Մենք բոլորս Պալաչ չենք, բայց նա հետաքրքիր թեկնածու է

Մենք բոլորս Պալաչ չենք, բայց նա հետաքրքիր թեկնածու է

Հենց սկզբից ասեմ` թող ոչ մեկի մտքով չանցնի, որ նախընտրական ինտրիգային իրավիճակներ հարուցելու գործում Սերժ Սարգսյանից մեկ օր շուտ է ծնվել: Չկա նման բան, եւ, առհասարակ, տոկոս խփողին տոկոս խփել չեն սովորեցնի, ինչպես քեռուն` քեռակնոջ հետ քնել: Սերժ Սարգսյանը, ի տարբերություն շատերի, հասկանում ու բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի դերը համակարգի պահպանման ու վերարտադրության գործում: Այդ իսկ պատճառով հակածառուկյանական արշավը շատ երկար ու խորքային չէր: Ասեցին-խոսեցին, պիտակներ դրեցին` վերջացավ-գնաց: Ժողովուրդն էլ կարող է հանգիստ լինել` Ծառուկյանի պես թագավոր «ախպորը» նեղացնող չկա: Այդ կինոն սկսվել եւ ավարտվել է փետրվարի 12-ի ՀՀԿ հայտնի նիստում:



Ես չէ, դուք մտածեք` փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը «կնիքներ» է բացում, իսկ ապրիլին Գագիկ Ծառուկյանը` «Առինջ-մոլ»: Մեկ ամիս էլ չանցած` Գագիկ Ծառուկյանը դարձյալ բարեգործության մեջ է. ողջ խաղողը մթերելու խոստումներ է տալիս, իսկ հարկայինը ձեւ է տալիս, թե ստուգում է Ծառուկյանի հարկային գործերը: Փաստորեն, փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանն ընդամենը մի քիչ ուրախացրեց Կարեն Ավագյանի տիպի երիտհհկականներին եւ վերջ: Բայց Սերժ Սարգսյանն այնքան իրական խաղաց իր դերը, որ Ծառուկյանի բոլոր քավորներն ու «մեծերը» հասան Երեւան, հասկանալու` հո լուրջ բան չի՞ պատահել: Պարզվեց` շատ լուրջ բան չէ պատահածը, եւ Սերժ Սարգսյանն այդ քայլով, պարզապես, Գագիկ Ծառուկյանին հնարավորինս պատվով հանել է հրաշալի եռյակից, որպեսզի մարտի 1-ը, հետո նաեւ` Ցեղասպանության 100-ամյակը դիմավորի առանց եռյակի: Ավելի ուշ, երբ Հովիկ Աբրահամյանի տանը կենացներն ավելի են քաղցրացել, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը խոստացել է Աբովյան քաղաքից բացի Ծառուկյանին մենաշնորհել նաեւ Կոտայքի մարզը` փեսային դարձնելով մարզպետ:



Բնականաբար, դրանից հետո առաջանալու էր հարցը` իսկ ո՞վ կլինի Աբովյանի քաղաքապետ: Եվ այստեղ է, որ Սերժ Սարգսյանն անում է մի քայլ, ինչին ամենաքիչն էին սպասում բոլորը: Նա որոշում է պաշտպանել Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ Վահագն Գեւորգյանի թեկնածությունը: Հիշեք Գյումրիի քաղաքապետի ընտրությունները, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պաշտպանելու է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Այն ժամանակ էլ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հարաբերություններն արտաքուստ շոկոլադային չէին, բայց Սերժ Սարգսյանն արգելեց իր կուսակից Վարդան Ղուկասյանին առաջադրվել:



Իսկ հիմա պատասխանեք մեր հարցին. այս պահին ավելի շատ ո՞ր կուսակցության քաղաքապետն է Սամվել Բալասանյանը: Միայն թե չասեք անկուսակցական է: Այսօր Սերժ Սարգսյանը կուսակցությունից հեռացնում է ՀՀԿ-ական Պալաչին` Արթուր Հարությունյանին, խանգարում նրան, բացահայտ հայտարարում, որ ՀՀԿ-ն պաշտպանում է Գագիկ Ծառուկյանի թեկնածուին: Զուգահեռները Գյումրիի քաղաքապետի ընտրությունների հետ ակնհայտ են, չէ՞: Բայցեւ տարբերությունն է ակնառու` Պալաչը, ինչպես Վարդան Ղուկասյանը, չի դադարեցնում պայքարը, ավելին` կուստոմսն է թողնում ՀՀԿ գրասենյակում, եւ սա այն դեպքում, որ Պալաչն իր բիզնեսով ու իր գոյությամբ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին է պարտական: Ծառուկյանը, ախր, մի քանի րոպեում «կխժռեր» նրան: Իսկ ո՞վ թույլ չի տվել…



Փետրվարի 12-ի ցունամիից հետո ջրերի շատ արագ հանդարտվելն այնքան էլ լավ չէր ՀՀԿ-ի համար: Այս կուսակցությունը պարտավոր է վերջապես իմանալ, թե ինչ է անում իր ղեկավարը: Բայց… դրել ես` արի տար. անտեղյակ են ու չեն էլ փորձում հետաքրքրվել: ՀՀԿ-ն, օրինակ, ունի՞ բացատրություն, թե ինչու է պաշտպանելու Գագիկ Ծառուկյանի թեկնածուին: Այս հարցը, առհասարակ, քննարկվե՞լ է ՀՀԿ-ում: Իրեն հարգող կուսակցությունը կինքնալուծարվեր, կընկներ քարից, բայց ՀՀԿ-ի դեպքում ամեն ինչ նորմալ է: Եվ հանկարծ խիստ «սկզբունքային» պահպանողականները մի բան են ասում, որից եփած հավի ծիծաղն էլ կգա. «Պալաչին հեռացրել ենք, որովհետեւ նա չի ենթարկվել կուսակցության որոշումներին եւ առաջադրվել է»: Տո լավ է, գլխիս նոր Դաշնակցություն է ի հայտ գալիս` «հեռացրել ենք, որովհետեւ կուսակցության որոշումներին չի ենթարկվել»: Գոնե գրեք` Սերժ Սարգսյանն է ասել` հեռացրեք: Այդպես ավելի սկզբունքային կլինի, իսկ Սերժ Սարգսյանի խաղը` ավելի բնական:



Չնայած ՀՀԿ-ականների անդյուրաշարժությանը, Սերժ Սարգսյանը փայլուն խաղ է ցույց տալիս: Նա Պալաչից մրցունակ թեկնածու է պատրաստում: Իհարկե, Արթուր Հարությունյանին դեռ այնքան «հուպ չեն տվել», որ ժողովուրդը թափվի փողոց ու հայտարարի. «Մենք բոլորս Պալաչ ենք», բայց արդեն կա ներքին «համակրանք» այս թեկնածուի հանդեպ: Նաեւ հարց է, թե ընտրությունների օրը նշված թեկնածուներից իրականում ո՞ւմ կաջակցի ՀՀԿ-ն, ի՞նչ կհրահանգի Սերժ Սարգսյանը վերջին պահին: Իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանը, ով վստահ էր, որ Աբովյանում ՀՀԿ-ի սեփական թեկնածուն անելիք չուներ, կփորձի ցուցադրել իր համակրանքը Ծառուկյանի թեկնածուի հանդեպ, որպեսզի վաղը հեշտ լինի կիսել հաղթանակի դափնիները եւ, իհարկե, Աբովյանի ապագա քաղաքապետին:



Մնաց հասկանալ, թե ինչ դերակատարություն կարող է ունենալ Պալաչը: Դա այնքան էլ հեշտ չի լինի, եթե չմտաբերենք Գագիկ Ծառուկյանի արած մի հայտարարությունը, թե ինքը երբ ցանկանա, կարող է ընտրվել: Կարծում ենք, Սերժ Սարգսյանից եւ ՀՀԿ-ից «հալածված» Արթուր Հարությունյանն ամեն կերպ կփորձի բարդացնել իշխանության եւ Գագիկ Ծառուկյանի միասնական թեկնածուի կյանքը: Իսկ եթե մի փոքր էլ բնական խաղա իր դերը, կարող է նույնիսկ ընդդիմադիր ձայների հավակնել: Այ, այդ ժամանակ էլ Սերժ Սարգսյանն իր խոսքը կասի, թե թեկնածուներից հատկապես ում օգտին տոկոս խփել: Եվ կարող է պարզվել, որ Ծառուկյանի համար նույնիսկ Աբովյանում «ընտրություններ կրելն» է պրոբլեմ: