Կարեվոր չէ միայն անկախ եվ անկողմնակալ լինել, պետք է նաեվ այդպիսին երեվալ

Կարեվոր չէ միայն անկախ եվ անկողմնակալ լինել, պետք է նաեվ այդպիսին երեվալ

Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը ճանաչում է այս պահին ՄԻԵԴ դատավորի բոլոր 3 հայ թեկնածուներին, սակայն ճիշտ չի համարում որեւէ մեկին նախապատվություն տալը։ Բայց հավանականությունը, որ այդ ցուցակից կընտրվի, կարծում է՝ բավականին մեծ է։ Ով էլ որ ընտրվի, ըստ Ալվինա Գյուլումյանի, նրան սպասվում է ծանրաբեռնված աշխատանք ՄԻԵԴ-ում։



Հիշեցնենք, որ Ալվինա Գյուլումյանը ՄԻԵԴ-ում աշխատել է 12 տարի, եւ այժմ նրան փոխարինելու համար Հայաստանից երեք թեկնածու է ընտրվել, որոնց վերջնական ընտրությունը Եվրոպական դատարանի կողմից կկայանա հուլիսին։ Տիկին Գյուլումյանն իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանից ստացված բոլոր գործերն էլ կարեւոր համարեց, սակայն առանձնացրեց հատկապես առաջին գործը՝ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի, որտեղ Եվրոպական դատարանն ասաց, որ անկախ պետության պարագայում 13 տարի վարչական պատասխանատվության մասին նոր օրենսդրություն չունենալն անընդունելի է։ Առանձնացրեց նաեւ Միշա Հարությունյանի գործը, որտեղ համարեցին, որ խախտվել է անձի ինքնամեղադրման իրավունքը, ինչպես նաեւ Բայաթյանի գործը, Բաղդասարյան-Պողոսյանի գործը, որն էական փոփոխությունների հիմք հանդիսացավ ե՛ւ Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման համար որոշակի միջոցի նախատեսման առումով, ե՛ւ քաղաքացիական դատավարությունում, այսպես կոչված, բարոյական վնասի բարձրաձայնման համար։ Մարտի 1-ի շրջանակներում դիմումներ եւս եղել են, սակայն գործեր դեռեւս չեն քննվել ՄԻԵԴ-ի կողմից։ Նա նաեւ նշեց, որ հազարավոր դիմումներ են եղել ՄԻԵԴ, սակայն դրանցից միայն 50-ով է խախտում արձանագրվել։



- Տիկի՛ն Գյուլումյան, ի՞նչն է պատճառը, որ հանգեցնում է այդքան մեծ թվով դիմումների ԵԴ, արդյոք Հայաստանի դատական համակարգի հանդեպ վստահության պակա՞սն է պատճառը։



- Վստահության պակաս միգուցե կա։ Դա լուրջ ուսումնասիրության առարկա է, էսպես հընթացս չի կարելի ասել, թե ինչն է պատճառը, դժվարանում եմ ասել։ Նախ մեր ժողովրդի, այսպես ասած, սկեպտիցիզմը, կասկածով վերաբերվելը կարող է պատճառներից մեկը հանդիսանալ, պատճառներից մեկը կարող է հանդիսանալ նաեւ դատարանների կողմից վճիռների ոչ բավարար պատճառաբանված լինելը, որը հիմք է տալիս կասկածելու դրանց օրինականությանը, կարող է վստահությունը խաթարել անգամ դատավորի պահվածքը։



- Եվրոպական դատարանում ինչպե՞ս են վերաբերվում տարբեր երկրների քաղաքացիների դիմումներին իրենց իսկ երկրի դեմ, արդյոք սա Հայաստանի կամ, առհասարակ, ցանկացած երկրի հեղինակության վրա ազդո՞ւմ է։



- Եվրոպական դատարանն էդպես չի մտածում, Եվրոպական դատարանը մտածում է, որ այդ գործերը հնարավորություն են տալիս մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը տվյալ երկրներում առավել բարձրացնելու համար եւ համաեվրոպական նվազագույն ստանդարտներ սահմանելու համար մարդու իրավունքների պաշտպանվածության բնագավառում։



- Այսօր մեր դատական համակարգի վիճակն ինչպե՞ս կգնահատեք, եւ արդյոք միտումը դարձյալ վստահության պակասին ու ՄԻԵԴ դիմումների քանակի ավելացմա՞նն է տանում, թե՞ հակառակը։



- Չեմ կարող գնահատական տալ, համենայնդեպս, ես այդ վճիռները շատ չեմ համարում։



- Մեր դատական համակարգում գլխավոր խնդիրը ո՞րն եք համարում, որը հրատապ լուծման կարիք ունի։



- Շատ դժվար է ասել՝ գլխավոր խնդիրը որն է, որովհետեւ կոմպլեքս խնդիրներ է պետք լուծել։ Նախ, ուրեմն, ես կասեի՝ դատարանների գործառույթների հստակեցումը, երկրորդը, դատավորների ընտրության համակարգն առավել թափանցիկ դարձնելը, թեկնածուներին առավել բարձր պահանջներ ներկայացնելը, քանի որ ես հաճախ անկախ լինելու հանգամանքը պայմանավորում եմ անձով, թե տվյալ անձն ի վիճակի՞ է, համարձա՞կ է անկախ որոշում կայացնելու, թե՞ ոչ։ Եվ, իհարկե, եթե առավել ընդհանրական ասենք, դատարանների անկախության, անկողմնակալության առավել բարձր մակարդակի վրա գտնվելը, եւ, գիտե՞ք ինչ, հնարավոր է, որ մեր դատարանները շատ էլ անկախ եւ անկողմնակալ են, բայց, ինչպես Եվրոպական դատարանն է ասում, կարեւոր չէ միայն անկախ եւ անկողմնակալ լինել, պետք է նաեւ այդպիսին երեւալ։ Այսինքն՝ դատավորի անձն առերեւույթ էլ պետք է վստահություն ներշնչի։



- Վերջին տարիներին Հայաստանում թե՛ արդարադատության նախարար փոխվեց, թե՛ գլխավոր դատախազ, իսկ ի՞նչ փոխվեց դատաիրավական համակարգում։



- Դժվարանում եմ ասել… երեւի միայն անձերի փոփոխությունը։ Ես եթե որեւէ հարցի պատասխանեմ, պետք է որոշակի ուսումնասիրություն կատարեմ, որոշակի նյութ ունենամ։ Այդ հարցը ես ինձ չեմ առաջադրել։



- Պարզապես տարիներ շարունակ Հայաստանի դատական համակարգի կոռումպացված եւ ոչ անկախ լինելու, արդարադատության ոլորտում արդարության պակասի մասին է խոսվում, եւ այդ առումով դրական տեղաշարժ չի նկատվում։ Որեւէ դրական տեղաշարժ եղե՞լ է, ըստ Ձեզ։



- Իհարկե եղել է, ինչպե՞ս կարելի է ասել՝ որեւէ առաջընթաց չի եղել։ Եթե մենք այսօր արդեն ունենք արդարացման դատավճիռներ, եթե այսօր նախնական կալանքի փոխարեն այլ խափանման միջոց է կիրառվում, դա արդեն առաջխաղացում է։



- Պրոբացիոն համակարգի ներդրումն օգտակար կլինի՞ մեր երկրի արդարադատության համակարգի համար, դա կնվազեցնի՞ հանցագործությունների թիվը։



- Կարծում եմ՝ այո, եւ երեւի կրկնահանցագործությունների թիվը՝ հաստատ։



- Այսօր մի շարք բարձրաստիճան այրերի կատարած հանցանքների ու դրանց համար պատասխանատվության չենթարկվելու իրողությունն անպատժելիության մթնոլորտ է ստեղծում երկրում՝ խաթարելով դատական համակարգի անկախությունը։ Ի՞նչ խնդիր եք տեսնում՝ ավելի շատ քաղաքակա՞ն, թե՞ դատավորների պրոֆեսիոնալ-մասնագիտական կամքի։



- Ե՛վ մեկը, ե՛ւ մեկը, այսինքն՝ ե՛ւ քաղաքական կամք, ե՛ւ դատավորների կամք, ե՛ւ, որ ամենակարեւորն է, գրագետ դատավարական որոշումների, որտեղ մարդուն հուզող բոլոր հարցերի պատասխանը տրված է։ Երբ որ այդ հարցերի պատասխանը կտրվի, երեւի թե չկասկածենք, որ դատարանը կամ տվյալ դատախազը, քննիչն անարդար է վարվում։