Պարոն, այո, պարոն Ծառուկյան (տեսանյութ)

Պարոն, այո, պարոն Ծառուկյան (տեսանյութ)

Մինչ Սերժ Սարգսյանն արդեն երկու օր է Օպերայում համերգների է մասնակցում, Գագիկ Ծառուկյանը, ժողովրդի հոգսն է հոգում: Այս անգամ նա «դեղորյաք», «շպալներ» ու այլ անհրաժեշտ բաներ էր դարսել իր թիկունքում և կանգնել «Կենտրոն» հեռուստատեսության տեսախցիկների առաջ:



Չէինք ասի՝ ինքնագովազդվում էր: Այսքանից հետո ինքնագովազդվի որ ի՞նչ անի: Շատ ավելի ճիշտ կլինի ասել՝ Գագիկ Ծառուկյանն իր տարերքի մեջ էր: Բարեգործությո՞ւն է դա, թե բիզնեսը ճիշտ առաջ տանելու ձև, այլ հարց է: Այդ մասին թող Սերժ Սարգսյանը մտածի, ով կասկածի տակ էր առել Գագիկ Ծառուկյանի բարեգործությունն ու հետաքրքրվել՝ որքա՞ն հարկեր է թաքցնում այդ հաջողակ բիզնեսմենը:



Դիտելով «Կենտրոնի» տեսանյութը, որտեղ ժողովուրդը պարզապես աստվածացնում է Ծառուկյանին, գալիս ենք այն եզրակացության, որ Ծառուկյանը ոչ միայն հարկեր չի թաքցնում, այլև, իր բերանից կտրելով, ի վնաս իրեն, փորձում է աջակցել մարդկանց: Եվ սա հեքիաթ չէ: Նա խոսք է տալիս չիջեցնել խաղողի մթերման գինը, թեև Ռուսաստանում շատ ավելի քիչ ու ավելի էժան է իրացվում կոնյակը: Իսկ ինչո՞ւ է Ծառուկյանն այդ քայլին գնում, ինչո՞ւ է հատկապես Ծառուկյանը գնում, ով, թվում է, շահագրգռված չպետք է լիներ, որ գյուղացիական շրջաններում դժգոհություններ չլինեին:



Եվ այստեղ գալիս, հանգուցվում է նախորդած իրադարձությունների ողջ տրամաբանությունը՝ Ծառուկյանը հեռացվեց քաղաքականությունից (հիշեք այդ օրերի երիտ-ՀՀԿ-ական հորթային հրճվանքը), ապա՝ ՀՀԿ-ականների գլխին ձյուն եկավ՝ Ծառուկյանի փեսան նշանակվեց մարզպետ, իսկ ՀՀԿ-ին էլ պարտադրվեց պաշտպանել Ծառուկյանի թեկնածուին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Ծառուկյանը բացեց «Առինջ-մոլ»-ը, այսօր խաղողագործների աստվածն է: Եթե այս ամենը կապված չեն միմյանց հետ, ուրեմն մենք Հայաստանը վատ ենք ճանաչում, իսկ եթե կապված են, ապա միանշանակ է, որ Ծառուկյանը եղել, կա և մնում է իշխանությունների աջ ձեռքը՝ հիմա արդեն առանց այլընտրանք-մայլընտրանքի, այլ ուղիղ: Այս օրերի հատուկ պատկերավոր լեզվով ասած՝ Ծառուկյանն այսօր Սերժ Սարգսյանի թիկունքի պետն է:



Իսկ այն մտագարությունը, թե Ծառուկյանը հայ բուրժուադեմոկրատական հեղափոխության կարապետն է, պարզապես ցնորքի արդյունք էր: Եթե ոմանք ցանկություն կունենան մեզ հետ վիճալ այդ հարցում, ապա թող դիտեն «Կենտրոնի» տեսանյութը և փորձեն հասկանալ, թե ինչո՞ւ խաղողագործները Ծառուկյանից չհետաքրքրվեցին՝ պարոն Ծառուկյան, իսկ իշխանափոխություն չեք անելո՞ւ...