Ռիգայի եզրափակիչ ասուլիսը մեկնարկել է, Հռչակագիրը դեռ քննարկվում է | տեսանյութ

Ռիգայի եզրափակիչ ասուլիսը մեկնարկել է, Հռչակագիրը դեռ քննարկվում է | տեսանյութ

Ինչպես հայտնի է երեկ կայացավ ԱլԳ Ռիգայի գագաթնաժողովի գլխավոր արարողակարգային իրադարձությունը` պետությունների եւ կառավարությունների ղեկավարների պաշտոնական դիմավորման արարողությունը, որը հեռարձակվում էր համացանցով: Պետք է հուսալ Կրեմլում արարողությունը չեն տեսել, այլապես դժվարությամբ պիտի խուսափեին կաթված ստանալուց:



Իբրեւ կատարյալ հակադրություն Մոսկվայի մեկուսացած եւ նսեմ վիճակի, որ ողջ “փայլով” երեւաց մայիսի 9-ի արարողություններին, Լատվիայում ուղղակի Եվրոպական առաջնորդների շքերթ է: Ռիգա են ժամանել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի վարչապետները եւ Ֆրանսիայի նախագահը: Այստեղ են անգամ նրանք, ում միջոցով Կրեմլում հույսեր ունեին սասանել ԵՄ-ի միասնականությունը` Հունգարիայի եւ Հունաստանի վարչապետները եւ Չեխիայի նախագահը, որոնց Պուտինը սպասում էր, բայց այդպես էլ չտեսավ Մոսկվայում:



Իսկ բովանդակին առումով ԱլԳ գագաթնաժողովի հիմնական իրադարձությունը իհարկե այսօր կեսօրից հետո տարածվող Ռիգայի հռչակագիրըն է: Պետք է, որ այն տարածվի գոնե եզրափակիչ ասուլիսին զուգահեռ: Նախատեսված եզրափակիչ ասուլիսը Լատվիայի վարչապետի, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի մասնակցությամբ մոտ 1 ժամ ուշացումով մեկնարկեց:



Գագաթնաժողովի կուլուարներում ասում են, որ Հռչակագրի խմբագրման աշխատանքները դեռ շարունակվում են: Երեւի այդ պատճառով գրեթե առավոտից ոչ միայն ԵՄ պաշտոնյաների, այլեւ անգամ նրանց օգնականների հեռախոսներն անջատված են կամ անհասանելի: Թե Հայաստանին վերաբերվող հատվածը ինչ տեսք կունենա Ռիգայի հռչակագրում եւ որքանով կկրկնի EEAS-ի եւ ԵԺԿ-ի երեկվա ձեւակերպումները, կերեւա այսօր` տեքստի տարածումից հետո: Իսկ երեկվա ԵԺԿ հռչակագիրը Հայաստանի պատվիրակությունը հաստատել էր վերապահումներով` հավանաբար Ռուսաստանի խստիվ դատապարտումների պատճառով: