Կիրակի օրը ընտրությունն իշխանության և իշխանականների միջև էր

Կիրակի օրը ընտրությունն իշխանության և իշխանականների միջև էր

Երեկ Հայաստանի երեք տարբեր մարզերում համարյա համապետական ընտրությունների հնչեղության ՏԻՄ ընտրություններ էին։ Արտաշատում, Աբովյանում եւ Ալավերդիում բնակչությունը քաղաքապետ էր ընտրում։ Երեքում էլ ընտրություններն առանձնանում էին իրենց յուրահատկությամբ եւ կոլորիտով։ Եթե մեկում թեժ էր, քանզի մրցակիցներն էին շատ, ապա մյուսում մրցակից ընդհանրապես չկար, երրորդում էլ մրցապայքարը երկու թեկնածուի միջեւ էր՝ մեկը մյուսից կատաղի։ Արդյունքում երեքում էլ ընտրվեցին նրանք, ում որ «ժողովուրդն ընտրեց»։ Իսկ թե ժողովրդի փոխարեն ով որոշեց, դա արդեն լրիվ այլ օպերայից է։



Արտաշատ



Արարատի մարզի Մխչյան գյուղի հարեւան այս հարթավայրային քաղաքում՝ Արտաշատում, ընտրություններն անցան շատ հարթ ու համերաշխ։ Հարեւան քաղաքը ղեկավարելու հայտ էր ներկայացրել կողքի գյուղից մի տղա՝ Արգամ անունով, ում հայրը Երեւանում վարչապետ է աշխատում։ Ասում են՝ հայրն առանձնապես չի խառնվել որդու քաղաքապետ դառնալու գործին, չի միջամտել ընտրություններին։ Միայն հեռվից հետեւել է։ Խորհրդատուներն Արգամի ընկերներն են եղել, ինքն էլ վերջում, որպես հայրիկ ու վարչապետ, տղային բարի ճանապարհ է մաղթել՝ հիշեցնելով, որ ծանր ու պատասխանատու բեռի տակ է մտնում։ Դեռ քարոզարշավից առաջ վարչապետի որդու դեմ մրցակցության հայտ էին ներկայացրել Աբրահամյանների ոխերիմ «բարեկամներից» Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, եւ «Շահումյան ալկո» ՍՊԸ տնօրեն Գարեգին Համբարձումյանը։ Սակայն շուտով նրանք «հասկացան», որ Արտաշատն ավելի կբարգավաճի, եթե իրենց փոխարեն հենց երիտասարդ ու խոստումնալից կադր Արգամ Աբրահամյանը փորձի իր երիտասարդական ավյունով զարգացնել ու «բարգավաճեցնել» քաղաքը, եւ ինքնաբացարկ հայտարարեցին։ Փաստորեն, սերնդափոխությունը մեզանում հենց այսպես են հասկանում՝ հայրերն իրենց պաշտոններն ու լծակները փոխանցում են որդիներին։ Եվ եթե հայրերն այնքան էլ հեշտ չեն հասել այսօրվա իրենց կարգավիճակին, ապա որդիները շատ ավելի հեշտությամբ են հասնում՝ առանց պայքարի ու մրցակցության։ Ընտրության օրն իր դստեր եւ հորեղբոր հետ միակ թեկնածուին՝ ինքն իրեն ընտրելու գնացած ապագա քաղաքապետը լրագրողների հետ զրույցում այսպիսի մտքեր էր արտահայտել. «Ժողովուրդն ում վստահի, նա էլ կլինի», եւ՝ «Իմ մրցակիցն Արտաշատի խնդիրներն են»։ Փաստորեն, ժողովուրդը լիովին վստահել է․ ընտրությանը մասնակցած 10 հազար 401 ընտրողից «անվստահություն» է հայտնել ընդամենը 116 հոգի, վստահություն՝ 10 հազար 13 հոգի։ Ի դեպ, հայր Աբրահամյանը երեկ անկեղծացել է․ «Եթե մրցակցություն չկար, ուրեմն հաղթանակ չի կարող լինել»։ Ինչեւէ, Արտաշատում այսուհետ կկառավարի Արգամ Աբրահամյանը՝ երիտասարդ ու խոստումնալից կադր, գրագետ, կրթված. այդպես են պնդում նրան սատարողները։ Հաշվի առնելով այն, որ նրա հայրն էլ է սկսել Արտաշատից, կարելի է կանխատեսել, որ ապագա վարչապետ է հասունանում։



Աբովյան



Առինջեցի գործարար, նախկին քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի սիրելի քաղաքը, որը Ծառուկյանի հետ շուրջ տասը տարի փորձել է շենացնել սիրիահայ Կարո Իսրայելյանը, վերջին տարիներին էլ երեւի փորձել, բայց կարծես այդքան էլ հաջողությամբ չի շենացրել Կարո Գուլոյանը՝ Ծառուկյանի փեսան ու Կոտայքի ներկայիս մարզպետը, այժմ կփորձի նորովի շենացնել Ծառուկյանի հովանավորած եւ ՀՀԿ-ի սատարած անձը՝ Վահագն Գեւորգյանը։ Նա մրցապայքարի մեջ էր մտել հանուն Աբովյանի զարգացման, առկա բազմաթիվ խնդիրների լուծման, ինչպես նշում էր իր քարոզարշավի ընթացքում։ Նրա դեմ պայքարում էին եւս երեքուկես՝ գրեթե չորս թեկնածու։ Նրանցից երեքը նույնպես ունեին Աբովյանի զարգացման ու խնդիրների լուծման իրենց տեսլականը, սակայն այդ ամենին զուգահեռ պայքարում էին Վահագն Գեւորգյանի դեմ՝ որպես Ծառուկյանի հովանավորյալի եւ ՀՀԿ-ի սատարած անձի, որ «Առինջի կլանը», ըստ նրանց, կրկին չթագավորի Աբովյանում։ Նրանք էին՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, տրանսպորտային բիզնեսում գործարար, Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Գեղամի Հարությունյանը եւ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ թոռը՝ տրանսպորտային ոլորտի մեկ այլ գործարար Էդվին Թադեւոսյանը։ Վերջին երկուսն այժմ Ծառուկյանի հետ որեւէ կապ չունեն եւ դուրս էին եկել հենց Ծառուկյանի դեմ, թեպետ Ծառուկյանի թեկնածուն էլ մեզ հետ զրույցում պնդում էր, որ եթե պարտվեն, պարտվելու են իրեն, ոչ թե Ծառուկյանին։ Այն «երեքուկեսերորդ» թեկնածուն եւս Արթուր Գեղամի Հարությունյանն էր, բայց մի տարով ավելի երիտասարդ իր մրցակից անվանակցից։ Նա ամենահանելուկայինն էր այս հնգյակում։ Նրա ոդիսականը մեզ ընտրության օրը լիարժեք բացահայտել չհաջողվեց։ Նրան ոչ ոք չէր ճանաչում կամ էլ ճանաչում էին, բայց ո՛չ դեմքով։ Պարզեցինք, որ նա գնացել եւ քվեարկել է առավոտյան, սակայն որեւէ մեկը չի իմացել, որ դա հենց նա է՝ «կեղծ» Արթուր Հարությունյանը, ում առաջադրել էին իրական Արթուր Հարությունյանի՝ Պալաչի ձայները փախցնելու համար։ Նրա բնակարան նույնիսկ այցելեցինք, սակայն տանը չէր, հարեւաններն էլ հաստատեցին, որ նման հարեւան ունեն, բայց հետը շփում չունեին։ Ասում են՝ այժմ խոզ պահելով է զբաղված եւ քարոզարշավի չի մասնակցել, որեւէ մեկի աչքին չի երեւացել որպես թեկնածու։ Ի դեպ, թե՛ ինքը՝ Պալաչը, թե՛ Էդվինը եւ թե՛ ամենաավագ մրցակից Կարապետ Իսրայելյանն իրենց շանսերը շատ բարձր էին գնահատում եւ համոզված էին, որ հենց իրենք են հաղթելու։ Ընտրությունների արդյունքները, սակայն, ցույց տվեցին լրիվ այլ պատկեր. Արթուր Հարությունյանը հավաքեց շուրջ 5 հազար 500 ձայն, Կարո Իսրայելյանը՝ 526, Էդվին Թադեւոսյանը՝ 520, իսկ այն կեղծ թեկնածուն էլ ընդամենը 159 ձայնով կարողացավ խանգարել իր մրցակից իրական Արթուր Հարությունյանին եւ մյուսներին։ Արդյունքում Վահագն Գեւորգյանը 11 հազար 227 ձայնով դարձավ քաղաքապետ։ Նշենք, որ ապագա քաղաքապետին սատարելու էին եկել բժիշկներից, ինժեներներից, մտավորական տարբեր դեմքերից սկսած մինչեւ թիկնապահների մի հոծ բազմություն՝ թանկարժեք ջիպերով։ Գագիկ Ծառուկյանի անհամար թիկնապահներից ոմանք հանուն Գեւորգյանի «լրագրող» էին աշխատում ընտրատեղամասերում՝ մոռանալով, սակայն, որ իրենց պարապած մկաններն ու դեմքի արտահայտությունն այնքան էլ համահունչ չէին լրագրողի կերպարին։ Այս ամենը, իրականում, որոշակի բացասական երանգ էր հաղորդում Գեւորգյանի հեղինակությանը։ Գեւորգյանը, հիշեցնենք, մինչ առաջադրվելը երկար տարիներ աշխատել է Ազգային ժողովի տարբեր հանձնաժողովներում՝ որպես փորձագետ։ Ամուսնացած է, ունի երկու դուստր, ընտրության էլ եկել էր ընտանյոք հանդերձ՝ դուստրերի եւ կնոջ հետ։



Ալավերդի



Լոռու մարզի Ալավերդի քաղաքում կիրակի օրը կայացած ընտրություններով նախկին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը քաղաքի կառավարման «ալավերդին», ինչպես ասում են, թողեց Կարեն Փարեմուզյանին։ Նրա հետ պայքարի էր դուրս եկել Արթուր Աբգարյանը։ Ամենաթեժ մրցապայքարը, կարելի է ասել, այս քաղաքում է տեղի ունեցել, քանզի առկա երկու թեկնածուներն էլ առաջադրվել էին քաղաքապետ դառնալու բուռն ցանկությամբ, ոչ թե որեւէ մեկի հորդորով կամ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար։ Նրանց միջեւ ձայների տարբերությունը քիչ է եղել. 8 հազար 970 ընտրողներից Կարեն Փարեմուզյանն ստացել է 5 հազար 141 քվե, իսկ Արթուր Աբգարյանի օգտին քվեարկել է 3 հազար 554 ընտրող։ Փարեմուզյանը, ով Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն է, առաջադրված է եղել իշխող Հանրապետական կուսակցության կողմից։ Նրան սատարում էր նաեւ Ալավերդու նախկին քաղաքապետ, Լոռու ներկայիս մարզպետ Արթուր Նալբանդյանը. նրանք վաղեմի մտերիմներ են։ Մյուս թեկնածուն՝ Արթուր Աբգարյանը, «Սթրոնգ Սթոուն Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, եւ նրան, ինչպես գրվեց մամուլում, աջակցում էր ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Փաստորեն, ՀՀԿ-ի «վերեւներում» մարզպետը հաղթեց փոխխոսնակին, իսկ ներքեւներում էլ, համապատասխանաբար, մարզպետի սատարած թեկնածուն հաղթեց փոխխոսնակի նախընտրած թեկնածուին։ Նրանք, ասում են, ժամանակին ընկերներ են եղել, սակայն քաղաքապետ դառնալու ցանկությունը խիստ լարվածություն է մտցրել նրանց միջեւ՝ ընկերությունից հասցնելով ընդհուպ թշնամության։




ՀԳ. Նորանկախ Հայաստանում ձեւավորված ընտրական ավանդույթները, ինչպես ցույց տվեցին այս երեք քաղաքներում անցկացված ընտրությունների արդյունքները, այս անգամ էլ չխախտվեցին։ Լոռու, Կոտայքի եւ Արարատի մարզի այս երեք քաղաքներում էլ հաղթեց իշխանության առաջադրած թեկնածուն։ Թեպետ այնպես չէր, որ այս դեպքում ընդդիմադիր քաղաքական ուժերից առաջադրված թեկնածու կար։ Հաղթողներին պարտված մրցակից թեկնածուներից որեւէ մեկը կուսակցական չէր եւ երբեւէ ընդդիմադիր հայացքներով աչքի չէր ընկել, ավելին, դեռ մի բան էլ ժամանակին տարբեր ընտրություններում նրանցից շատերը լուրջ աշխատանք են տարել հենց գործող իշխանությունների վերընտրման, իշխանական թեկնածուների ընտրության օգտին։ Կարելի է ասել՝ ժողովուրդն ընտրության հնարավորություն ուղղակի չուներ, նա ում էլ ընտրեր, ըստ էության, իր քաղաքում իշխանափոխություն հաստատ չէր անելու։ Ասել է թե՝ ընտրությունն իշխանության եւ իշխանականների միջեւ էր։ Ինչ վերաբերում է խախտումներին, ապա երեք քաղաքներում էլ առանձնապես լուրջ խախտումներ այս անգամ չեն արձանագրվել։ Երեքում էլ դիտորդներն ու լրագրողները բարձրաձայնել են հիմնականում միկրոավտոբուսներով մարդկանց խմբեր քվեարկության բերելու կամ ցուցակներում ինչ-ինչ անճշտությունների մասին, որոնք այդքան մեծ հնչեղություն այս անգամ չեն ստացել։