Բալոնն էլ փուչիկ չէ, որ պայթի կողքով անցնելիս

Բալոնն էլ փուչիկ չէ, որ պայթի կողքով անցնելիս

Հայաստանի գազալցակայաններում պայթյունների 99%-ը անորակ գազաբալոնների պատճառով է լինում: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ավտոգազալցաճնշակայանների (ԱԳԼՃԿ) կոմպրեսատորներ (ճնշակներ) և գազաբաշխիչ աշտարակներ արտադրող ընկերության տնօրեն Ռոբերտ Թովմասյանը: Նրա խոսքով՝ հիմնականում տեխնիկական փորձագիտական քննության են ենթարկվում գազալցակայանները, իսկ գազաբալոնները վերահսկողությունից դուրս են մնացել:



Մեր կարծիքով սա բավականին միակողմանի մոտեցում է: Ռոբերտ Թովմասյանը, ակնհայտ կերպով, պատասխանատվության սլաքը ուղղում է գազաբալոններ տեղադրողների և վարորդների կողմը, փորձելով խուսափել այդ պատասխանատվության՝ իր և գազալցակայանների մասնաբաժնից:  



Այս ամենը, արդյոք, մեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Օրինակ՝ փուչիկների հայտնի պատմությունը, երբ Հանրապետության հրապարակում բազմաթիվ մարդիկ այրվածքներ ստացան: Պարզվեց, որ ոչ ոք մեղավոր չէ, բացի այդ փուչիկները էժան, սակայն վտանգավոր գազով լիցքավորողից: Եվ դատեցին մարդուն: Հիմա էլ ասում են՝ գազալցակայանն ու գազալցակայանի սարքավորումները լավն են, իսկ մեղավորը վարորդներն են, ովքեր վատորակ բալոններ են տեղադրում և չեն էլ ստուգում:



Դիցուք՝ Չարենցավանի դեպքի հետ կապված՝ հայտարարեցին, որ ավտոմեքենան սարքավորված էր ոչ ստանդատ բալոնով: հարց՝ իսկ ինչո՞ւ գազալցակայանը լիցքավորեց այն: Կարող էին հրաժարվել, և իրենց աշխատակիցն էլ ողջ կլիներ այսօր:



Գազալցակայաններ կան տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում և Վրաստանում: Ինչո՞ւ նրանց գազալցակայաններում անգամ ամենամեծ ցանկության դեպքում, մեքենայի բալոնը չափից ավելի չի լիցքավորվում: Գուցե խնիրը կոմպրեսորներն ու գազաբաշխիչ աշտարակնե՞րն են, որոնք ավելի ժամանակակից լինելով նաև ավելի անվտանգ են:



Գազով ավտոմեքենա վարողները կվկայեն, որ մարդկային գործոնը մեր գազալցակայաններում բավականին մեծ  ազդեցություն ունի լիցքավորվող գազի քանակության վրա: Շատ լցակայաններում դեռևս պահպանվել է նույնիսկ «զապրավչիկի փող» նախնադարյան հասկացությունը, որ վճարվում է խողովակը միացնող-անջատողին: Այլ լցակայաններ էլ այդ գումարը ներառում են ընդհանուր գնի մեջ և վարորդներն թիվ կրակում՝ անուն հանելով, թե իրենց մոտ «զապրավչիկի փող» չկա: Սա է իրականությունը: Եվ «զապրավչիկները» սկսում են «ֆսսացնել-փսսացնել», ցույց տալ թե օդ են հանում... Շատ քիչ դեպքերում են նրանք լիցքավորում նորմայի մեջ, որպեսզի «կլիենտ» չկորցնեն: Իսկ, արդյոք, այս ամենը ավելի վտանգավոր չէ՞, քան գազի բալոնի տեխնիկական վիճակը:



Մեկ ուրիշ բան: Վրաստանում ոչ ոք չի հրաժարվում լիցքավորել հայաստանյան ավտոմեքենաները: Ոչ ոք չի հետաքրքրվում, թե ե՞րբ է տեղադրվել բալոնը՝ մե՞կ, թե՞ 15 տարի առաջ, տեխնիկական քննություն անցե՞լ է, թե՞ չի անցել: Այդուհանդերձ ավտոմեքենաները պայթում են հենց Հայաստանում, որտեղ տակավին Նիկոլի թվի սարքավորումներով են լիցքավորում: Իսկ գազալցակայանների վրայի հայտարարություննե՞րը՝ «հորս արև սառը գազ....»: Սրա՞ն ինչ կասեք: Մի՞շտ և բոլոր գազալցակայաններո՞ւմ է գազը սառեցվում մինչև լիցքավորման համար անհրաժեշտ ջերմաստիճան:



Նաև այսպիսի հարց գազալցակայանների սարքավորումներ արտադրողներին՝ ինչո՞ւ են «տեխնիկական քննություն չանցած» բալոնները պայթում հենց լիցքավորման ժամանակ, և ոչ թե գազալցակայանից դուրս: Մտածելու բան է, կարծում ենք:



Մենք, իհարկե, չենք բացառում, որ մեղքի իրենց բաժինն ունեն նաև անպատասխանատու վարորդներն ու բալոն տեղադրող ընկերությունները: Սակայն, ճիշտ չէ միայն նրանց մեղադրել և հարցը համարել փակված: Սա մեծ թվով մարդկանց անվտանգության հետ կապված խնդիր է և, ըստ երևույթին, պետք է լուծվի ոչ թե մեղավորներ փնտրելով, այլ ոլորտի անվտանգության բոլոր կանոնների պարտադրմամբ, այդ թվում նաև՝ ոլորտի կազմակերպություններին ստիպելով, որ վերջապես ձեռքը գրպանը տանեն ու ներդրումներ անեն: