատրեցի, թե ով է Օրմանյան պատրիարքը, ովքեր են մյուս պատրիարքները, հետո մի այլ դամբարանի առջեւ կանգնեցինք, հարցրեց` իրե՞նք էլ են հայ, ասացի` այո: Շարունակեց. «Բայց այս մարդիկ պետք է շատ հարուստ եղած լինեն այսպիսի դամբարան ունենալու համար»: Ասացի. «Այո, բայց շուրջբոլորդ նայիր, ո՞ր դամբարանն է սրան զիջում»: Հետո Խոռխոռունի ազգանվամբ մի դամբարան տեսանք, բացատրեցի, որ Խոռխոռունիները հայկական ազնվականական տոհմ են, որ հիշատակվում են դեռ մեր թվարկության առաջին դարերից: Տղան այնքան էր զարմացել. «Հայերն այդքան հին են, այդքան հարուստ ու կարեւո՞ր»: Ասացի. «Հապա ի՞նչ էիր կարծում»: Թեեւ, իհարկե, իր զարմանքը հասկանում եմ, տեսածն այնքան էր տարբեր ցեղասպանության ենթարկվածների դասական` հալածյալ ու ցնցոտիավոր կերպարանքից: Ընդամենը մի գերեզմանատուն բավական էր, որ օտարականը գիտակցեր, թե ով է հայը: Թեեւ, եթե ավելի ճիշտ լինենք` ով է պոլսահայը:



11:00-ԻՆ, ԻՍԼԱՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄՈՏ



Ժամը 11:00-ին կամ գուցե կես ժամ այս կամ այն կողմ, քրիստոնեության մեծագույն սրբություններից մեկի` Կոստանդինոս Մեծի Hague Sophia տաճարի հարեւանությամբ գտնվող Իսլամական մշակույթի թանգարանի մոտ մեկնարկել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման առաջին հանրային արարողությունը` դարձյալ Ստամբուլի մարդու իրավունքների ասոցիացիայի նախաձեռնությամբ, որի մասին արդեն գրել եմ, եւ որի ավարտին միջոցառման մասնակիցները նավով անցել էին Բոսֆորի ասիական ափ, Հայդարփաշա կայարան ու միջոցառումից հետո ծաղիկներ նետել Բոսֆորի ալիքների մեջ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ներկա Իսլամական մշակույթի թանգարանըն այն նույն շինությունն է կամ նույն շինության տեղում է, որն օսմանյան ժամանակներում բանտ է եղել, եւ որտեղ տարվել են 1915-ի ապրիլի 23, լույս 24-ին ձերբակալված պոլսահայ մտավորականները: Իսկ Հայդարփաշան այն կայարանն է, որտեղից նրանք աքսորվել են ու աքսորի ճանապարհներին կնքել իրենց մահկանացուն:



ԱՌԱՎՈՏՅԱՆ, ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ



Վերջապես քաղաքական եւ դիվանագիտական դաշտի ամենակարեւոր հիշատակման արարողությունը` Պոլսո հայոց Պատրիարքական Ընդհանուր փոխանորդ Արամ Արք. Աթեշյանը պատարագ էր մատուցել Առաջին աշխարհամարտի տարիներին նահատակված հարյուր հազարավոր հայ եւ այլազգի զոհերի հոգիների համար: Թեեւ հայկական կողմից Պատրիարքական փոխանորդին մեղադրում էին, որ նա Ցեղասպանության զոհերի հիշատակը պատշաճ չի ոգեկոչում, մյուս՝ թուրքական կողմից էլ հայտնի է դառնում, որ սա 100 տարում առաջին անգամ էր, որ պատարագին, ի թիվս այլնի, ցեղասպանության զոհերի հիշատակ էր ոգեկոչվում: Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագին ներկա էին եղել եվրոպական դեսպաններ եւ Թուրքիայի Եվրոպայի հարցերով նախարարը, ինչն աննախադեպ ժեստ էր իշխանության կողմից: Նախարարը մնացել էր մինչեւ պատարագի ավարտը, նաեւ փոխանցել էր նախագահ Էրդողանի ուղերձը, որով ասվում էր, թե Թուրքիան բաց է օսմանյան հայերի սերունդների առջեւ: