Բլատերն ընկավ, Պուտինը ջախջախվեց… Իսկ մենք կարող է մնանք «բորտին»

Բլատերն ընկավ, Պուտինը ջախջախվեց… Իսկ մենք կարող է մնանք «բորտին»

Հայրենական արեւմտամետները, ըստ երեւույթին, չբավարարված են մնացել Ռիգայի գագաթնաժողովից, որտեղ ԵՄ-ն երեւաց իր ողջ պերճանքով ու Արեւելյան գործընկերության ձախող ծրագրով: Եվ, որպեսզի հագուրդ տան կրքերին, գրիչներն առած՝ ընկել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի ու Պուտինի հետեւից` Բլատերի հրաժարականը համարելով Պուտինի պարտությունն ու Արեւմուտքի բացահայտ հաղթանակը: Եվ, քանի որ ամեն ինչ հենց այնպես է, ինչպես իրենք են կարծում, ուրեմն Հայաստանը պետք է այս ամենից հետեւություններ անի եւ Ռուսաստանից թեքվի դեպի Արեւմուտք: Մեր այդ վերլուծաբանների ասելով` Բլատերի հրաժարականը հենց այն լակմուսի թուղթն է, որ ապացուցում է Ռուսաստանի կարգավիճակի նվազումն աշխարհում, եւ եթե Հայաստանը շարունակի Ռուսաստանի հետ մնալ, կնվազի նաեւ Հայաստանի կարգավիճակը: Ահա, այսպիսի դատողություններ: Մեզ, սակայն, թվում է, որ դրանք դատողություններ չեն, այլ չբավարարվածության հետեւանքներ, որոնք գալիս են թե Վիլնյուսի, թե Ռիգայի գագաթնաժողովներից, թե եվրապաշտոնյաների անկատար մնացած սիրուն խոստումներից:



Հիմա հարց ուղղենք մեր արեւմտամետ վերլուծաբաններին․ ընդունենք, որ Ռուսաստանը, ինչպես դուք եք ասում, կաշառքով է շահել ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնությունն իր մոտ անցկացնելու իրավունքը: Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է եվրոպական խաղերն իր մոտ անցկացնելու իրավունք շահել Ադրբեջանը: Հարցը կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, բայց փորձեք նույն խիզախությամբ պատասխանել եւ ասել, որ Ադրբեջանն ազնիվ պայքարում է ձեռք բերել այդ իրավունքը, եւ այդ պատճառով է, որ Արեւմուտքը կոռուպցիա չի փնտրում այդտեղ: Ինչո՞ւ չեք գրում այս մասին, ինչո՞ւ չեք գովերգում Ալիեւին իր ազնվության համար: Կներեք, եթե ձեր հակառակորդը, ինչպես Վաշինգտոնի եւ ԵՄ-ի, միայն Ռուսաստանն է, ապա այդպես էլ ասեք: Այլապես խոսում եք մի ոճով, որ մարդիկ մտածեն, թե ճշմարտությունն է բարբառում ձեր շուրթերով:
Ժամանակագրությունն առհասարակ լավ բան է: Այսինքն, լավ է, երբ գիտես ինչը երբ եւ ինչպես է եղել: Եկեք մի հայացք գցենք քննարկման առարկա դարձած ֆուտբոլային այս պատմության ժամանակագրությանը: 2018 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնելու հայտերը երկրները ներկայացրել են 2009թ. մարտի 18-ին: Քննարկվել է 9 հայտ` Ավստրալիայից, Անգլիայից, Ինդոնեզիայից, Մեքսիկայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Պորտուգալիա-Իսպանիայից եւ Բելգիա-Նիդերլանդներից: ՖԻՖԱ-ի վերջնական որոշումը՝ Մունդիալ-2018-ը Ռուսաստանում անցկացնելու մասին, կայացվել է 2010թ. դեկտեմբերի 2-ին, Ցյուրիխում: Հավանաբար հիշում եք, որ «մեծ ֆուտբոլասեր» Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղեց Վլադիմիր Պուտինին:



Իսկ հիմա թվերը մտապահեք, եւ գնանք առաջ: Ռուսաստանի մեկուսացումն ու միջազգային վարկանիշի նվազումը, ինչպես մերոնք են սիրում ասել, սկսվելու է ՖԻՖԱ-ի այդ որոշումից ուղիղ երեք տարի անց, այսինքն, երեք տարի շարունակ ԱՄՆ-ի ժողգործիքներին էլ չի եղել, թե Ռուսաստանն ինչպես շահեց այդ իրավունքը: Համամիտ չե՞ք: Երեւի չհետաքրքրվեին էլ, եթե չլինեին Ուկրաինայի դրամատիկ իրադարձությունները: Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Արեւմուտքը մեծով-փոքրով ելել է Ռուսաստանի դեմ, ու ոչ թե որովհետեւ այդ երկիրը չի ցանկանում Արեւմուտքի կանոններով խաղալ, այլ որովհետեւ չի կարող, իր շահերը դա թույլ չեն տալիս: Ռուսաստանն ընդունել է մարտահրավերը, դիմակայում է պատժամիջոցներին, ՆԱՏՕ-ի առաջխաղացմանը, հզորացնում է բանակը, իր կապերն է ընդլայնում ու խորացնում աշխարհի մնացած մասի հետ, որ դուրս է Արեւմուտքի տիրապետությունից (Չինաստան, Հնդկաստան, Իրան): Ինչ ուզում եք` դրեք այս ամենի անունը, բայց պարզ է, որ Ռուսաստանի դեմ պայքարում Արեւմուտքն արդեն օգտագործում է միջազգային մարզական կազմակերպությունները:



Սա, արդյոք, խոսում է Արեւմուտքի ուժի ու շիտակության մասի՞ն: Դժվար թե: Հետեւաբար, անհասկանալի է մեր վերլուծաբանի պնդումը, որ ԱՄՆ-ն ՖԻՖԱ-ում հակակոռուպցիոն խնդիր է լուծում, եւ եթե պարզվի այդ կոռուպցիայում Ռուսաստանի մասնակցությունը, ուրեմն` էլ վերջ:
Եվ վերջապես` ՖԻՖԱ-ի ձերբակալված պաշտոնյաները Ռուսաստանի քաղաքացինե՞ր են: Բնականաբար` ոչ: Եվ պետք չէ շատ խելք ունենալ հասկանալու համար, որ կոռումպացվածն այս դեպքում ոչ այնքան կաշառողն է, որքան պահանջող-վերցնողները: Իսկ ՖԻՖԱ-ում, դատելով աղմուկի մեծությունից, այդպիսիք քիչ չեն եւ այն էլ՝ արեւմտյան երկրներից:



Ռուսաստանը նախագահի մակարդակով մեղադրել է ԱՄՆ կառավարությանը` երկրի տարածքից դուրս արդարադատություն իրականացնելու համար: Ի դեպ, աշխարհի ոչ մի երկիր նման բան անել չի կարող: Կոպիտ ասած` Ադրբեջանը չի կարող Հայաստանի քաղաքացուն Լոնդոնում ձերբակալելու սանկցիա տալ: Դա ծիծաղելի կլիներ ճիշտ այնքան, որքան ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը Ցյուրիխում ԱՄՆ դատարանի որոշումով ու պնդմամբ: Եվ սա նույնպես Արեւմուտքի օգտին չի խոսում, ինչպես մտածում են մեր վերլուծաբաններն ու Հայաստանին խորհուրդ տալիս` Բլատերին տես, քեզ խղճա տարբերակով: