Պոլիսյան օրագիր. Բողազիչիի համալսարանի գիտաժողովը

Պոլիսյան օրագիր. Բողազիչիի համալսարանի գիտաժողովը

Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունները տեւեցին մի քանի օր, եւ վերջինը Բողազիչիի համալսարանի միջազգային գիտաժողովն էր՝ ապրիլի 26-ին: Բողազիչիի գիտաժողովին թեեւ միայն բացմանը եւ առաջին նիստին եմ ներկա գտնվել, բայց այդ երկու ժամում էլ այնքան արժեքավոր տեղեկություններ, ուսումնասիրության արդյունքներ լսեցի, որքան Հայաստանում չէի լսել: Հատկապես Բողազիչիի գիտաժողովում էր տեսանելի, թե Թուրքիան որքանով է մոտ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, եւ դա ինչ ռակուրսով կարվի:



Բայց մինչեւ այդ, իբրեւ ապրիլի 24-ի թեմայի վերջաբան, արժե թռուցիկ բացատրել, թե ինչու Գալիպոլիի ռազմական կամպանիայի 100-ամյակը Թուրքիան նշեց ոչ թե Չանաքքալեի, այլ ANZAC-ի օրը, եւ ով էր այդ քարոզչության հասցեատերը Թուրքիայում: Ակներեւաբար՝ ոչ Հայաստանը, ոչ էլ միջազգային հանրությունն այդ քարոզչության թիրախը չէին, որքան էլ Հայաստանում այդպես էր ընկալվում:



ՉԱՆԱՔՔԱԼԵԻ ԵՎ ANZAC-Ի ՕՐԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ



Եթե չլինեին Էրդողանի հայտնի հրավերը Սերժ Սարգսյանին եւ Սարգսյանի պատասխանը, Հայաստանում շատերը Գալիպոլիի ճակատամարտի մասին գուցե ոչինչ էլ չիմանային, ինչպես ԱՄՆ-ում առանձնապես չգիտեն: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի համար Գալիպոլիի ռազմական կամպանիան կարեւոր դրվագ է Առաջին աշխարհամարտի տարեգրության մեջ, գուցե ամենաարյունալի եւ կորստաբեր դրվագը, որը տեւել է 1915թ. ապրիլի 25-ից մինչեւ 1916 թ. հունվարի 9-ը: Գալիպոլիի թերակղզու մարտերին մասնակցել է 350 հազար բրիտանացի, 80 հազար ֆրանսիացի, 80 հազար ավստրալացի, նույնքան նորզելանդացի եւ մոտ 400 հազար օսմանյան զինվորական: Ռազմադաշտում զոհվածների ընդհանուր թիվը կազմել է 131 հազար, որից 86 հազարը՝ թուրքեր, զոհերի եւ վիրավորների ընդհանուր թիվը կազմել է կես միլիոն:



Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում 1916-ից մինչ այսօր ամեն տարի ապրիլի 25-ին նշվում է Գալիպոլիի տարելիցը` ANZAC Day, իսկ Միացյալ Թագավորությունում Գալիպոլիի ակումբի հովանավորը ոչ այլ ոք է, քան Էլիզաբեթ II թագուհու ամուսինը: Ինչ խոսք, Թուրքիան էլ մարտին ինչ-որ օր Գալիպոլիի տարելից է նշում՝ դա Չանաքքալե կոչելով, բայց այս տարի իշխանությունը որոշեց մի կողմ թողնել Չանաքքալեի օրն ու ապրիլի 24-25-ին` ANZAC-ի օրը, արարողություններ կազմակերպել, որպեսզի ՄԹ-ից, Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից հարկադրյալ հյուրեր ժամանեն: Այսինքն՝ «Մուհամեդը չի գնա սարի մոտ, սարը կգնա Մուհամեդի մոտ» բանաձեւը գործադրվեց: Մնում է հարցը` ինչո՞ւ:
Որքան էլ Հայաստանում կարող էր թվալ, թե Էրդողանի հաշվարկը Հայոց ցեղասպանության 100-ամյակի արարողությունների վրա միջազգայնորեն ստվեր նետելն էր, Թուրքիան ոչ կարող էր նման ստվեր նետել, ոչ էլ, թերեւս, նման ծրագիր է ունեցել:



Այդտեղ շատ ավելի տրիվիալ, խորհրդարանական ընտրապայքարի խնդիր էր լուծվում: Թուրքիայում հունիսի 7-ին նշանակված են խորհրդարանական ընտրություններ, եւ Էրդողանին հարկավոր է ձեւավորել մեծամասնություն, որպեսզի կառավարման համակարգը դարձնի նախագահական, փոխի սահմանադրությունը եւ այլն: Իսկ դա բարդ խնդիր է երկրում ուժերի ներկա դասավորության խորքին, երբ ավանդական զինվորականության (CHP), քրդերի (HDP) ու ազգայնականների (MHP) դեմ պայքարից բացի, Էրդողանի հարազատ AK կուսակցությունն է մասնատվել եւ իր դեմ դուրս եկել: Եթե Էրդողանին հավատանք, ապա AK-ի կնքահայր Ֆեթուլլահ Գյուլենն ու նրա կողմնակիցներն ուրիշ զբաղմունք չունեն, իշխանության դեմ պայքարելուց բացի: Պոլիսում նաեւ ասում էին, որ Աբդուլլահ Գյուլն է նոր կուսակցություն հիմնադրում:



Նման իրադրությունում, երբ Էրդողանը պատերազմում է համարյա բոլորի դեմ եւ ոչ մի սատարող չունի միջին ընտրողից բացի, Թուրքիայում ամեն ինչ է ենթարկվել ընտրարշավի տրամաբանությանը: Նույն Հռոմի պապի` 1915-ի կոտորածները ցեղասպանություն կոչելու հաջորդ օրը Քեմալ Քիլիչդարօղլուն (CHP-ի ղեկավարը) հայտարարություն տարածեց, թե AK-ի անտաղանդ արտաքին քաղաքականության պատճառով են հայերի դիրքերն ամրապնդվում, եւ Թուրքիան էլ՝ զրպարտությունների արժանանում: Դե իսկ ապրիլի 24-ին պարզից էլ պարզ էր, որ հայերը բազմապատկելու են իրենց ուժերը՝ ավելի մեծ թվով երկրների կողմից ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հասնելու համար, Թուրքիայի ընդդիմությունն էլ, համապատասխանաբար, ամեն նման դատապարտում դրոշակ է դարձնելու ընդդեմ Էրդողանի՝ համոզելու միջին ընտրողին, որ AK-ի արտաքին քաղաքականությունը տապալված է:



Նման իրադրությունում Էրդողանին ի՞նչ էր մնում անել, եթե ոչ ANZAC-ի օրն արարողություններ կազմակերպել եւ ընտրողների ուշադրությունը գոնե կիսով չափ ապրիլի 24-ի դատապարտումներից շեղել: Լավ կամ վատ՝ դա էլ արվեց: Իհարկե, Պոլիսում մի մասը ծիծաղում էր, թե Էրդողանի հրավերն ընդունած նախագահներին տեսեք` Չադ, Նիգեր, Պակիստան, Ադրբեջան, որ 1915-ին նույնիսկ քարտեզի վրա գոյություն չեն ունեցել, բայց դե, ամենքը Թուրքիայում այդքան պատմություն չգիտեն, եւ շատերն էլ հավատացին քարոզչությանը, որ Էրդողանի արտաքին քաղաքականությունը տապալված չէ: Էրդողանին դա էլ հարկավոր էր:



ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԽՈՐԱԳԻՐՆ ՈՒ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ



Ապրիլի 26-ին Պոլիսի Բողազիչիի համալսարանում, որ երկրագնդի 200 լավագույն համալսարաններից մեկն է համարվում, Թուրքիայի պատմության հիմնադրամի (Tarih Vakfi) եւ Կալիֆորնիայի UCLA համալսարանի կողմից գիտաժողով էր կազմակերպվել «Հայոց ցեղասպանություն. հայեցակարգեր եւ համեմատական դիտանկյուններ» (Armenian Genocide. Concepts and Comparative Perspectives) խորագրով: Անկարելի էր չհամաձայնել Tarih Vakfi-ի ներկայացուցչի դիտարկման հետ, որ կազմակերպված գիտաժողովը կրկնակի նշանակալից է, քանի որ ընթանում է այն քաղաքում, որտեղ ծրագրվել է ցեղասպանությունը, եւ այսօր զոհերի ու կազմակերպիչների սերունդները կողք կողքի են եկել լուսաբանելու եւ դատապարտելու այդ հանցագործությունը:



Առաջին նիստի վարողը, որ ազգությամբ հույն էր, ձայն վերցնելուց հետո ուղղեց, թե դահլիճում նաեւ կան մարդիկ, ովքեր ոչ կազմակերպիչների շառավիղներից են, ոչ էլ զոհերի: Ակնհայտորեն, այդ խմբին էին պատկանում հրավիրյալ զեկուցողները: Նրանց թվում էին Dirk Moses-ը` Ֆլորենցիայի Եվրոպական համալսարանից (Իտալիա), Ugur Umit Ungor-ը` Ութրեխտի համալսարանից (Հոլանդիա), Keith David Watenpaugh-ը՝ Կալիֆորնիայի համալսարանից (ԱՄՆ), Norman M. Naimark-ը՝ Սթանֆորդի համալսարանից (ԱՄՆ), Jay Winter-ը՝ Յելի համալսարանից, եւ այլն:



Ինքս առաջին երեք զեկույցներն եմ ունկնդրել՝ մեկը մյուսից ուշագրավ: Գիտաժողովը բացվեց Դիրք Մոսեսի «Ցեղասպանության հասկացությունը եւ ետպատերազմյան աշխարհակարգը» զեկույցով: Ներկայացվում էր, թե ինչ էվոլյուցիա է ապրել «ցեղասպանություն» եզրույթը, Երկրորդ աշխարհամարտից հետո մեծ տերություններն ինչ տարաձայնություններ են ունեցել դրա սահմանման շուրջ: Պրոֆեսորը հնարավորություն էր ունեցել ուսումնասիրելու ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի գաղտնազերծված ներքին գրագրությունները, եւ միանգամայն հետաքրքիր էր լսել, թե ով ինչու եւ ինչ վերապահումներ է ունեցել: Պրոֆեսորի դիրքորոշումն այն է, որ հրեաների Հոլոքոստն ամենեւին էլ եզակի երեւույթ չէ, եւ հայության հետ կատարվածը միանշանակ ցեղասպանություն է:



Երկրորդ զեկույցն ավելի հետաքրքիր էր, զեկուցողն ազգությամբ թուրք էր, ցեղասպանագետ չէր, այլ պատմաբան` Փինար Դոսթ-Նիյեգոն, ով վերջին երկու տարում աշխատել էր թեմայի շուրջ, որը վերնագրված էր. «Հոլոքոստի ընկալումը Թուրքիայում. Հոլոքոստի պարադիգմայի կիրառումը Հայոց ցեղասպանության նկատմամբ»: Տիկին Նիյեգոն ներկայացրեց 1990-2000-ականներին Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ծավալված համագործակցությունը Հայոց ցեղասպանությունը մերժելու եւ, մյուս կողմից, Թուրքիայի դրական իմիջ ստեղծելու գործում, իբր Հոլոքոստի տարիներին Թուրքիան հրեաների է փրկել: Ինչ խոսք, այժմ համագործակցությունը դադարել է, բայց հետաքրքիր էր լսել, թե ընդամենը մեկ տասնամյակ առաջ ինչ աշխատանքներ են տարվել ընդդեմ Հայոց ցեղասպանության:



Երրորդ զեկույցը վերնագրված էր. «Զանգվածային բռնությունների ուսումնասիրման վերջին միտումները եւ Հայոց ցեղասպանությունը»: Զեկուցում էր Հոլանդիայից ցեղասպանագետ, պրոֆեսոր Ուգուր Ումիթ Օնգյուրը, ով զեկույցին զուգահեռ Հայոց ցեղասպանության զոհերի տեղաշարժի մի քարտեզ ներկայացրեց, ինչից երեւում էր, որ սպանությունները եւ աքսորը նույնկերպ չեն իրականացվել տարբեր վիլայեթներում: Դիարբեքիրի նահանգապետի ինքնաբուխ վայրագությունների եւ հայերի կոտորածներին մասնակցելու համար քրդական ջոկատների ներքին մրցակցության մասին հետաքրքիր փաստեր ներկայացվեցին: Իսկ ֆրազը, որ մեկընդմիշտ մնաց հիշողությանս մեջ, Օնգյուրի պատասխանն էր լսարանից տրված մի հարցի, երբ պրոֆեսորն ասաց, որ Ռաֆայել Լեմկինը «գենոցիդ» բառն ստեղծել է՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը, եւ ոչ ոք չի կարող ավելի ճիշտ իմանալ, թե ինչ է ցեղասպանությունը, եւ ում է այն վերաբերում, քան մարդը, որ ստեղծել է «ցեղասպանություն» եզրույթը:



ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԻԲՐԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ



Գիտաժողովում մի խոսուն միջադեպ եղավ. թուրքախոս մի ծեր մարդ լսարանից տրվող հարցերի ժամանակ ասաց, թե դուք հայերի հանդեպ ցեղասպանությունից եք խոսում, մինչդեռ հայերն էլ թուրքերին են կոտորել: Ամբիոնից Դիրք Մոսեսը պատասխանեց, որ եթե հայերն ինքնապաշտպանվել են, դա չի նշանակում, թե ցեղասպանություն չի եղել: Կանանց, մանուկների, ծերերի սպանությունը կամ աքսորն ի՞նչ կապ ունի ռազմական դիմադրության կամ իրավիճակի հետ: Ամբողջ դահլիճը, որտեղ 90 տոկոսը թուրք ուսանողներ էին, այնպես թնդաց հավանության ծափահարություններից, որ այլեւս նման հարց չհնչեց: Այո, ջինը դուրս է թռչել, եւ մի քանի տարի հետո Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում հերքելը կդառնա չափազանց դժվար:



Եվ ես, ինչպես Պոլսո մեր Պատրիարքական ընդհանուր փոխանորդը` Արամ արք. Աթեշյանը, չեմ հավատում, թե ներկա տեղաշարժը կատարվել է առանց AK կուսակցության հավանության: Սրբազանն ասում է. «Էրդողանը եղբայրս ըլլար, պատիվ պիտի համարեի»: Իսկ նման ֆրազ հենց այնպես չի ասվում:
Շարունակելի