Երբ ամեն ինչ այսքան հրաշալի է

Երբ ամեն ինչ այսքան հրաշալի է

Մեր պաշտոնյաների վրա կեղտ բռնելն ուղղակի անհնար է: Ինձ որ մնար, հաջորդ սրբադասման ժամանակ նրանց բոլորին սրբերի դասը կշարեի, իսկ դիմանկարները, լուսապսակով, կտեղադրեի զանազան եկեղեցիներում: Սուրբը պոզով-պոչով չի լինում: Այդ մարդկանց նույնպես մի կյանք է տրված, այն էլ նրանք ապրում են, թող չափազանց չթվա, մեզ` հասարակ քաղաքացիներիս համար:



Հովիկ Աբրահամյանին, օրինակ, ինչպե՞ս չդասել սրբերի շարքը: Մարդն իր ողջ գիտակցական կյանքում ծառայել է մեր ժողովրդին` էլ փոխվարչապետ-նախարար է եղել, էլ ԱԺ նախագահ, էլ շտաբի պետ, էլ վարչապետ… Ու այդքանից հետո էլ ժամանակ է գտել եկեղեցի կառուցել, որ հավատքից հեռացածներս գնանք այնտեղ, մոմ վառենք, հավատքի գանք: Նրա որդին` Արգամը, փոքր ժամանակներից խնդրել-աղաչել է հորը` հայրիկ, այնպես արա, որ ես Արտաշատի քաղաքապետ դառնամ: Չի արել եւ նույնիսկ հիմա չի միջամտում, մատը մատին չի խփում իր զավակի ցանկությունը կատարելու համար: Կարո՞ղ ես` դարձիր, ասել է Արգամին: Պատմում են, որ Հովիկ Աբրահամյանն այնքան սուրբ է, որ ոչ մեկի հացին վայիս չի լինում, թողնում է` ինչպես կարողանում են` ապրեն: Ինքն այդ ամենին վերեւից է նայում: Նա մեծ ցանկություն ուներ նաեւ տնտեսությունը զարգացնելու, ժողովրդի վիճակը լավացնելու, էն էլ խնամու գործերը թարս գնացին: Հայ-հայ էր` արյուն պիտի թափվեր, որովհետեւ մեծ սուրբը դեմ էր նրա խնամու սրբադասմանը: Եվ այստեղ էլ Հովիկ Աբրահամյանը, կամ ս. Հովհաննես II-ը, ինչպես կուզեք, խաղաղություն բերեց ամենեցուն:



Սրբերի դասն անցկացնելու ենթակա պաշտոնյաները Հայաստանում քիչ չեն, բայց մտածում եմ` եթե կարելի է Ցեղասպանության բոլոր զոհերին սրբադասել, ապա ինչո՞ւ չի կարելի բիրիքով սբադասել մի քանի հարյուր պաշտոնյայի: Դրա համար կարելի է նույնիսկ Էջմիածին չհասնել եւ հարցերը լուծել Երեւանի վեհափառանիստ եկեղեցում: Հատուկ նկար նկարելու խնդիր էլ չկա: Կարելի է վերցնել կառավարության խմբակային լուսանկարը, մի քանի շտրիխներ ավելացնել, եւ հավաքական սրբապատկերը` իկոնան, պատրաստ կլինի:
Հնարավոր է, իհարկե, վեճեր ծագեն այս կամ այն պաշտոնյայի սրբության աստիճանի հետ կապված: Օրինակ` Արտակ Շաբոյանի մասին գրել էին, որ նրա բաջանաղը, այսինքն` համարյա ինքը, թանկարժեք ավտոմեքենաներ է վարձով տալիս ՀԷՑ-ին, իսկ ՀԷՑ-ն այդ ավտոմեքենաների համար վճարած գումարը (խոսքը միայն մեկ պայմանագրով վճարված 259 մլն. դրամի մասին է) մտցրել է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ եւ ուզում է ժողովրդի ջանից հանել: Վստահ ենք` Հովիկ Աբրահամյանը թույլ չի տա նման բան անել, իսկ ինչ վերաբերում է Շաբոյանին սրբացնել-չսրբացնելուն, ապա ինքը ոչ մի պատասխանատվություն չի կրում իր բաջանաղի «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի գործունեության համար: Մյուս կողմից էլ` քանի՞ հայ ընտանիք է փրկել Շաբոյանը, ով, ի պաշտոնե, խանութներն ընկած, հետեւում է, որ հատկապես Զատկի օրերին սուպերմարկետներում ձու լինի եւ այն էլ ձվի գնով: Կարո՞ղ եք Զատիկը պատկերացնել առանց ձվի: Դե ուրեմն Շաբոյանի սրբացման հարցի շուրջ, ինչպես կասեր Իպոլիտ Մատվեեւիչը, торг здесь не уместен…



Շաբոյանը միակը չէ, որ կարող է դժվարություններ ունենալ սրբադասման այս գլոբալ գործընթացում: Բայց մենք պարտավոր ենք գիտակցել, որ նույնիսկ եկեղեցու ավանդական սրբերն են բարեկամներ ունեցել, որոնք հնագույն ժամանակներում էլ տզրուկի պես կառչած են եղել ժողովրդի ջանից` զբաղվելով վաշխառությամբ, թալանով, եկեղեցուն ու պետությանը քցելով: Եվ դա չի խանգարել, որ մեր եկեղեցին այդ բարեկամների մեջից մեկին սրբացնի: Ինչեւէ:



Բաջանաղ, հորքուրի-մորքուրի տղա, աներձագ եւ այլն շատերն ունեն, այդ թվում եւ ԱԺ պատգամավորները, ովքեր սուրբ են, կարելի է ասել` օրենքով, որովհետեւ իրենց անունով բիզնես չեն կարող ունենալ: Հիմա իրենք մեղք չունեն, որ իրենց բարեկամներն այդքան սեր ունեն հատկապես փողաբեր բիզնես (ների) հանդեպ: Գալուստ Սահակյանը, որ գրեթե սուրբ է Հովիկ Աբրահամյանի չափ, հարցը չորով է դրել եւ, որպեսզի օրինակ ծառայի մյուսների համար, հրաժարվել է նույնիսկ իր գծե…, ներողություն, իր բիզնեսմեն բարեկամներից:



Եվ ոչ մի հովանավորչություն: Կառավարության եւ ԱԺ աշխատակազմերն աչքի անցկացնելիս հնարավոր չէ չհուզվել: Բոլորը սրբերի երեխաներ են` սուրբ ծնողների անտարբերության պայմաններում իրենց շնորհք-քրտինքով պաշտոնների հասած: Այդ երեխաներն են մեր ազգի վաղվա օրը, որոնցից շատերն այսօր ամերիկյան եւ եվրոպական համալսարաններում են կրծում գիտության գրանիտը: Ասել է` մեր ապագա սրբերն են: Ահա, այսպիսի հուզիչ տեսարան:



Իսկ հիմա` ամենագլխավորի մասին: 2018 թվականը սարերի հետեւում չէ, իսկ ընդդիմության գործողություններն էլ հուշում են, որ դրանից շուտ Հայաստանում չի կարող որեւէ բան տեղի ունենալ եւ խանգարել օրվա իշխանությունների սրբադասման սուրբ գործին: Ասել է` մենք մոտ երեք տարի ժամանակ ունենք այդ գործը գլուխ բերելու համար: Այդ ընթացքում սրբադասության մեր թեկնածուները պարտավոր են մեծ սրբի հետ ամեն ինչ անել` ավելի սրբանալու եւ վեճերի տեղ չթողնելու համար: Կարող են, օրինակ, բացահայտ անցնել ժողովրդի կողմն ու քլնգել իրենց բոլոր այն բաջանաղ-մաջանաղներին, ովքեր, օգտագործելով իրենց մենաշնորհները (տեսնես ո՞վ է նրանց մենաշնորհներ բաժանել), ժողովրդից յոթ կաշի են քերթում: Միայն թե այդ ամենը պետք է անել շատ զգույշ, որպեսզի սրբերը հանկարծ իրար ոտ չտրորեն: Այլապես, փետրվարի 12-ին կարող ենք երանի տալ: Ընդամենը պետք է հասկանալ` պաշտոնյան ինչքան էլ մաքուր լինի, միայն աշխատավարձով չի կարող սուրբ աշխատել: