Տեղի ուենցավ «Ալյանսի» հիմնադիր համագումարը․ Ուրիխանյանը շնորհակալություն հայտնեց ԲՀԿ-ին

Տեղի ուենցավ «Ալյանսի» հիմնադիր համագումարը․ Ուրիխանյանը շնորհակալություն հայտնեց ԲՀԿ-ին

Այսօր Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ալյանս» ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը։ Ինչպես հայտնի է, կուսակցության նախաձեռնող խմբի անդամներից է նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Դահլիճը բավականին բազմամարդ էր։ Համագումարին ներկա էին նախկին ԲՀԿ-ականներ, այժմ անկախ պատգամավորներ Արագած Ախոյանը, Մարտուն Գրիգորյանը, Բազմասեր Առաքելյանը, ԲՀԿ ներկայիս խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» կուսակցությունից վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նաև այլ՝ արտախորհրդարանական որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ, օրինակ՝ Գառնիկ Իսագուլյանը։ Մեծ թիվ էին կազմում երիտասարդները։
Առաջին ելույթը վերապահված էր Տիգրան Ուրիխանյանին, ում անունը օրակարգում առայժմ նշված էր որպես նախաձեռնող խմբի անդամ։



Վերջինս բավականին երկարաշունչ ելույթ ունեցավ՝ խոսելով երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակի, խնդիրների, քաղաքական համակարգի մասին՝ իր խոսքում քննադատական ակնարկներով մերթ ընդ մերթ անդրադառնալով իշխանություններին և իշխանության առանձին ներկայացուցիչների, թե ով ինչ է արել ժամանակին կամ ինչեր է ասել և այլն։ Ըստ նրա՝ այսօր սերնդափոխության կարիք է զգում քաղաքական դաշտը, և իրենց էլ հենց երիտասարդ, ազգի խնդիրներով մտահոգ պարկեշտ ու ազնիվ քաղաքացիներ են հարկավոր՝ «Ալյանսի» միջոցով իրականացնելու երկրում առկա մարտահրավերների դեմ պայքարն ու խնդիրների լուծումը։



Վերջում նա իրեն պարտավորված համարեց շնորհակալություն հայտնել իր նախկին կուսակցությանը՝ ԲՀԿ-ին, ում հետ երկարամյա քաղաքական ճանապարհ է անցել և որի գաղափարական ջահակիրն է եղել ինքը մինչև վերջ, դեռ մի բան էլ ավելին։ Նկատենք, որ ԲՀԿ ներկայիս առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը ներկա չէր համագումարին։



Ըստ Ուրիխանյանի, սակայն, քաղաքական վերջին իրադարձություններից, հատկապես ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած «փետրվարյան հեղափոխությունից» հետո նոր կուսակցության ստեղծումն իր համար ուղղակի օրվա հրամայական էր։



Իր խոսքում Ուրիխանյանը նաև մի գեղարվեստական դիտարկում արեց․ «Կլինեն մարդիկ, ովքեր չեն իմանա Սենեկայի կամ Շոպենհաուերի ցիտատները, բայց այն, որ կա Շիրվանզադե, ով գրել է Քաոսը, դա պետք է իմանալ»։



Իսկ թե ինչ կստացվի այս ամենից, Ուրիխանյանը դեռ չգիտի․ ցույց կտա ժամանակը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ