Քաղաքականություն

Արցախում Հանրապետական կուսակցություն է ստեղծվել

Արցախում Հանրապետական կուսակցություն է ստեղծվել

ԼՂՀ հասարակական-քաղաքական գործիչների և քաղաքացիների նախաձեռնողական խումբը հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղում նոր՝ Արցախի հանրապետական կուսակցություն հիմնելու մասին:



«Հարգելի քաղաքացիներ, Ազգային ազատագրական շարժման սկզբից առայսօր մեր ժողովուրդն անցել է ժողովրդավարական և ազատ պետության կառուցման արժանի ճանապարհ: Այդ ճանապարհը մեր ժողովրդի համար պսակված էր մեծ հաղթանակով, որը մեզ թույլ տվեց կերտել մեր ապագան Ազատության, Հավասարության և Բարգավաճման գաղափարների հիման վրա:



Մեր երկրում նոր կյանքի ստեղծումը, հիմնված ժողովրդավարական սկզբունքների վրա, ենթակա է հարգանքի:



Մեր ժողովուրդը ինքնուրույն է ընտրում ժողովրդավարական ինստիտուտները և ներկա պահանջներին համապատասխան յուրովի զարգացնում դրանք` ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:



Երկրում գոյություն ունի ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական ինստիտուտների համակարգ, որը քաղաքական և ոչ կառավարական կազմակերպություններին հնարավորություն է տալիս մրցակցային սկզբունքի հիման վրա քիչ, թե շատ գործել: ԼՂՀ –ում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաստատում են մրցակցային տեսակետները, և դարձել են տեսանելի արդյունք մեր երկրում ժողովրդավարության զարգացման համար:



Միաժամանակ վերջին խորհրդարանական ընտրությունները, քաղաքական կազմակերպությունների նախընտրական ծրագրերը, ցույց տվեցին, որ քաղաքական կազմակերպությունները չունեն կամք և հնարավորություն ադեկվատ գնահատել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակը և կոնկրետ մեխանիզմներ մշակել մեր երկիրը զարգացման նոր, բարձր մակարդակ դուրս բերելու ուղղությամբ:



Բացի այդ, խորհրդարան անցած քաղաքական կազմակերպություններից ոչ մեկը ի վիճակի չէ ժողովրդին համախմբել լուծելու արդի պահանջներից բխող խնդիրներ և երկիրը հանել միջազգային հարաբերությունների հարթակ, որը հետագայում կբերի երկրի ճանաչմանը և մեր երկրի անվտանգության կայուն մակարդակի ստեղծմանը:



Այդ կապակցությամբ մենք` հասարակական-քաղաքական գործիչների և ԼՂՀ քաղաքացիների նախաձեռնողական խումբը, հայտարարում ենք Լեռնային Ղարաբաղում նոր աջակենտրոն քաղաքական կազմակերպության (Արցախի հանրապետական կուսակցության) ստեղծման մասին:



Նախաձեռնողական խմբի համանախագահողներ.



Կարեն Օհանջանյան



փիլիսոփայության գիտությունների դոկտոր, ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի կոորդինատոր, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ



Արևիկ Պետրոսյան



պատմական գիտությունների թեկնածու, «Վիտա» ՀԿ նախագահ



Արարատ Պետրոսյան



«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ



Արթուր Հայրապետյան 



«Առաջ Արցախ» ՀԿ նախագահ:



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image