Մարտուն Գրիգորյանը ճիշտ չի համարում զուգահեռներ անցկացնել բազմամյա ԲՀԿ-ի և նորաստեղծ «Ալյանսի» միջև

Մարտուն Գրիգորյանը ճիշտ չի համարում զուգահեռներ անցկացնել բազմամյա ԲՀԿ-ի և նորաստեղծ «Ալյանսի» միջև

ԲՀԿ նախկին անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նորմալ է գնահատում իր նախկին կուսակից ընկերոջ նախաձեռնությամբ «Ալյանս» ցենտրիստական կուսակցության հիմնադրումը, որի առաջին համագումարը տեղի ունեցավ այսօր։ Մարտուն Գրիգորյանը, սակայն, համագումարին ներկայացել էր ավելի շատ որպես Տիգրան Ուրիխանյանի ընկեր ու մտերիմ մարդ, ոչ թե որպես քաղաքական գործիչ։



Թե ինչ սպասելիքներ ունի նա նորաստեղծ այս կուսակցությունից, Hraparak.am-ի հետ զրույցում Գրիգորյանը դժվարացավ պատասխանել․ «Դե, սպասելիքներ, ի՞նչ պետք է ունենանք, պետք է աշխատել, աշխատել․․․ Մենք ծանոք ենք Տիգրան Ուրիխանյանի մտքին, գաղափարին, էնպես որ ինձ համար կոնկրետ՝ որպես Ուրիխանյանի ընկեր, նորություն բան չկար»։



Հարցին՝ կուսակցությանն անդամակցելու առաջարկ իրեն եղե՞լ է, ԲՀԿ նախկին անդամն ասաց․ «Նման առաջարկ չի եղել, ես էսօր էստեղ մասնակցում եմ որպես ընկեր, լրիվ ընկերական մասնակցություն է, ու դա կապ չունի կուսակցության գաղափարը կրել-չկրելու կամ կուսակցությանն անդամագրվելու հետ»։ Բացի այդ՝ նա նաև նման մտադրություն էլ չունի։



Արդյոք հաջողություն կունենա՞ նորաստեղծ «Ալյանսը» քաղաքական դաշտում, Ուրիխանյանի ընկեր պատգամավորն ասաց․ «Գիտե՞ք ինչ, էսօր, էս պահին, յուրաքանչյուր նման հարցի պատասխան տալը երևակայության ժանրից կլինի, քանի նոր էս պահի դրությամբ «Ալյանսը»՝ որպես կուսակցություն, դեռ իր առաջին համագումարն է անցկացնում, և էս պահին խոսել, թե կոնկրետ ինչ կարող է «Ալյանսը» անել քաղաքական դաշտում, իմ կարծիքով՝ դա էնքան էլ ճիշտ չի, քանի որ պետք է դեռ տեսնել նրա աշխատանքը, տեսնել՝ ժողովրդի մեջ ինչ տպավորություն է թողնում, դրանից հետո նոր խոսք գնա ընտրության մասին»։



Հարցին, թե ինքը՝ որպես նախկին ԲՀԿ-ական, լսելով Ուրիխանյանի ելույթը, ԲՀԿ-ի և «Ալյանսի» ծրագրերի միջև ի՞նչ տարբերություններ կամ նմանություններ նկատեց, Մարտուն Գրիգորյանն ասաց, որ զուգահեռներ անցկացնելն էս պահին ճիշտ չէ, որովհետև սա դեռ առաջին համագումարն ու ելույթն էր։
«Եվ սրանով զուգահեռներ տանենք մի՝ արդեն համարյա թե 10 տարվա ճանապարհ անցած կուսակցության հետ, ես ճիշտ չեմ համարում»,-եզրափակեց ԱԺ անկախ պատգամավորը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ