Չի բացառվում, որ ապագայում Հայաստանն ամդամակցի միաժամանակ երկու տնտեսական միությունների՝ եվրասիական և եվրոպական

Չի բացառվում, որ ապագայում Հայաստանն ամդամակցի միաժամանակ երկու տնտեսական միությունների՝ եվրասիական և եվրոպական

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Եվրամիության հետ մեր հարաբերություններում դրական միտումներ է նկատում՝ պնդելով, որ ԵՏՄ-ին մեր անդամակցումը երբևէ նախապայմաններով չի եղել, որը կխանգարեր Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ Իսկ թե ինչ սպասելիքներ կան մայիսի 21-22-ին Ռիգայում Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովից, որին մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բաղդասարյանը Hraparak.am-ի հետ զրույցում այս պահին դժվարացավ ասել՝ խնդրելով սպասել մինչև երեկո, երբ տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստը։ Նա, սակայն, ընդգծեց, որ նման հանդիպումներն ու գագաթաժողովները դրականից բացի բացասական որևէ ազդեցություն չեն ունենա։



«Հրապարակի» այն դիտարկմանը, թե մեր տեղեկություններով՝ Եվրամիությունը ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներին 3 մլրդ գումար է հատկացնելու, ինչից ԵՏՄ անդամ Հայաստանը, փաստորեն զրկվում է, իսկ ԵՏՄ-ից դեռ երևէ օգուտ չենք ստացել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ի պատասխան, հետաքրքրվեց՝ քանի՞ տարվա պատմություն ունի Եվրամիությունը։ Երբ ասացինք, որ մոտ 50 տարվա պատմություն, Բաղդասարյանը նկատեց, որ ԵՏՄ-ն էլ ընդամենը հինգ ամսվա պատմություն ունի, ուստի պետք է համբերել, մինչև ԵՏՄ-ն էլ կայանա, ու նոր օգուտներ ստանանք նրանից։



Դիտարկմանը, թե ԵՏՄ-ին անդամակցելիս այդ ամենն ինչու՞ հաշվի չենք առել, որ Եվրամիությունը 50 տարվա պատմություն ունի, ուստի արժեր հենց այդ ճանապարհով գնալ, ոչ թե նոր ստեղծվող ԵՏՄ-ի, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ԵՏՄ-ին անդամակցելիս ամեն ինչ էլ հաշվի առել են, և այդ պահին մտածում էին ոչ թե նրա մասին, որ մենք այսօր մի քանի միլիոն փող կունենանք, այլ մտածում էին ապագայի մասին։
«Այս հարցը փակված է, մեր որոշումը ճիշտ էր, ամենակարևորը՝ մեր անվտանգության խնդիրն է, մենք ապահովել ենք մեր անվտանգության հարցը այս ճանապարհով, որին ըմբռնումով են մոտենում Արևմուտքի մեր գործընկերները։ Դա չի նշանակում, որ մենք ընդհանրապես զրկվել ենք Եվրամիության աջակցությունից, ընդհակառակը, մոտ ապագայում Դուք կտեսնեք, որ այնպիսի զարգացումներ կլինեն, որ մենք նույնպես կօգտվենք նրանց աջակցությունից»,-ասաց նա՝ նշելով, որ շատ լուրջ աշխատում են մեր բոլոր մասնագետները, որպեսզի որևէ հակասույթւոն չառաջանա ԵՄ-ի հետ մեր համագործակցության և ԵՏՄ-ին մեր անդամակցության մասով։



Այսինքն նույնիսկ եվրոպական ասոցացման համաձայնագրի լիարժեք ստորագրումը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մասով, չի՞ բացառվում, Բաղդասարյանն ասաց, որ իրենք ոչինչ քաղաքականության մեջ չեն բացառում, դա կախված է հարաբերությունների զարգացումից և նկատեց, որ առայժմ ամեն ինչ գնում է դրական ուղղությամբ։
Փորձեցինք հստակեցնել՝ քաղաքականից զատ, որն ավելի հավանալան է, տնտեսական մասով նու՞յնպես չի բացառվում համաձայնագրի ստորագրում, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարը կրկին չբացառեց՝ նշելով, որ բանակցային փուլում է ամեն ինչ։
Դիտարկմանը՝ սա նշանակու՞մ է, արդյոք, որ հնարավոր է՝ մոտ ապագայում մենք անդամակցենք միաժամանակ երկու տնտեսական միությունների, Վահրամ Բաղդասարյանն ասաց․ «Եկե՛ք ապագայի մասին եզրահանգումներ չանենք, ես ասում եմ՝ ոչինչ չենք բացառում մենք, բայց եկե՛ք չշտապենք և սպասենք հանդիպման արդյունքներին, որովհետև շատ լուրջ աշխատանքներ են ընթանում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ