Արևելյան գործընկերության 1-ին մեդիա համաժողովը Ռիգայում

Արևելյան գործընկերության 1-ին մեդիա համաժողովը Ռիգայում

Երեկ Լատվիայի մայրաքաղաքում` Ռիգայում ավարտվեց Արեւելյան գործընկերության երկրների 1-ին Մեդիա համաժողովը, որն այսուհետ թերեւս կդառնա Արևելյան գործընկերության (ԱլԳ) գագաթնաժողովներին ուղեկցող երրորդ պերմանենտ միջոցառումը` Քաղաքացիական հասարակության համաժողովի եւ Բիզնես ֆորումի կողքին:



Դրանում գրեթե կարելի է վստահ լինել` դատելով նրանից, թե Եվրոպական հանձնաժողովն ինչ կարեւորություն էր տվել Մեդիա ֆորումին եւ ովքեր էին դրան մասնակցություն բերել: Համաժողովը եզրափակեց ԵՄ Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննը` առաջիկա մի քանի տարում ԱլԳ մեդիա ծրագրերի վրա եւս մոտ 70 միլիոն եվրո ծախսելու խոստումով: Համաժողովի վերջին` “Մարտահրավերներին արձագանքման եւ դոնորային աջակցության” քննարկումը վարում էր անձամբ Գունար Վիգանդը` Ասոցացման համաձայնագրերի ԵՄ գլխավոր բանակցողը, ով նաեւ ԵՄ գլխավոր պաշտոնյան է Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, ռեգիոնալ համագործակցության եւ ԵԱՀԿ-ի հարցերով` թե ի պաշտոնե, թե ազդեցությամբ: Բացման նիստին մասնակցում էր եւ առաջիններից մեկը ողջույնի խոսք ասաց ԵՄ Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության (DC NEAR) ղեկավար Քրիստիան Դանիելսոնը:



Որջունի եւ բացման խոսքով համաժողովին դիմեցին նաեւ Լատվիայի խորհրդարանի` Սեյմի նախագահը, ով պարզվեց նախկին լրագրող է, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը, ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը եւ Լատվիայի նախկին նախագահ Վարիա Նիկե-Ֆրեյբերգան (1999-2007):



ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի ելույթին մի երկու նիստ հետո որոշեց արձագանքել Ադրբեջանի պատվիրակությունից մեկը, ում ակնհայտորեն զայրացրել էր Նիլս Մուժիկսի անդրադարձը Ադրբեջանում լրագրողների դեմ գործադրվող ճնշումներին: Իսկ Ադրբեջանում այնպիսի հետապնդումներ ու ճնշումներ են, որ հինգ անձանց համար հանձնակատար Մուժիկսն անձամբ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` օգտվելով երրորդ կողմի իր իրավունքից: Եվ ուղղակի անեկդոտի էր նման այն, որ ադրբեջանական իշխանությունները մեկ այլ լրագրողի առաջադրել են միաժանակ լրտեսության, թմրանյութերի առուվաճառքի եւ անհնազանդության ակցիաների կազմակերպիչի մեղադրանքներ` առանձնապես չմտածելով, թե նույն մարդն ինչպես կարող է միաժամանակ այդքան իրար հակասող գործունեություն ծավալել:



Երեւում է եւ Ադրբեջանի, եւ Բելառուսի իշխանությունները սպասել էին, որ իրենց հասցեին մեղադրանքներ են հնչելու, դրա համար էլ քննադատություներին հակադարձելու առաջադրանքով սեփական մարդ էին ընդգրկել պատվիրակություների կազմում: Սակայն նույնիսկ այդ հակադարձումներ առանձնապես դեստրուկտիվ չէին:



Իհարկե ելույթների եւ դահլիճից հարցադրումների գլխավոր լեյտմոտիվը Կրեմլի քարոզչական պատերազմին հակադարձելու անհրաժեշտությունն էր: Եվրոպացի բանախոսները հակված էին քարոզչությունը մերկացնելու ուղիով շարժվելու, ոչ թե հակաքարոզչության: Թեեւ դժվար էլ է պատկերացնել, թե առողջ բանականությամբ ինչպես է հնարավոր Կրեմլի հակաքարոզչությամբ զբաղվել, երբ այսօր ռուսական մեդիայի երկրորդ հրատապ նորությունը Երկրորդ համաշխարհայինի իրադարձություններն են: Դրա համար հարկավոր է առնվազն բանականության նույն աղճատվածությունն ունենալ:



Ամեն դեպքում հունիսի վերջերին ավարտված կլինի EED–ի (European Endowment for Democracy) մեծածավալ ուսումնասիրությունը ԱլԳ երկրներում ռուսական մեդիայի ազդեցության վերաբերյալ, եւ համապատասխան առաջարկները, որոնք նախնական տեսքով Ռիգայի համաժողովում ներկայացվեցին, կներկայացվեն Եվրոպական հանձնաժողովին: Դրանք ուղղված են լինելու Կրեմլի քարոզչությունը մերկացնելուն եւ դրա ազդեցությունը նվազեցնելուն: