«Ալյանսն» ընդդիմադիր դաշտում մրցակի՞ց, թե՞ գործընկեր

«Ալյանսն» ընդդիմադիր դաշտում մրցակի՞ց, թե՞ գործընկեր

Մայիսի 16-ին կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ալյանս» ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը։ Ինչպես հայտնի է, կուսակցության նախաձեռնող խմբի անդամներից է նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, ով թեեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է համարվում, բայց փաստացի այլեւս չի ներկայացնում այդ կուսակցությունը։ Դահլիճը բավականին բազմամարդ էր՝ ներկա էր ավելի քան 1000 պատվիրակ։



Համագումարին ներկա էին նախկին ԲՀԿ-ականներ, այժմ անկախ պատգամավորներ Արագած Ախոյանը, Մարտուն Գրիգորյանը, Բազմասեր Առաքելյանը, ԲՀԿ ներկայիս խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» կուսակցությունից վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, Հայկ Բաբուխանյանը, նաեւ այլ՝ արտախորհրդարանական որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ, օրինակ՝ Գառնիկ Իսագուլյանը, կոմունիստ Խորեն Թռչունիչը, ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սեյրան Շահսուվարյանը, դերասան Վովա Կոստանյանը։ Մեծ թիվ էին կազմում երիտասարդները։



Առաջին ելույթը վերապահված էր Տիգրան Ուրիխանյանին, ում անունն օրակարգում նշված էր որպես նախաձեռնող խմբի անդամ, իսկ համագումարի վերջում ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 1017 ներկաներից 1007 կողմ ձայնով ընտրվեց «Ալյանսի» վարչության նախագահ։



Վերջինս բավականին երկարաշունչ ելույթ ունեցավ՝ խոսելով երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակի, խնդիրների, քաղաքական համակարգի մասին՝ խոսքում քննադատական ակնարկներով մերթ ընդ մերթ անդրադառնալով իշխանություններին եւ իշխանության առանձին ներկայացուցիչների, թե ով ինչ է արել ժամանակին կամ ինչեր է ասել։ Ըստ նրա՝ այսօր սերնդափոխության կարիք է զգում քաղաքական դաշտը, եւ իրենց էլ հենց երիտասարդ, ազգի խնդիրներով մտահոգ, պարկեշտ ու ազնիվ քաղաքացիներ են հարկավոր՝ «Ալյանսի» միջոցով իրականացնելու երկրում առկա մարտահրավերների դեմ պայքարն ու խնդիրների լուծումը։



Վերջում նա իրեն պարտավորված համարեց շնորհակալություն հայտնել իր նախկին կուսակցությանը՝ ԲՀԿ-ին, ում հետ երկարամյա քաղաքական ճանապարհ է անցել, եւ որի գաղափարական ջահակիրն է եղել մինչեւ վերջ, դեռ մի բան էլ ավելին։ Սակայն այսօրվա ԲՀԿ-ի առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը ներկա չէր համագումարին։
Ըստ Ուրիխանյանի, քաղաքական վերջին իրադարձություններից, հատկապես ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած «փետրվարյան հեղափոխությունից» հետո նոր կուսակցության ստեղծումն ուղղակի օրվա հրամայական էր։ Նա իր խոսքում նաեւ մի գեղարվեստական դիտարկում արեց․ «Կլինեն մարդիկ, ովքեր չեն իմանա Սենեկայի կամ Շոպենհաուերի ցիտատները, բայց այն, որ կա Շիրվանզադե, ով գրել է «Քաոսը», դա պետք է իմանալ»։ Իսկ թե ինչ կստացվի այս ամենից, Ուրիխանյանը դեռ չգիտի․ ցույց կտա ժամանակը։



Համագումարից հետո զրուցեցինք մի քանի պատգամավորների հետ։ Նրա նախկին կուսակից գործընկերները՝ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներ Արագած Ախոյանը, Մարտուն Գրիգորյանը, Բազմասեր Առաքելյանը ողջունեցին իրենց գործընկերոջ, որոշներն էլ՝ ընկերոջ այս նախաձեռնությունը։ Իսկ հնարավո՞ր է անդամակցեն կուսակցությանը, մեր զրուցակիցներից բոլորն էլ բացասական պատասխան տվեցին՝ նշելով, որ Ուրիխանյանի կողմից նման առաջարկ իրենց չի եղել, լինելու դեպքում էլ, միեւնույն է, կմերժեն, քանզի այսպես անկախ ավելի լավ է, ԲՀԿ-ից հետո այլեւս չեն ցանկանում որեւէ կուսակցության անդամակցել։



Իսկ, ահա, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն ու «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը մեր այն հարցին, թե իրենց մրցակից համարո՞ւմ են նորաստեղծ «Ալյանսը», տվեցին իրարամերժ ու արմատապես տարբեր պատասխաններ։ Ըստ դաշնակցական Մինասյանի՝ ցանկացած ուժ մրցակից է իրենց, անկախ այն բանից՝ ընդդիմադիր է, թե իշխանական։ Հետեւաբար, «Ալյանսը», որը մտադիր է մասնակցել երկու տարի հետո սպասվող խորհրդարանական ընտրություններին, բնականաբար, իրենց մրցակից կլինի։ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, սակայն, ավելի «բարեկամական» գտնվեց այս հարցում։ Նա ասաց, որ «Ալյանսն» իրենց մրցակից չէ, իրենց մրցակիցը միայն իշխանություններն են, իսկ մյուս ուժերի հետ իրենք փորձում են ոչ թե մրցակցել, այլ համագործակցել։ «Ալյանսի» հետ եւս համագործակցությունը չի բացառվում, բայց այս պահին իրենք դեռ նման հարց չեն քննարկել։



Նկատենք, որ ԲՀԿ-ական պատգամավորներից «Ալյանսի» հիմնադիր համագումարին ներկա էր միայն Ուրիխանյանին կուսակցության խոսնակի դերում փոխարինած Վահան Բաբայանը։ Համագումարին ներկա չէին նաեւ ՀՀԿ-ից ներկայացուցիչներ, քանզի նրանց հրավեր չէր ուղարկվել։ ՀԱԿ-ից էլ մեր աչքով մարդ չընկավ։ Բանն այն է, որ «Ալյանսը» կուսակցություններին, որպես այդպիսին, հրավեր չի ուղարկել, հրավերներն ուղարկվել են առանձին ընդդիմադիր քաղաքական գործիչների, այսինքն՝ ընտրողական սկզբունքով։