Էլեկտրաէներգիայի թանկացումը ժողովրդի վրա կազդի, նախարարների վրա՝ այդքան էլ չէ

Էլեկտրաէներգիայի թանկացումը ժողովրդի վրա կազդի, նախարարների վրա՝ այդքան էլ չէ

Կառավարության անդամ նախարարներին, կարծես թե, այնքան էլ չի մտահոգում էլեկտրաէներգիայի թանկացման հարցը։ Ավելին՝ նրանցից մեկը, օրինակ՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մեր հարցին ի պատասխան՝ ոլորտի եւ իր բյուջեի վրա ի՞նչ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի թանկացումը, ասաց, որ չի կարծում, թե որեւէ ազդեցություն կունենա։ Անձամբ իր վրա նո՞ւյնպես։ Պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ընդամենը 5 միլիոն դրամ եւ 14 հազար ԱՄՆ դոլար հայտարարագրած նախարարն ասաց. ոչ, իր վրա՝ նույնպես։



Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ով պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ անհամեմատ ավելի շատ միջոցներ ունի հայտարարագրած՝ ավելի քան 810 միլիոն դրամ եւ 776 հազար դոլար, ինչպես նաեւ գործարար է, ավելի դեմոկրատ գտնվեց՝ նշելով, որ յուրաքանչյուր թանկացում բոլորիս վրա է ազդում։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անցկացնելու եւ, առհասարակ, էներգետիկայի վերաբերյալ հարցերով պարոն Գրիգորյանը խնդրեց դիմել համապատասխան լիազոր մարմնին։ Նա նաեւ չպատասխանեց մեր այն հարցին, թե ՀՀ քաղաքացին, իր կարծիքով, այսօր սոցիալապես պատրա՞ստ է նման բեռ վերցնել իր վրա։



Մեր հարցին, թե իր վրա կազդի՞ արդյոք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը, գյուղատնտեսության նախարար, բիզնեսմեն Սերգո Կարապետյանը հրաժարվեց պատասխանել՝ շտապ մտնելով դահլիճ։
Մեծահարուստ նախարարներից տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն էլ, թեպետ չպատասխանեց հարցին, թե անձամբ իր վրա ինչպես կազդի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը, բայց ասաց, որ ոլորտի վրա, ինչ խոսք, կազդի։ «Էլեկտրաէներգիայի թանկացումը բոլոր ոլորտների վրա էլ կազդի, երիտասարդ, էդ հարցը չեն տալիս»,-մեր հարցից զարմացած՝ ժպտաց նախարարն ու մտավ դահլիճ։



Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ սակագնի թանկացման ազդեցության առումով ասաց, որ ցանկացած թանկացում, հատկապես էլեկտրաէներգիայի սակագնի թան­կացումը, առաջին հերթին իր ազդեցությունը կունենա սոցիալապես անապահով խավերի վրա։ Ավելին չցանկացավ ասել՝ խնդրելով սպասել, մինչեւ որոշումը կլինի։