Թուրքիայում հայկական թեմատիկայի էվոլյուցիան

Թուրքիայում հայկական թեմատիկայի էվոլյուցիան

Պոլիսյան օրագրությունն ավարտելուց առաջ երեւի իմաստ ունի հայ-թուրքական հարաբերությունների հատկապես Ցեղասպանության թեմայի շուրջ զարգացումների վերաբերյալ իմ որոշ դիտարկումները եւ խոհերը ներկայացնել` համարյա առանց տեղեկատվական բաղադրիչի:



ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ



Օրինաչափ է, թե ոչ, բայց ամենից աննպաստ տպավորությունը, որ ստացա Թուրքիայում ճանապարհորդությունից, Դիարբեքիրից էր: Իհարկե, այնտեղ էլ կան կիրթ, հարգարժան մարդիկ, որոնցից մի քանիսի հետ զրուցելու առիթ եղավ, սակայն, միեւնույն է, ճնշող զգացողությունը Դիարբեքիրում` փողոցի սովորական անցորդից, կրպակավաճառից, ռեստորանի մատուցողից, ուղղակի չորս կողմդ շարժվող մարդկանցից միանգամայն վանող է: Այդտեղ նույնիսկ աղքատության, անբարեկարգության, անճաշակության հարցը չէ, ուղղակի Դիարբեքիրի բնակիչներից, որ 95 տոկոսով քրդերն են` տարեց լինեն, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, ինչ-որ վայրագ աուրա է հորդում, եւ դա է հատկապես վանողը:



Այլ հարց, որ քրդական շրջանակների չհռչակված մայրաքաղաք Դիարբեքիրում, առավել եւս Արեւմտյան Հայաստանի մնացյալ տարածքներում բացվող անտերունչ ու թշվառ պատկերն իմ աչքում դրական հանգամանք է: Առաջինը Դիարբեքիրում լինելուց հետո միանգամայն վստահ եմ, որ Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի դառնա: Եթե երկրի տարածքի ավելի քան 60 տոկոսն ավելի վատթար վիճակում է, քան Դիարբեքիրը, ապա ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի շանսերն ավելին չեն, քան որեւէ աֆրիկյան երկրի: Մի Պոլիսով կամ Զմյուռնիայով ոչ մեկին չես մոլորեցնի:



Երկրորդ, միայն Դիարբեքիրում լինելուց հետո ես հասկացա, թե որքան ճիշտ էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը, աելով. «Այդպես չէ, թե Թուրքիան Հայաստանին լավություն է անելու սահմանը բացելով, Թուրքիային բաց սահմանն ավելի հարկավոր է, որ իր արեւելյան շրջանները զարգացնի»: Հայաստանում ինչից, ումից, ինչպես էլ դժգոհենք, միեւնույն է, Հայաստանի ցանկացած մարզ, մարզի ամենահեռավոր գյուղ ուղղակի Իտալիա ու Ֆրանսիա է Թուրքիայի արեւելյան շրջանների համեմատ:



Հետեւաբար, մինչեւ սահմանը չբացվի, մինչեւ հայերը ներկայություն ու շարժում չունենան Արեւմտյան Հայաստանի տարածքներում, այդտեղ ոչ մի առաջընթաց էլ չի արձանագրվի: Այն, ինչ Լլոյդ-Ջորջն ասում էր հարյուր տարի առաջ, որ հայերը միակ քաղաքակիրթ տարրն են Անատոլիայում (Արեւմտյան Հայաստանում), բացարձակ ճշմարտություն է նաեւ այսօր:
Կբացի Թուրքիան Հայաստանի հետ սահմանը, թե ոչ` դժվար է ասել: Ի վերջո, դա զուտ դիվանագիտության հարց է, ի հակադրություն Ցեղասպանության խնդրի, որտեղ նաեւ հասարակությունը խոսքի եւ գործի հնարավորություն ունի:



Սահմանի բացմանն ամենքն էլ կողմ են, բացառությամբ ինչ-որ ՀԿ-ների, որոնց Իլհամ Ալիեւը հիմնադրում եւ ֆինանսավորում է Հայաստանին սահմանամերձ թուրքական բնակավայրերում, որպեսզի դրանք սահմանի բացման դեմ աղմկեն: Սակայն քանի որ աղմուկի մոտիվները, հովանավորն ու ռեսուրսները հայտնի են, ջանքերն առանձնակի արդյունք չեն տալիս: Գործնականում ուղղակի Թուրքիայի իշխանության հաշվարկների հարցն է` բացել սահմանը, թե չբացել կամ երբ բացել: Թեեւ փակ սահմանն այնքան է խոչընդոտում Եվրոպայի հետ Հայաստանի ինտեգրմանը, որ իմաստ ունի Արեւմուտքից ճնշումները բազմապատկեն, որպեսզի սահմանը բացվի:



ԱՀՄԵԴ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ «ԷՎՐԻԿԱՆ»



Իսկ, ահա, Ցեղասպանության խնդրում շատ մեծ տեղաշարժ է: Հարցը միայն այն չէ, որ 20-25 տարի առաջ Թուրքիայում ոչ ոք Հայոց ցեղասպանության մասին նույնիսկ չէր լսել, միայն նրանք գիտեին, ովքեր արտերկրում հայերի էին հանդիպել կամ արտերկրում կրթություն էին ստացել: Ընդամենը 10-12 տարի առաջ Թուրքիայի սահմանադրության 301 հոդվածով ում ասես բանտ կնետեին Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Իսկ այսօր ամբողջ Թուրքիան է Ցեղասպանությունից խոսում: Մարդիկ ընդունում են 1915-ի Հայոց ցեղասպանությունը, թե ժխտում են՝ այլ խնդիր է, բայց, համաձայն սոցհարցումների, հասարակության միայն 25 տոկոսն է, որ ոչինչ չի լսել կամ չգիտի Հայոց ցեղասպանության մասին: Իսկ սա տեկտոնական տեղաշարժ է:



Իհարկե, այդտեղ ամեն հարգանքի եւ գնահատման են արժանի նախ այն ՀԿ-ները եւ անհատները, որոնք 20-30 տարի առաջվա դժնդակ պայմաններում են Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» բառերն արտասանել ու դրա ճանաչման համար պայքարել: Ինչ խոսք, AK-ի իշխանության ներքո Թուրքիայի ընդհանուր ժողովրդավարացման ընթացքը, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո հայ-թուրքական հասարակական շփումները խթանելու Արեւմուտքի հետեւողական քաղաքականությունը բերեցին նրան, որ այսօր Թուրքիայում ամենուր հայկական թեմատիկայից ու Ցեղասպանությունից է խոսվում: Սակայն, կարծում եմ, այդ ամենը բավարար չէր լինի, եթե Թուրքիայի այսօրվա իշխանությունը` AK-ն, Հայոց ցեղասպանության խնդրի լուծումն իր համար գտած չլիներ:



Ժամանակը ցույց կտա, թե որքանով են իմ տպավորությունը եւ դիտարկումները ճիշտ, սակայն ինձ թվում է, որ AK-ի՝ իշխանության մնալու պարագայում մի քանի տարվա հարց է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Իմ դիտարկմամբ, AK-ն հասարակական մակարդակում չի խոչընդոտում, նույնիսկ նպաստում է Հայոց ցեղասպանության թեմայի արծարծմանն ու ճանաչմանը, որովհետեւ, ի վերջո, հասկացել է, որ նախ իրականություն մերժելը հեռանկարային գործ չէ, եւ հետո, ինչն ավելի էական է` հաշվարկել են, որ Հայոց ցեղասպանությունն ընդունելը եւ նույնիսկ վերապրողների շառավիղներին հատուցում տալը մեծ խնդիր չէ Թուրքիայի համար:



Թերեւս Էրդողանն ինքը եւ մնացյալն էլ գիտակցել են, որ Ահմեդ Դավութօղլուի մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի համար լավագույն բանաձեւն ու տարբերակն է այդ թեմայի հետ կապված խնդիրները կարգավորելու: Դավութօղլուի մոտեցումն ի՞նչ է. նա ասում է, որ այն, ինչ կատարվել է 1915-ին, կատարվել է Օսմանյան կայսրության քաղաքացիների հանդեպ, Թուրքիան, իբրեւ Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պատրաստ է իր քաղաքացիների շառավիղների իրավունքները ճանաչելու եւ վերականգնելու Թուրքիայի իրավազորության շրջանակում: Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ փոխհատուցումը դիտարկել իբրեւ Օսմանյան կայսրության քաղաքացիների անհատ շառավիղների հետ կարգավորվող խնդիր: Սա է Դավութօղլուի «էվրիկան», որ Թուրքիայի համար Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման հարցում վերացնում է գրեթե ամեն բարդություն:



ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՑ Է ՕՍՄԱՆՅԱՆ ՀԱՅԵՐԻ ՇԱՌԱՎԻՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ



Էրդողանն ի՞նչ է ասում` «Թուրքիան բաց է օսմանյան հայերի շառավիղների առաջ»: Դիցուք, այդ տրամաբանությամբ Թուրքիան գնա ամենաարմատական քայլին, արեւմտահայերի շառավիղներին առաջարկվի ընդունել Թուրքիայի քաղաքացիություն, թեկուզեւ երկքաղաքացիություն եւ ետ ստանալ իրենց նախնիների անշարժ գույքը, եթե պատկանելությունը փաստաթղթերով հաստատվի: Որքան հայ շահագրգռություն կունենա Թուրքիայի քաղաքացիություն ստանալու եւ Արեւմտյան Հայաստան տեղափոխվելու: Թող ամենաանհնար ու ֆանտաստիկ թվերն իրականություն դառնան` դիցուք, մեկ միլիոն, երկու միլիոն, անգամ Հայաստանի չափ` երեք միլիոն մարդ գնա Թուրքիայի հայկական վիլայեթներում, նախնյաց կալվածքներում ապրելու: Դա ո՞ւմ օգուտ կտա, Թուրքիայից բացի: Յոթանասուն քանի միլիոնանոց Թուրքիայում երկու-երեք միլիոն հայությունն ի՞նչ խնդիր պետք է ստեղծի: Ընդհակառակը, հայկական էթնոսի հաստատումն Արեւմտյան Հայաստանում, մի կողմից, քրդերի ինքնավարության հավակնություններն ու ծրագրերը կվիժեցնի մինչեւ վերջ, մյուս կողմից՝ հայկական էթնոսի, կապիտալի, աշխատուժի ներհոսքը միայն Թուրքիայի զարգացմանը կպաստի:



Եթե այն տարբերակն էլ լինի, որ հայերից շատերը հրաժարվեն հայրենադարձվել Թուրքիայի իրավազորության ներքո գտնվող Արեւմտյան Հայաստան, եւ միայն նյութական փոխհատուցման խնդիրը մնա, դա էլ ահռելի գումարների հարց չէ: Ամբողջ 19-րդ դարում արեւմտահայության ունեւոր հատվածը վիլայեթներից անվերջ հեռացել է դեպի Պոլիս եւ Իզմիր (Զմյուռնիա): Հարուստ հայերը Պոլիսում էին կամ Իզմիրում, նրանք վիլայեթներում չէին: Իսկ Պոլիսի կամ Իզմիրի հայությանը, նրանց ունեցվածքին Ցեղասպանության տարիներին գրեթե ձեռք չեն տվել: Հետագայում, 20-րդ դարի կեսերին, Թուրքիայի Հանրապետությունն այդ ունեցվածքը բռնազավթեց, բայց դա այլ պատմություն է: Մնում է վիլայեթների հայության ունեցվածքը, որտեղ հիմնականում աղքատություն է տիրել: Ամեն դեպքում այն, ինչ եղել է, դեռ պետք է ինչ-որ արխիվներով, ֆինանսական փաստաթղթերով, գրանցամատյաններով հաստատվի, որ վերադարձման կամ փոխհատուցման ենթակա դառնա: Իսկ եթե նախնիների մահվան համար հատուցում տրվի շառավիղներին, ապա այսօր ապրող շառավիղները պետք է գոնե նախնիների անուն-ազգանունները, հարազատներին, բնակավայրերը գիտենան, որ մահերը հաստատեն ու փոխհատուցում պահանջեն:



Ամեն պարագայում, Թուրքիայի իրավազորության շրջանակում Ցեղասպանության զոհերի շառավիղների իրավունքները ճանաչելը եւ փոխհատուցելը տարիների, տասնամյակների աշխատանք է բացում, որ ավարտում է թեման: Թուրքիայում որոշել են, որ այդ ուղղությամբ էլ պետք է շարժվել: Դրա համար էլ Ցեղասպանության թեմայի արծարծումներից բոլոր սահմանափակում-ճնշումները հանվել են, փոխարենը Հայոց ցեղասպանությունն իբրեւ սեփական պատմության մի դրվագ ուսումնասիրելու, հաղթահարելու միտումներ են ցուցաբերվում: Այնպես որ, CHP-ի 90 տարվա ոսկրացած մոտեցումները AK-ն հիմնավորապես վերանայել է:



Այլեւս չասած, որ ընդդիմադիր CHP-ում, գոնե մինչեւ Քեմալ Քիլիչդարօղլուի առաջնաբեմ գալը, քեմալականներ էին, իսկ քեմալականներն էլ Հայոց ցեղասպանությունն իրագործած իթթահատականներից են սերել, հետեւաբար, ամեն անգամ «Իթթահատ վե Թերաքքի» ասելիս կողմնակիորեն նաեւ CHP-ի ակունքներն են բացասական լույսի ներքո հոլովում, ինչը համահունչ է Էրդողանի եւ AK-ի շահերին:



Եվ թերեւս միայն թուրքական հասարակության, քաղաքացիական իրավունքների համար պայքարող անհատների եւ խմբերի պարագայում է Հայոց ցեղասպանության թեման, դրա ճանաչման համար պայքարը երկրի գործած մեղքերից հեռանալու ու մաքրագործվելու հնարավորություն, որը գրավում է խիզախ, ազնիվ ու կիրթ մարդկանց: