Հավսա՜աար, զգաստ: Հավասարությունը դեպի Սահմանադրությունը

Հավսա՜աար, զգաստ: Հավասարությունը դեպի Սահմանադրությունը

Քաղաքական դաշտում ինչ-որ խլրտում է ընկել, կարելի է ասել` ակտիվություն է զգացվում: Քիչ չէ, միանգամից երկու կուսակցություն ծնվեց («Ալյանս» եւ «Քաղաքացիական պայմանագիր»)` խորհրդարանի անդամ իրենց հիմնադիրներով, երրորդը, թեեւ Ժիրայր Սեֆիլյանն ասում է, որ կուսակցություն չեն դառնա, մինչեւ ռեժիմը չհեռացնեն, արդեն ճանապարհին է: Այսքանն արդեն իսկ բավական է դաշտի հնաբնակներին անհանգստություն պատճառելու համար: Բայց նրանք էլ, կարծես անտարբեր են այս ակտիվացման հանդեպ, եւ միայն ՕԵԿ-ն է, որ հասցրել է ուժերը համախմբելու կոչեր անել եւ արդեն իսկ հայտարարել է, որ մոտ 50 կուսակցություն, քաղաքական գործիչ ու հասարակական կազմակերպություն միացել են իրենց:
Ինչո՞վ կարելի է բացատրել քաղաքական դաշտի այս ամառային թեթեւակի զարթոնքը, դժվարանում ենք ասել, մանավանդ որ շուտով խորհրդարանն ու քաղաքական գործիչներն արձակուրդ են գնալու` իրենց հետ տանելով փխրուն աշխուժության մինչեւ վերջին փշրանքները:



Մեր կարծիքով` այս ամենը պայմանավորված է սահմանադրական հնարավոր բարեփոխումների հեռանկարով: Չի բացառվում, որ մինչ արձակուրդ գնալը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հանդես գա հայտարարությամբ, որից առաջ էլ վերադասավորումներ են սկսվել քաղաքական դաշտում:
Այն ուժերը, որոնց կարծիքն արդեն հայտնի է սահմանադրական փոփոխությունների հարցում, շատ էլ ակտիվ չեն: Նրանք կակտիվանան ավելի ուշ, երբ պարզ դառնա, թե սահմանադրության ինչ տարբերակ է դրվելու հանրաքվեի, կամ հանրաքվե այդ հարցով, առհասարակ, լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ահա եւ ակտիվ են հիմնականում այն ուժերը, որոնց բերանի գոլը սահմանադրության հարցում դեռ անհայտ է: Սրանք այն ուժերն են, որոնց շուրջ սակարկությունները դեռ հնարավոր են:



Բարոյական ՕԵԿ-ը, որ երբեք որեւէ անբարոյական քայլ չի անի Սերժ Սարգսյանի իշխանության հանդեպ, զբաղված է սելեկցիոն աշխատանքներով եւ հանուն հայրենիքի փրկության իր կոչերով փորձում է առաջին հավաքագրումները կատարել: Ինչպես իրենք են պնդում` որոշակի հաջողություններ ունեն արդեն, բայց դաշտում երեւում են նաեւ ուժեր, որոնք պատրաստ են սակարկվելու, բայց ոչ ՕԵԿ-ի հետ: Սրանք շտապել են բարձրաձայնել, որ ՕԵԿ-ի հետ մատաղ ուտելու էլ չեն գնա: Խոսքը, օրինակ, «Նոր ժամանակների» Արամ Կարապետյանի եւ «Ժողովրդավարական հայրենիքի» Պետրոս Մակեյանի մասին է: Այս երկուսին էլ ճանաչում ենք որպես քաղաքական «բջեր», որոնք իրենցից մի բան չեն ներկայացնում, բայց շատ դժվար են լծվում որեւէ սայլի:
«Իհարկե՝ ոչ»,- ՕԵԿ-ի առաջարկն ընդունելու մասին ասել է «Նոր ժամանակներ» արտախորհրդարանական կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը` չմեկնաբանելով, թե ինչու «ոչ»: «Էդ Բաղրամյան 26-ի կոնսոլիդացիայի նախաձեռնության կոչ են, հա՞, անում: Այնտեղ, որտեղ Արթուրիկ Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը կլնի, մեր կուսակցությունն ու ես անելիք չունենք»,- այսկերպ էլ արձագանքել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: Այս երկուսի դիրքորոշումը հստակ է` ով լավ կվճարի, նրա կողքին էլ կկանգնեն կամ ուղղակի նրա օգտին լայլախչություն կանեն, ինչը միշտ են արել:



Ի՞նչ կանեն «նորածին» կուսակցությունները, ինչպե՞ս կդիրքավորվեն քաղաքական դաշտում: ՔՊ-ն, օրինակ, ինչքան էլ տարօրինակ է, փորձում է շատ սոլիդ երեւալ եւ նույնիսկ Սերժ Սարգսյանի իմփիչմենտի հարցն է իր օրակարգից հանել: «Ալյանսն» էլ ընտրել է վարչապետի հետ տալ-առնելու ուղին եւ, կարծես, որեւէ պահանջ չունի նախագահից: Ասենք նաեւ, որ այս երկու կուսակցությունների ծնունդն էլ ընթացավ առանց բարդությունների ու կեսարյան հատումների, ինչը վկայությունն է այն բանի, որ իշխանությունները նրանց հետ խնդիրներ չունեն կամ վստահ են, որ կարող են նույնիսկ շփման եզրեր գտնել:



Առավել կարծրերը` ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, որոնց հակոտնյա տեսակետները սահմանադրական բարեփոխումների մասին պարզ են էն գլխից, շարունակելու են մնալ նույն դիրքերում եւ կակտիվանան, երբ Սերժ Սարգսյանը վերջապես քայլ կատարի` դեպի այսկողմ կամ դեպի այնկողմ: Հետաքրքիր է, որ ՀԱԿ-ի սպասողական դիրքը ոչ մեկի մեջ կասկածներ չի արթնացնում, իսկ, ահա ՀՅԴ-ի լռությունը բոլորի միտքը սեւեռել է այն բանի վրա, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կոալիցիա կազմել միայնակ մնացած ՀՀԿ-ի հետ: Մեր համոզմամբ, սակայն, ՀՅԴ-ի համար առաջնահերթը կոալիցիայի խնդիրը չէ, այլ սահմանադրության իր նախընտրած տարբերակի ընդունումը, որը, կարծես, այնքան էլ հեշտ չի լինելու: Բանն այն է, որ սահմանադրական բարեփոխումների հարցով իսկական պայքարն ընթանում է ոչ թե Հայաստանի ներքաղաքական դաշտում, ոչ թե պետրոսմակեյանների, արթուրբաղդասարյանների եւ արամկարապետյանների մակարդակում, ոչ թե ՀԱԿ-ՀՀԿ-ՀՅԴ քննարկումներում, այլ Սերժ Սարգսյանի, նրա նախորդների եւ հնարավոր հաջորդների միջեւ, ընդ որում` ոչ թե Երեւանում, այլ ավելի մեծ քաղաքներում, որտեղ բնավորվել են Հայաստանը «նայող» մեծամեծները: Ահա այստեղ է, որ Սերժ Սարգսյանին օգնական ուժեր եւ կոնսոլիդացիա են հարկավոր` իր կշիռը մյուսների համեմատ բարձրացնելու համար: Դա լավ հասկանում են թե «նորածինները», որոնք ծնվել են ճիշտ ժամանակին, թե քաղաքական «բջերը», որոնք սպասում են պադաչկաների այս կամ այն կողմից: