«Կեղծ» Արթուր Հարությունյանին գտանք, բայց... (լուսանկարներ)

«Կեղծ» Արթուր Հարությունյանին գտանք, բայց... (լուսանկարներ)

Լրագրողական հետաքննության արդյունքում վերջապես «հայտնաբերվեց» Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից «կեղծ» Արթուր Հարությունյանը: Նրա գոյության մասին մենք գրեթե լիարժեք համոզվեցինք, սակայն նրան անձամբ տեսնելու և նրա հետ շփվելու բախտ այդպես էլ չունեցանք: Մենք տեղեկացանք, որ 5-րդ համարի ներքո հանդես եկող Արթուր Հարությունյանը պետք է քվեարկեր Աբովյանի Սևանի փողոցում գտնվող թիվ 5 մանկապարտեզում տեղակայված 28/17 ընտրատեղամասում: Այցելեցինք այնտեղ, հանձնաժողովի նախագահը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Արթուր Հարությունյանը առավոտյան մինչև ժամը 10-ն ընկած հատվածում այցելել և կատարել է իր ընտրությունը: Նա, սակայն, անձամբ չի տեսել թեկնածուին կամ էլ տեսել է, բայց չի իմացել, որ նա է, քանզի դեմքով չի ճանաչում նրան: Հանձնաժողովի` նրան գրանցած անդամներից մեկը, ով այդ պահին դուրս էր եկել, հեռախոսազրույցով հաստատեց, որ իսկապես նա եկել և քվեարկել է, իսկ մյուս անդամն էլ ցույց տվեց ընտրամատյանը, որտեղ մենք ֆիքսեցինք նրա անուն ազգանունն ու դրա դիմաց նրա ստորագրությունը:



Այնուհետև այցելեցինք նրա բնակության վայր, որը նույն այդ Սևանի փողոցում էր` 2/5 շենքի 7-րդ բնակարանը: Թակեցինք դուռը՝ բացող չեղավ: Հարևաններից փորձեցինք ճշտել` ճանաչու՞մ են, արդյոք, քաղաքապետի թեկնածու իրենց հարևանին, դիմացի հարևանն ասաց, որ ճանաչում է, իսկապես Արթուր Հարությունյան անունով քաղաքապետի հենց այդ թեկնածուն իրենց հարևանն է, սակայն շփում չունեն հետը: Նշեցին նաև, որ ընտանիք ունի, բնակվում է կնոջ և երկու երեխաների հետ: Բակում հավաքված հարևաններն էլ ասացին, որ քիչ առաջ Հարությունյանը շենքում էր, և մեր այցելությունից րոպեներ առաջ գնաց ինչ-որ տեղ: Թե ինչպիսի անձնավորություն է իրենց հարևան թեկնածուն, հարևաններից մեկն ասաց, որ շատ նորմալ մարդ է:
Մեր հարցին` որպես հարևան իրե՞ն են հենց ընտրել, մեր զրուցակիցն ասաց. «Հա խի՞ չէ, որ, շատ էլ նորմալ մարդ ա` մարդկային որակներով հարուստ»:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ