Անգլիան պատրաստ է ընդունել 2018 կամ 2022 թվականի Աշխարհի առաջնությունը

Անգլիան պատրաստ է ընդունել 2018 կամ 2022 թվականի Աշխարհի առաջնությունը

ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալների համատեքստում 2018-ին Ռուսաստանում եւ 2022-ին Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարերից մեկի տեղափոխման դեպքում, Անգլիան պատրաստ է ընդունել քառամյակի գլխավոր ֆուտբոլային մրցաշարը, հաղորդում է dailymail-ը՝ հղում անելով Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ներկայացուցիչներին եւ անգլիացի խորհրդարանականներին։



ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հետաքննությունների եւ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի առաջիկա պաշտոնանկության ֆոնին Անգլիայում չեն բացառում, որ ՖԻՖԱ-ն 2016-ին կարող է Ռուսաստանին կամ Քաթարին աշխարհի առաջնությունից զրկելու որոշում ընդունել, եթե ապացուցվի անցկացման իրավունքը կաշառքով ստանալու որեւէ փաստ։



Անգլիան եւս եղել է 2018 եւ 2022 թվականների աշխարհի առաջնությունների անցկացման հավակնորդ։ Մինչ այս՝ Անգլիան աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար ընդունել է մեկ անգամ, 1966-ին՝ դառնալով աշխարհի չեմպիոն։