Գագաթաժողով, որտեղ արևելյան գործընկերները միայն շահարկվեցին

Գագաթաժողով, որտեղ արևելյան գործընկերները միայն շահարկվեցին

Ռիգայում ավարտվեց ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, սակայն խնդիրները, որոնց մասին խոսվում էր մինչ գագաթաժողովը, ոչ միայն չլուծվեցին, այլև մնացին հետին պլանում, իրենց տեղը զիջելով մի փաստաթղթի, որը, եթե չասենք շատ վտանգավոր, ապա առնվազն ԵՄ-Ռուսաստան շփման գծում իրավիճակն ապակայունացնող փաստաթուղթ է: Աներկբա է, որ Ռիգայի գագաթաժողովը վերածվեց ԵՄ-Ռուսաստան առանց այն էլ լարված հարաբերությունները էլ ավելի սրող միջոցառման և ի ցույց դրեց մի կողմից՝ հիմնախնդիրները լուծելու Բրյուսելի անճարակությունը, իսկ մյուս կողմից էլ՝ «Արևելյան գործընկերության» ծրագրի ողջ թշվառությունը:



ԱրլԳ ծրագրի մաս կազմող 6 երկրները (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Բելառուս, Ադրբեջան, Հայաստան), բնականաբար, Ռիգա չէին ժայմանել լուսանկարվելու համար: Բայց այն, ինչ նրանք ստացան ԵՄ-ից որպես փոխհատուցում, պատկերավոր ասած՝ նույնիսկ ճանապարհածախսը չի փակում: Նշված երկրներից և ոչ մեկի մասով կոնկրետ ձեռքբերում չկա, բայց փոխարենը կա մի հռչակագիր, որը կարելի է առանց խղճի խայթի անվանել ԵՄ-Ռուսաստան նոր հակամարտության ազդարարագիր:



Փաստ է արդեն, որ նույնիսկ ԵՄ հետ Ասոցացման պայմանագիր ունեցող Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի չարժանացան և բավարարվեցին նորանոր խոստումներով՝ համեմված բարեփոխումները շարունակելու համար ինչ-ինչ ֆինանսական օգնությունների հեռանկարով: Իսկ ինչ վերաբերում է ԵՄ հետ Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, ապա դրանց թե ձևաչափը և թե հարաբերություններն ինքնին, կատարյալ ռեբուսային վիճակում են: Ոչ ԵՄ-ն գիտի ինչ անել նրանց հետ և ոչ էլ նրանք՝ ինչ են ուզում ԵՄ-ից: Մինչդեռ 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովի «սյուրպրիզներից» պարզ էր արդեն, որ ԱրլԳ ծրագիրը հիմնովին վերանայման կարիք ունի, որ հնարավոր չէ արևելյան բոլոր գործընկերներին մեկ արշինով չափել ու պետք է այդ գործընկերների հետ մերձեցման անհատական ծրագրեր կազմել:



Ռիգայից առաջ շատ խոսվեց այդ մասին, նույնիսկ նշվում էր, որ երկրներից յուրաքանչյուրի համար առանձին փաստաթուղթ կպատրաստվի: Սակայն եղավ այն, ինչ եղավ: Փաստորեն մեր արևմտյան գործընկերները չգիտեն ինչ անել մեզ հետ, իսկ մենք էլ չգիտենք ինչ անել, մեր խնդիրների ու առանձնահատկությունների հետ:



Եթե ականջալուր լինենք ՀՀԿ-ական հոգեցուց զեկույցներին, կարող է պարզվել, որ Հայաստանն ընդհանրապես խնդիր չունի ԵՄ-ի անդամ դառնալու հարցում: Դե հիմա ի՞նչ անենք, որ ԵՏՄ անդամ ենք, հո կրակը չե՞նք ընկել: Բայց ամբողջ հարցն էլ հենց այն է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել առանց հաշվի առնելու իր երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունները թե տարածաշրջանի մյուս երկրների, թե ԵՄ-ի, թե Ռուսաստանի հետ: Կոպիտ ասած՝ մեզ ԵՏՄ անդամ դարձրել են, վերցրել են Հայաստանը և գցել ԵՏՄ պարկի մեջ, որից, պետք է նկատել, չի շահել ոչ միայն Հայաստանը, այլև ԵՄ-ն, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Չինաստանը, ԱՄՆ-ը… Ոչ ոք օգուտ չունի դրանից: Եվ դա է թերևս պատճառը, որ Հայաստանն ինչ անում է, միշտ հայտնվում է այլ երկրների հետ հակասությունների մեջ:



Մի՞թե դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են, որ Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ ճանաչած Հայաստանը շանսեր ունի ԵՄ-ի հետ ասոցացվելու: Երևի՝ կան: Եվ այդ մարդիկ Ռիգայում ստոագրում են մի հռչակագիր, որը (թող Աշոտյանն ինչքան ուզում է իրեն ճղի, թե մենք ու Բելառուսը վերապահումներով ենք ստորագրել), միանգամայն հակառուսկան փաստաթուղթ է, ընդ որում՝ Հայաստանին բացարձակապես ոչինչ չտվող, իսկ որոշ գնահատումներով՝ նույնիսկ մեր հաշվին Ադրբեջանին սիրաշահող փաստաթուղթ:



Մեր ստրատեգիական գործընկերը ամենաբարձր մակարդակներում արդեն արտահայտվել է Ռիգայի գագաթաժողովի ընդունած համատեղ հռչակագրի իր համար ամենացավոտ տեղին՝ գազատարներին վերաբերող հատվածին, որի տակ, այ քեզ հաջողություն, կա նաև Հայաստանի ստորագրությունը: Ահա թե անուղղակի կերպով ինչ է «արել» Հայաստանը . ««Ռիգայի գագաթաժղովի մասնակիցները հավանություն տվեցին «Հարավային գազային միջանցք»-ի ստեղծմանը, որը, շրջանցելով Ռուսաստանը, Եվրամիությունը կկապի կասպյան տարածաշրջանի հետ: Համապատասխան միտքը ամրագրված է գագաթաժողովի ամփոփիչ հայտարարագրի մեջ: Գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ նշվում է, որ մասնակիցները ողջունում են էներգետիկ ինֆրաստրուկտուրաների կառուցման ծրագրերի առաջընթացը՝ ներառյալ «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրագործումը, որի մեջ առանձնահատուկ դերակատարություն ունի Ադրբեջանը: Նրանք նաև պահանջել են ընդլայնել հարավկովկասյան, տրանսատլանտիկական և տրանսադրիատիկ գազամուղները: Բացի այդ, գագաթաժողովը խրախուսել է նաև Ուկրաինայի ռևերսային գազամատակարարումը Լեհաստանից, Հունգարիայից և Սլովակիայից»: Դե արի Ռուսաստան ու մի խենթացիր:



Այսքանն իբր քիչ էր, հիմա էլ Թուրքիան է հայտարարություն արել, որ «Թուրքական հոսք»-ի կառուցման ժամկետները պետք է հետաձգվեն: Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմն Интерфакс-ին տված հարցազրույցում նշել է, որ գազամուղի շահագործման մեկնարկին հավանաբար պետք է սպասել 2017 թվականից հետո:



Ավելի վաղ ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել էր, որ «Թուրքական հոսքը» նախատեսվում է շահագործել 2016 թվականի դեկտեմբերին: Թուրք դեսպանի խոսքով՝ Անկարան և Մոսկվան «դեռ չեն հասել նախագծի մեկնարկի փուլին»: «Այսօր երևի սխալ կլինի որպես գազամուղի շահագործման մեկնարկի ամսաթիվ նշել 2016 կամ 2017 թվականը»,- նշել է Յարդըմը՝ հավելելով, որ նախագծի հաջող իրականացումը կդառնա «մեծ հաղթանակ և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի համար:



Ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը, երբ երեխային էլ պարզ է, որ Թուրքիան առավել քան որևէ մեկը, սպասում էր Եմ-ի քայլին՝ Ռուսաստանը շրջանցող ծրագրերի խթանմանը, որպեսզի դառնա լուրջ դերակատար՝ Եվրոպան էներգակիրներով մատակարարելու հարցում: Իսկ ԵՄ-ի նշած գազատարները հենց Թուրքիայով են անցնում:



Ահա և ստացվում է, որ Հայաստանը, որպես ԵՄ արևելյան ակտիվ գործընկեր, մանրադրամ է դառնում ԵՄ-Ռուսաստան այս մեծ խաղի մեջ և ստորագրում մի փաստաթղթի տակ, որով, ինչպես ՌԴ ԱԳՆ-ն է նշում՝ շրջանցվում է Ռուսաստանի շահը և մեծ դերակատարություն վերապահվում Ադրբեջանին:



Մի շատ ուշագրավ պահ կա ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որից հասկանալի է դառնում, որ Ռուսաստանը, հատկապես Ռիգայի գագաթաժողովից հետո, կասկածանքով է նայում «Արևելյան գործընկերության» ծրագրին: Կարդանք այն. «ՌԴ արտգործնախարարությունը ուշադիր հետևել է գագաթաժողովի ընթացքին: ԱԳՆ-ն խոստանում է մանրակրկիտ ձևով վերլուծել հանդիպման արդյունքները՝ ԵՄ ղեկավարների ոչ վաղ անցյալում արած այն հայտարարությունների տեսանկյունից, թե «Արևելյան գործընկերությունը» ուղղված չէ Ռուսաստանի դեմ»: Այսքան բան: Կարծում ենք՝ սրանից հետևություն պետք է անեն նաև Հայաստանի ղեկավարները, ովքեր սիրում են կրկնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև անլուծելի հարցեր չկան: Պարզվում է՝ կան և դրանցից մեկն էլ ԱրլԳ ծրագիրն է:



Բովանդակային իմաստով չտալով ոչինչ՝ Բրյուսելի հետ հարաբերությունները Հայաստանի պարագայում, գուցե, քաղաքական առումով մանևրելու հնարավորության պատրանք են ստեղծում: Մենք սակայն, չենք կարող ասել, թե պրագմատիզմի մեր դարում որքանով է նպատակահարմար պատրանքներով առաջնորդվելը՝ մանավանդ՝ վերևում հիշատակված պարկի մեջ հայտնվելուց հետո: