Մեզ մոտ Հանրապետական (ի) կարգեր են

Մեզ մոտ Հանրապետական (ի) կարգեր են

ՀՀ ղեկավարները, սկսած նախագահից, ամենայն հավանականությամբ կուզենային, որ երկրի ժողովուրդն իրենցով ու իրենց ամեն արած-չարածով հիանար, ծափահարեր, իրենց անունով երդվեր: Պատկերացնո՞ւմ էք, թե ինչ հրաշալի կլիներ, եթե իրենք թանկացնեին հոսանքը, իսկ ժողովուրդը ծափահարեր կամ, առնվազն, ընբռնումով մոտենար, ինչպես պարտիայի ժամանակներում, երբ ամեն ինչ հանուն հայրենիքի էր:
Ավաղ, պարտիայի ժամանակները չեն, եւ այնպես էլ չէ, որ այսօր մեր ժողովուրդն ամեն ինչ «ֆրոնտի համար» կարգախոսով է առաջնորդվում: Մի ճար ունենային, իրենց գլխին կանեին` այնքան, որ ընչազուրկ ու դատարկ նստած են: Սոված երեխաների մասին էլ չենք խոսում: Տուն կա՝ ցամաք հացից բացի, բան չի մտնում, իսկ իշխանությունն ուզում է, որ իրեն ծափահարեն:



Իսկ երբ չեն ծափահարում, ասում են` գաղջ եք, լավը չեք, մեր լավ կողմերը չեք տեսնում եւ միայն վատն եք տեսնում:
Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե ինչու այսպես եղավ: Ախր, ինչքան գեղեցիկ անկախացանք, ինչքան էինք սիրում իրար, վերեւում Աստված էր, ներքեւում՝ Լեւոնը (իմա` նորանկախ երկրի իշխանությունը): Նրանք ասում էին` «Նաիրիտը» փակենք, մենք ասում էինք՝ փակեք, նրանք` ատոմակայանը փակենք, մենք` հարց չկա, նրանք` մութ է լինելու, մենք` խնդիր չէ, նրանք`ցուրտ է լինելու, մենք` բանի հետեւից եք ընկել, նրանք` սոված եք մնալու, մենք` դուք սաղ լինեք, անկախություն կերտողներ ջան… Նրանք` հանուն հայրենիքի պետք է ծախել ամեն ինչ, մենք` ծախեք, բա ո՞նց…



Իսկ երբ պատերազմը դադարեց, ու ասացինք` մի չոփ էլ մեզ տվեք, մարդ ենք, ախր, թքեցին մեր հոգու մեջ, անպատվեցին, ծեծեցին, սպառնացին կրակել… Եվ այսպես, անցավ անկախության քսան տարի, որի ընթացքում անկախությունը կամաց-կամաց հեռացավ մեզանից` իր հետ տանելով հայրենիքը, իսկ մեզ թողնելով հայրենիքի հանդեպ այս պլատոնական սերը:



Ինձ մեկ-մեկ թվում է, որ ես ապրում եմ ոչ թե պապերիս, այլ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, շատ ներողություն, Դոդի Գագոյի (նախագահը պաշտոնապես չի փակել կնիքը), Լֆիկ Սամոյի, Թոխմախի Մհերի, Շմայսի, Փուչիկ Կարենի ու մյուսների հայրենիքում` վարձով եւ սրտիս մեջ իմ հայրենիքի կարոտը պահած: Ու չգիտեմ որն է սրա պատճառը: Բացատրեք` հասկանամ. ի վերջո, ես էլ թվարկվածների հետ մրսել եմ, նստել եմ մթան մեջ, երբեմն կտրոնով հաց էլ չեմ կարողացել առնել… Այդ ի՞չ պատահեց, որ հիմա հայրենիքը նրանցն է ու իմը չէ:



Ու մեր իշխանությունները դեռ երազում են, որ մարդիկ իրենցով հիանան:
Երազելը, իհարկե, վնաս չէ առողջությանը: Իսկ մեր իշխանությունները գիտե՞ն, արդյոք, որ երազել կարողանում են նաեւ մյուս մարդիկ, որոնց նրանք հեռացրել են իրենց շքեղ հասարակությունից, թողել ցրտի, մթի, սովի, թալանի, ամեն ինչ ծախծխելու ռոմանտիկ ժամանակներում: Երեւի կարիք չկա այստեղ պատմելու «Ոսկե ձկնիկի» հեքիաթը: Բոլորը գիտեն, թե ինչ տեղի ունեցավ, երբ իշխանուհի դարձած պառավը ցանկացավ, որ ոսկե ձկնիկն իրեն ծառայի: Ասելս ինչ է` այդ ոսկե ձկնիկը, որի հաշվին այդպես առանձնացել ու վեր են խոյացել նոր անկախության շրջանում իրար հաջորդած իշխանությունները, մի օր էլ կարող է պոչով խփել ջրին եւ…



Հասկանալի է, չէ՞, որ ոսկե ձկնիկից նման բան պահանջելուց հետո այլեւս անիմաստ է երազելը, որ նա քեզնով հիանա: Մանավանդ, դրսում 21-րդ դարն է` էլ ի՞նչ Լենին-պարտիա-Գորբաչով… Ռոմանտիկա այլեւս չկա` այդ հասարակ բանը հասկանո՞ւմ եք:
Հայաստանի թիվ 1 ռոմանտիկը երկու օր առաջ իր շնորհավորական ուղերձում ասաց. «Մեր առաջին հանրապետության պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը եւ օրհներգը, այսօրվա Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներն են: Մենք ճամփորդներն ենք մի նոր ճանապարհի, որ սկսվել է 1918 թվականի մայիսի 28-ին:
Սակայն խորհրդանիշներից ավելի կարեւոր են առաջին հանրապետության բովանդակությունն ու պատգամները, որոնցից, իմ կարծիքով, ամենաառանցքայինները հետեւյալներն են.



1. Հայաստանը համայն հայության հայրենիքն է։
2. Հայաստանում իշխում են հանրապետական կարգեր եւ ժողովրդավարական արժեհամակարգ։
3. Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է։
Սրանք այն փարոսներն են, որոնցով մենք կողմնորոշվում ենք նաեւ այսօր, մերօրյա՝ երբեմն իսկապես փոթորկալից նավարկությունների ընթացքում»։
Եթե այս ամենը ճիշտ է, ապա դա նշանակում է մեկ բան` վերն ասվածն ամբողջությամբ սխալ է, եւ մենք իրոք գաղջ ենք, որովհետեւ Հայաստանում չկա օլիգարխիկ վերնախավ, ամենուր սոցիալական արդարություն է, ժողովրդավարության ավելցուկից չգիտենք ուր փախչել, Սփյուռքի ներդրումների համար այլեւս տեղ չկա, մեզ մնում է երջանիկ ապրել, իսկ մենք` ապերախտներս, այդ հրաշք երկիրը մերը չենք համարում:



Մեր կարծիքով, սակայն, մեջբերված խոսքում մի բան է միայն ճիշտ` «մեզ մոտ հանրապետական կարգեր են» արտահայտությունը, որտեղ, սակայն, բացակայում է «կուսակցություն» բառը: Մեզ մոտ, այո, «Հանրապետական կուսակցության» կարգեր են: