Եթե իմանամ՝ երկու ամիս ամեն օր բողոքեմ, չեն բարձրացնի գինը, կբողոքեմ․ Գրիգորի Մարգարյան

Եթե իմանամ՝ երկու ամիս ամեն օր բողոքեմ, չեն բարձրացնի գինը, կբողոքեմ․ Գրիգորի Մարգարյան

ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը համոզված է, որ բոլորն էլ դժգոհ են էլեկտրաէներգիայի թանկացումից, ինքը ևս դեմ է դրան։ «Որովհետև, եթե մի հիմնարկ կատարել է սխալ տնտեսական քաղաքականություն, որը հանգեցրել է այդքան պարտքերի, բնական է՝ ինքը պետք է պատասխան տա, չեմ կարծում, որ պատասխանը պետք է ժողովուրդը տա»,-այսօր մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց պարոն Մարգարյանը։



Hraparak.am-ի հարցին՝ ՀԷՑ-ի վարած այս վատ տնտեսական քաղաքկանության մեջ իշխանությունները, կառավարությունն իրենց մեղքի բաժինը չունեն, պատգամավորն ասաց․ «չեմ կարծում, որովհետև տվյալ հիմնարկը, որը կատարել է այդ ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, կոնկրետ ինքն է կատարում էդ ծառայությունը, և դա կառավարության որևիցե խնդրի մեջ չի մտնում»։



Դիտարկանը, թե Վերահսկիչ պալատ ունենք, էներգետիկայի նախարարության, որոնք կարող էին ճիշտ վերահսկողություն իրականացնել ժամանակին և կանխել այս ամենը, Մարգարյանը համաձայնեց․ «Կարող է, հա, բան չունեմ ասելու, պետք է, որ վերահսկողության տակ պահեին, բայց տվյալ հիմնարկը առանձին հիմնարկ է և պատասխան է տալիս իր արարքների համար»։



Նա նաև նշեց, որ էլեկտրաէնեգիայի թանկացումը լուրջ վնաս կհասցնի ոչ միայն բիզնեսին, այլ բոլորին, ՀՀ ողջ ազգաբնակչությանը՝ փոքրից մեծ։
Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է, որ այս հարցում համախմբում լինի թե՛ գործարարների, պատգամավորների, և թե՛ ողջ ժողովրդի կողմից, և համատեղ ուժերով պայհքարեն այս թանկացման դեմ, Գ․ Մարգարյանն ասաց, որ գործարարների անունից ինքը պատասխան չի կարող տալ, այդ հարցով պետք է գործարարների միությանը դիմենք։
«Բայց, ամեն դեպքում, էս լսումները, որ լինում են, հավաքվում են, Բիբինին հարցեր են տալիս, դա նաև Ձեր հարցի պատասխանն է, որ մարդիկ շահագրգռված են և հրավիրում են, որ պատասխանները ստանան»,-ասաց նա։



Իսկ հնարավո՞ր է՝ լսումների ժամանակ ինքը ելույթ ունենա և բողոքի թանկացումից, պատգամավորն ասաց․ «Որ բողոքեմ՝ ի՞նչն ա ավելանալու։ Ես, եթե իմանամ, երկու ամիս իրար վրա կբողոքեմ ամեն օր և չեն բարձրացնի գինը, կբողոքեմ»։ Նա, սակայն, վստահեցրեց, որ ինքը իր կողմից փորձում է հարցեր բարձրացնել՝ այս խնդրի առնչությամբ՝ որպես պատգամավոր։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ