ԵԽԽՎ-ն մեծ դերակատարումն ունի ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման հարցում

ԵԽԽՎ-ն մեծ դերակատարումն ունի ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման հարցում

Երեկ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցավ ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նիստը։ Հայաստան էին ժամանել 2 տասնյակից ավելի եվրոպացի պատվիրակներ։ Քննարկման ժամանակ անդրադարձ եղավ Հայաստանի դատաիրավական համակարգին, դրանցում իրականացվող փոփոխություններին, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հարցերին։ Զեկույցներով հանդես եկան ՍԴ նախագահի տեղակալ Գեւորգ Դանիելյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՄԻԵԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, ՄԻՊ նախագահի տեղակալ Տաթեւ Խաչատրյանը։



Նիստից հետո զրուցեցինք եվրոպացի պատվիրակներից Լատվիայի ներկայացուցիչ Ինեսա Լիբինա Էգների հետ։ Խոսելով Հայաստան-ԵԽԽՎ համագործակցությունից եւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության աշխատանքից՝ լատվիացի պատվիրակն ասաց․ «Հայաստանի պատվիրակությունն իրականում շատ կառուցողական է տրամադրված համագործակցության համար, ընդ որում՝ բոլոր քաղաքական խմբերում, ես՝ ինքս, ԵԺԿ-ից եմ եւ Հայաստանի պատվիրակության անդամների հետ շատ արդյունավետ համագործակցում եմ Եվրոպային հուզող բոլոր հարցերի կապակցությամբ, այդ թվում՝ մարդու իրավունքներ, դեմոկրատիա եւ այլն։ Ընդ որում՝ ես կարծում եմ, որ Հայաստանը բավականին մեծ քայլ է արել իր կարգավիճակի բարելավման հետ կապված, ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ եւ այսօր լսել բոլոր այն փորձագետներին, որոնք ներկայացնում են Հայաստանի իրավական համակարգը, եւ կարող եմ իրապես ասել, որ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել»։



Հարցին, թե ինչ պատկերացում է կազմել ՀՀ դատաիրավական համակարգի մասին, ինչ կարող է ասել մեր երկրում մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ ժողովրդավարության առումով, ինչ ճանապարհ ունի անցնելու Հայաստանը, Ինեսա Լիբինա Էգներն ասաց․ «Այն ամենը, որոնք ներկայացվեցին ՄԻՊ ներկայացուցչի եւ արդարադատության նախկին նախարարի կողմից, բնականաբար, կան խնդիրներ Հայաստանի Հանրապետությունում, որոնք պիտի լուծվեն այսօր։ Պետք է նշեմ, որ դրանք ինչ-որ հատուկ պրոբլեմատիկ իրավիճակներ չէին, բոլոր երկրներում կան նման իրավիճակներ, եւ չեմ կարծում, որ Հայաստանն այս առումով յուրահատուկ է, եւ ես դեռեւս ընդառաջ եմ այս երկու օրերի մեր հանդիպումներին եւ կարծում եմ, որ մենք դեռ հնարավորություն կունենանք շատ բան լսելու, եւ ուրախ եմ, որ այս հնարավորությունն ընձեռվեց մեզ՝ ավելի մանրամասն ծանոթանալու Հայաստանի իրավական համակարգին»։
Խոսելով ԵԽԽՎ-ի, համաշխարհային գործընթացներին որպես քաղաքական մարմին ունեցած դերի եւ ազդեցության մասին, եւ թե որքանով են ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւերը կարողանում ստիպել այս կամ այն երկրին՝ փոխել իր քաղաքականությունը, ԵԽԽՎ պատվիրակն իր պատասխանը կառուցեց՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանն անդրադառնալով։



«Կարող եմ ասել, որ այժմ գեոպոլիտիկ իրավիճակը փոխվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի կոնֆլիկտի հետ կապված, եւ կարող էի ասել, որ այդ կոնֆլիկտից առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը որոշակի առումով զիջել կամ կորցրել էր իր դիրքերը։ Սակայն, այս խնդրի հետ կապված, այժմ ԵԽԽՎ-ն մեծ աշխատանք է կատարում եւ չափազանց կարեւոր դեր ունի, եւ կարծում եմ՝ ԵԽԽՎ-ն իր մեծ դերակատարումն ունի այս երկու երկրների միջեւ կոնֆլիկտի կարգավորման հարցում»,-ասաց նա։