Ինձ ճանաչելով՝ Տ․ Ուրիխանյանը ինձ նման հարցով չի դիմի, որ չմերժվի․ Բազմասեր Առաքելյան

Ինձ ճանաչելով՝ Տ․ Ուրիխանյանը ինձ նման հարցով չի դիմի, որ չմերժվի․ Բազմասեր Առաքելյան

ԲՀԿ նախկին անգամ, ներկայում անկախ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը այսօր նորմալ համարեց իր նախկին կուսակից ընկերոջ՝ Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնած «Ալյանս» ցենտրիստական կուսակցության ստեղծումը, որի հիմնադիր համագումարին այսօր ներկա էր նաև ինքը։



«Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ինչ-որ մի բանով ուզում է իր հանրապետությանը, իր երկրին օգտակար լինի, Ուրիխանյան Տիգրանն էլ կիրթ, նորմալ, լավ անձնավորություն ա, ինձ հարազատ մարդ ա, նորմալ եմ համարում»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց անկախ պատգամավորը։



Հարցին՝ ինքը համագումարին ներկա էր ավելի շատ որպես հարազատ մա՞րդ է, թե՞ որպես նախկին կուսակցական ու քաղաքական գործիչ, Բազմասեր Առաքելյանն ասաց․ «Նախ՝ որպես կոլեգա, հետո․․․ ես հարգում եմ Տիգրան Ուրիխանյանի անձը»։
Իսկ իրեն առաջարկ եղե՞լ է անդամակցել «Ալյանսին» կամ լինելու դեպքում ինչպե՞ս կարձագանքի, նախկին ԲՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Ոչ, ոչ։ Ես մտածում եմ, որ Տիգրան Ուրիխանյանը ինձ նման հարցով չի դիմի, ինձ ճանաչելով՝ չի դիմի, որ չմերժվի, ես իրեն շատ հարգում եմ»։ Իսկ թե որը կլինի մերժման պատճառը, Առաքելյանն ասաց, որ ինքը նախընտրում է անկուսակցական մնալ ԲՀԿ-ից հետո։



Իսկ թե ինչ նորություն կբերի «Ալյանսը» քաղաքական դաշտում, Բազմասեր Առաքելյանն ասաց, որ յուրաքանչյուր լավ քայլ՝ մեր երկրին օգտակար, ինքը դրական է գնահատում․ «Հիմա կտեսնենք՝ Տիգրան Ուրիխանյանը ինչով կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը»։



Հարցին՝ ԲՀԿ-ի և «Ալյանսի» միջև ի՞նչ զուգահեռներ կարող է անցկացնել գաղափարական առումով, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավորն ասաց․ «Դե, գիտե՞ք ինչ, ցանկացած կուսակցության կանոնադրություն գրեթե նույն ենթատեքստն ու նույն գաղափարներն ունեն, որ կուսակցության կանոնադրությունն ուզում ես բաց, չես կարա վատ բան գտնես դրանց մեջ․ ցանկացած կետ նպաստում ա Հայաստանի Հանրապետության զարգացմանը, տնտեսության զարգացմանը, չգիտեմ, առողջ ապրելակերպ, բարելավում, ամեն ինչ գրած ա իդեալական, մնում է՝ դրանք իրագործել»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ