Ինչո՞ւ այդքան դժգոհ ու դժբախտ

Ինչո՞ւ այդքան դժգոհ ու դժբախտ

Երկար տատանվեցի՝ այս ռեպլիկը գրե՞լ, թե՞ ոչ: Մի կողմից՝ իրադարձությունն աննշան էր. Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ Երեւանի մամուլի ակումբը եւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը երկօրյա սեմինար էին կազմակերպել, որին հրավիրված էին լրատվադաշտի եւ քաղհասարակության այն ներկայացուցիչները, ովքեր մեկնելու են Ռիգա: Իհարկե, Ռիգա հրավիրված բոլոր մարդիկ ներկա չէին սեմինարին, ոչ էլ սեմինարի բոլոր մասնակիցներն էին Ռիգայի հրավիրյալներ, բայց մի որոշ համընկնում կար:



Սեմինարում առանձնապես հետաքրքիր տեղեկատվություն կամ քննարկում չկար, որովհետեւ համարյա բոլոր բանախոսները ՀԿ-ների ղեկավարներ էին (մեկը՝ նաեւ պատգամավոր), ում տեղեկացվածության աղբյուրը լրատվամիջոցներն են: Միակ հետաքրքիր ելույթը, որ սեմինարում նախատեսված էր, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի խոսքն էր: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. Մելքոնյանը եղել է ԵՄ-ի հետ Հայաստանի գլխավոր բանակցողը DCFTA-ի (Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի) գծով, եւ այսօր էլ ինքն է ղեկավարում Հայաստանի աշխատանքային խումբը, որի հետ Բրյուսելը վերջին մի քանի ամիսներին համատեղ վերանայեց Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի տնտեսական բլոկները` որոշելու, թե դրանց որ հատվածները կարող են տարվել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիր: Այդքանով էլ Մելքոնյանից հնարավոր էր բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալ՝ սկսած այնտեղից, թե DCFTA-ի մոտավորապես որքան մասն է պահպանվելու նոր համաձայնագրում, կամ ինչ նորություններ կլինեն, մինչեւ այն, թե Հայաստանի հետ բանակցելու Եվրահանձնաժողովի նոր մանդատն արդյոք հաստատված կլինի՞ մինչեւ Ռիգայի գագաթնաժողով, եթե՝ ոչ, ապա երբ է ակնկալվում մանդատը, որքան կարող են տեւել բանակցությունները եւ այլն:



Մինչդեռ, պարզվում է, սեմինարին մասնակցող ՀԿ-ների ղեկավարների համար ավելի էական էր այն, որ դեմառդեմ պետական պաշտոնյայի են հանդիպել, հետեւաբար, որքան դժգոհություն ունեն Հայաստանի իշխանություններից, պետք է հենց այդ դահլիճում, այդ պաշտոնյայի ներկայությամբ հռետորական ելույթներով շարադրեն: Այն գրառումները, որ հանգիստ կարող էին անել սոցիալական ցանցերում, որոշեցին՝ որպես կարծիք թե ելույթ, հնչեցնել սեմինարում: Սակայն դա էլ դեռ ամբողջ խնդիրը չէր, թեեւ գրեթե ողջ ժամանակը վատնվեց դժգոհության մանիֆեստացիաների վրա:



Ամենից ապշեցնողն այն էր, թե ԵՄ-ի հետ իբր քաղհասարակության մակարդակում համագործակցող անձինք, հատկապես ԱլԳ Քաղաքացիական ֆորումի ազգային պլատֆորմի ղեկավար կազմը, որքան դժբախտ է իրեն զգում այն իրականությունից, որ ԵՄ-ն Հայաստանի հետ չխզեց հարաբերությունները եւ չի խզում նույնիսկ տնտեսական հարաբերությունները: Մարդը չարացածության ու դժգոհության ինչ աստիճանի պիտի հասած լինի, որ հարց ձեւակերպի. «Ինչո՞ւ ԵՄ-ն Հայաստանին չի զրկում GSP+ արտոնություններից»: Մեկ ուրիշը մի այլ հարցի կապակցությամբ ռեպլիկով արձագանքում է. «Եվրոպայի վիճակը վատ է, եթե հավատում են Հայաստանի արտգործնախարարին կամ մնացյալ բանակցողներին»: Մի երրորդն ուղղակի երազում է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի գործողության ժամկետն ավարտվի, երբ դա անժամկետ համաձայնագիր է ու գործողություն դադարելու հեռանկար չունի: Չորրորդին թվում է, թե Դոնբասում խճճված Ռուսաստանը գերտերություն է, եւ ՌԴ-ի դատարկ քարոզչամիջոցներն էլ Հայաստանի վրա ազդեցություն ունեն:



Արդյունքում տեսանելին, չասելու համար ճչացողը, ԵՄ-ի հետ աշխատող Հայաստանի քաղհասարակության ճնշվածությունն ու հիասթափությունն էր առ այն, որ ԵՄ-ն շարունակում է հետաքրքրված մնալ Հայաստանով, Հայաստանի հետ նոր համաձայնագիր է քննարկվում, անգամ ընդարձակ տնտեսական բլոկ է նախապատրաստվում… մինչդեռ պետք է հակառակը լիներ, եւ արժե, որ ոմանք այդ մասին մտորեն Ռիգա մեկնելուց առաջ: