«Իսլամական պետություն». ժանտախտ, որ կարելի է կասեցնել

«Իսլամական պետություն». ժանտախտ, որ կարելի է կասեցնել

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, հիրավի, հանելուկի է նման: Ինչպե՞ս կարող էր այն տիրապետության հասնել Իրաքի եւ Սիրիայի նման պետությունների տարածքների վրա, ի՞նչ ուժեր ու երկրներ են աջակցում այդ շարժմանը, ո՞րն է նրանց նպատակը, եւ ի՞նչ դերակատարություն ունի ԻՊ-ն նրանց արտաքին քաղաքականության մեջ: Հարցերի այս շրջանակով ենք այսօր հարցազրույցի հրավիրել ԻԻՀ մեջլիսի Հյուսիսային իրանահայության պատգամավոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարյանին:



- Պարոն Խանլարյան, նախ մի փոքր նախապատմություն ներկայացնենք: Ի՞նչ է իրենից ներկայացնում ԻՊ-ն, դա զուտ ահաբեկչական կազմակերպությո՞ւն է, որի նման շատ այլ կազմակերպություններ կան, գաղափարախոսությո՞ւն է, իսլամական հոսա՞նք…



- ԻՊ-ն մոտ 10 տարի առաջ հիմնադրված ահաբեկչական կազմակերպություն է, որ նախնական շրջանում նպատակ էր հետապնդում տապալելՍիրիայի գործող իշխանությունները` Ասադի գլխավորությամբ: Այլ խոսքով` դա համարվում էր սիրիական ընդդիմադիր կազմակերպություն: Վերջին տարիներին, սակայն, ԻՊ-ի ահաբեկչական գործունեության դաշտն ընդլայնվել է` անցնելով տարածաշրջանի այլ երկրներ` օրինակ` Իրաք:



ԻՊ-ն Իրաքում, զուտ ռազմագիտական իմաստով, բավականին ուշագրավ գործունեություն իրականացրեց: Մենք ականատեսը եղանք, թե ինչպես համեմատաբար փոքրաթիվ, բայց բազում ահաբեկչական խմբերով` թեթեւ զրահատեխնիկայով ԻՊ-ին հաջողվեց գրավել Հյուսիսային Իրաքի մեծ մասն ու մի քանի կարեւոր քաղաքներ, այդ թվում` Մոսուլը եւ Նինվան:



Ռազմական գործունեությունից զատ, ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը մյուսներից առանձնանում է նաեւ իր հոգեբանական հնարքներով: Քրիստոնյաների (ասորի եւ ղպտի), եզդիների, շիա մահմեդականների եւ նույնիսկ սուննի քրդերի դեմ գոր ծած զանգվածային ոչնչացման արարքներով ԻՊ-ն կարճ ժամանակամիջոցում իր համար ապահովեց արդիական շրջանի գերդաժան կազմակերպության իմիջ:



Գաղափարախոսության իմաստով ԻՊ-ն հակված է ծայրահեղ իսլամական այն հոսանքին, որը պատմության մեջ հայտնի է որպես վահաբականություն: Այս հոսանքը հավատացած է, որ, իր հետեւորդներից զատ, մարդկային մյուս բոլոր խմբերը քաֆիր (գավուր, անհավատ) են: Հայտնի է, որ վահաբականության արմատները թաղված են Օսմանյան կայսրությունում, եւ պատահական չէ, որ այսօր ԻՊ-ի գլխավոր հովանավորը հանդիսանում են հենց Թուրքիան եւ նրա ներկա իշխանությունները: ԻՊ-ի գործողությունները հեռավոր աղերսներ ունեն եւ հիշեցնում են նաեւ Հայոց ցեղասպանության դրվագները: Հատկանշական է այն, որ գաղափարախոսության ճակատում ԻՊ-ի թիվ մեկ թշնամի են համարվում շիաները եւ քրիստոնյաները:



- Պայքար ԻՊ-ի դեմ: Կարծես բոլորն են պայքարում այդ չարիքի դեմ: Ի՞նչն է պատճառը, որ գերտերությունները, որոնք ահաբեկչությունը թիվ մեկ թշնամի են հռչակել, չեն կարողանում կանգնեցնել «Իսլամական պետությանը»:



- Կցանկանայի այս առիթով մեկ անգամ եւս հիշեցնել ԱՄՆ նախագահ Օբամայի հայտարարությունը, որ ԻՊ-ի դեմ պայքարը մի քանի օրվա հարց չէ եւ կարող է տեւել տարիներ: Նա նույնիսկ ժամկետ նշեց` հինգ տարի: Իրոք, հարց է ծագում` ինչո՞ւ է ԱՄՆ-ի նման ռազմական ուժը, որ Սադամ Հուսեյնի սպառազեն վարչակազմը հեռացրեց հաշված շաբաթների ընթացքում, ԻՊ-ի հարցում այսքան դանդաղում, մանավանդ, որ Հուսեյնի գործած ավերածություններն ավելին չէին, քան ԻՊ-ինը: Կարծում եմ` դժվար չէ կռահել, որ Օբամայի «հնգամյա ծրագիրն» իր մեջ պարունակում է տարածաշրջանային անվտանգության, քաղաքական եւ տնտեսական առավել բարդ հաշվարկներ ու նպատակներ, քան ԻՊ-ի վերացումն է: Այլ խոսքով` ԻՊ-ի միջոցով հարց է լուծվում տարածաշրջանում: Ի մասնավորի՝ նավթի, ինչպես նաեւ Իրանի հետ բանակցային գործընթացում առավել շահեկան դիրքերից հանդես գալու հնարավորություն պահպանելը:



- Մեզ հետաքրքրում է նաեւ, թե, որպես տարածաշրջանային ազդեցիկ երկրներ, ի՞նչ մոտեցում ունեն Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Ռուսաստանն այս հարցի նկատմամբ:



- Իրանի եւ Ռուսաստանի մտահոգություններն այս հարցում պայմանավորված են Սիրիայի խնդրով: Ահաբեկչական խմբերի միջոցով օրինական իշխանությունների տապալումը Սիրիայում կամ տարածաշրջանի որեւէ այլ երկրում աստիճանաբար դոմինանտ վիճակ է ապահովում կրոնադավանական եւ էթնիկական ծայրահեղությունների եւ այլամերժ շարժումների տարածման համար, ինչից մեծապես վնասվում են տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համակեցության սկզբունքները:



Թեեւ այսօր զինված առճակատման նշաններ դեռ չեն ուրվագծվում, այնուամենայնիվ, պահպանվում է լարվածությունն Իրանի եւ ԻՊ-ի միջեւ: ԻՊ-ն թերեւս լավ է գիտակցում, որ Իրանի դեմ որեւէ ուղղակի ոտնձգություն կարող է ճակատագրական լինել իր գոյության համար:



Վերեւում հիշատակված Օբամայի «հնգամյա» ռազմավարական ծրագրի տեսակետից էլ ԱՄՆ-ին ձեռք է տալիս ԻՊ-ին առայժմ հեռու պահել հակաիրանական կոնկրետ քայլերից, եւ դա զուտ այն պատճառով, որ իր ծրագրերը չտապալվեն:
Վերեւում խոսեցինք, որ այդ ծրագրի մի մասն էլ նավթի հետ է կապված: ԻՊ-ի միջոցով Հյուսիսային Իրաքի նավթային ռեսուրսների անխնա թալանը եւ էժան վաճառքն այսօր տնտեսապես ձեռնտու է համաշխարհային եւ տարածաշրջանային բազմաթիվ ուժերի, այդ թվում եւ առաջին հերթին՝ Թուրքիային:



- Ի՞նչ պետք է անել, երբ, պատկերավոր ասած, «ջինը բաց է թողնվել»:



- ԻՊ շարժման ձեւավորումն ու առաջխաղացքը հիշեցնում են նացիզմը: Նման մերժելի շարժումների դեմ պայքարը ենթադրում է միջազգային ճիգեր եւ համագործակցություն: Այդ պայքարը հաջողությամբ չի կարող պսակվել, եթե առաջադեմ աշխարհն այս հարցում չդրսեւորի հավաքական քաղաքական կամք եւ շարունակի նպաստել այն պետություններին, որոնք ուղղակի թե անուղղակի կերպով հովանավորում են ԻՊ-ի պես կազմակերպություններին: Այս իմաստով, կարծում եմ, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն, որպես իրենց տարածքում ահաբեկչության վտանգ ունեցող պետություններ, պետք է յուրահատուկ վերաբերմունք դրսեւորեն Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, որոնք եւ ռազմական, քարոզչական, նյութական, եւ հատկապես գաղափարախոսական աջակցություն են ցուցաբերում ԻՊ-ի նման ահաբեկչական շարժումներին: