Պուտինը կրակն է գցել Էրդողանին

Պուտինը կրակն է գցել Էրդողանին

Հայտնի ասույթ է` երբ Աստված ցանկանում է մեկին պատժել, առաջինը խելքն է վերցնում: Ակներեւաբար, արդեն մի տարի Աստծո կողմից պատժվողների թվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քանի որ նրա գործողություններում բանականությունը զգալիորեն մարել է: Ընդ որում, պարզվում է՝ ոչ միայն գեոպոլիտիկ հաշվարկներում եւ շոուներում, այլեւ առօրյա մարդկային շփումներում:



Եթե մեկը բանականության հետ խնդիր չունենա, այնպիսի շնորհավորանք կուղարկի՞ ընկերոջը, որ ընկերը դրանից պատմության մեջ ընկնի: Հազիվ թե: Մինչդեռ ՌԴ նախագահ Պուտինը երեկ Կրեմլի կայքից հայտարարել է, որ ինքը զանգահարել է Անկարա եւ շնորհավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հունիսի 7-ի ընտրություններում AK կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:
Դեռ մի կողմ թողած, որ իրականում հունիսի 7-ին կայացած Թուրքիայի Հանրապետության 25-րդ համընդհանուր ընտրությունների արդյունքներն այնքան աննպաստ էին անձամբ նախագահ Էրդողանի համար, որ նրան իրականում ցավակցել է պետք:



Ոչ միայն Թուրքիայում կառավարման նախագահական համակարգ հաստատելու Էրդողանի ծրագրերը փլուզվեցին, փլուզելով նաեւ «Նոր Թուրքիայի» իր միրաժները, այլեւ AK-ին տրված ձայները շեշտակի անկում արձանագրելով` 49%-ից իջնելով 40.6%-ի, կուսակցությանը զրկեցին պարզ խորհրդարանական մեծամասնությունից: AK-ն այժմ չունի խորհրդարանական մանդատների նույնիսկ կեսը եւ 2002-ին իշխանության գալուց ի վեր առաջին անգամ չի կարող անգամ սեփական կառավարություն կազմավորել: Հետեւաբար, հունիսի 7-ի ընտրություններով Էրդողանին պատճառված վերքերի վրա աղ չցանելու համար կարելի էր լռել, ինչպես աշխարհի մնացյալ առաջնորդները, բայց շնորհավորե՜լ… դա գրեթե ցինիզմ էր:



Այդուհանդերձ, Էրդողանին չէր կարելի շնորհավորել էլ ավելի ծանրակշիռ պատճառով: Էրդողանը Թուրքիայի նախագահն է, իսկ Թուրքիայի սահմանադրությունը պարտավորեցնում է նախագահին լինել անկողմնակալ եւ հավասար հեռավորություն պահպանել բոլոր քաղաքական կուսակցություններից: Մինչդեռ Պուտինն իր զանգով ակամա ցույց է տվել, որ Էրդողանը, ի խախտումն սահմանադրության, այնքան է կապված AK կուսակցությանը, որ նույնիսկ AK-ի համար շնորհավորանքներ է ստանում: Ուղղակի նվեր Էրդողանի ընդդիմախոսներին` նրան եւս մեկ անգամ հրապարակավ քարկոծելու համար:



Հարկ կա՞ ասելու, որ անմիջապես CHP-ն էլ, MHP-ն էլ գործի անցան: CHP-ի (հիմնական ընդդիմադիր կուսակցությունն է, ղեկավարը՝ Քեմալ Քիլիչդարօղլուն, ընտրություններում գրավել է երկրորդ հորիզոնականը` 25 տոկոս ձայներով, խորհրդարանում ստանում է 132 մանդատ) խոսնակը քարը քարին չթողեց։ «Միայն մենք չէ, որ հայտարարում ենք, թե նախագահն անկողմնակալ չէ` ի հակադրություն սահմանադրության պահանջի: Յուրաքանչյուրն էլ դա գիտի: Եթե այդպես չէ, ապա Պուտինը չգիտե՞ր ում զանգել: Նույնիսկ պրն. Էրդողանի ընկերն է հասկանում, որ Էրդողանն իրեն AK-ի առաջնորդ է տեսում, ոչ թե երկրի նախագահ: Պուտինը նախագահին է զանգում ընտրության արդյունքի կապակցությամբ, որ AK-ն է արձանագրել»։ CHP-ի խոսնակը վերջում էլ ավելացրել է. «Պրն. Դավութօղլու, տեսնո՞ւմ եք, որ նույնիսկ Պուտինը Ձեզ չի համարում մեկը, ում վրա արժեր ուշադրություն դարձնել եւ շնորհավորել»:



MHP-ի (Թուրքիայի ազգայնական կուսակցությունն է, ղեկավարը՝ Դեւլեթ Բահչելի, հունիսի 7-ի ընտրությամբ խորհրդարան անցած չորս կուսակցություններից երրորդն է` ձայների շուրջ 16%-ով եւ 80 մանդատով) ներկայացուցիչն էլ Պուտինի զանգը կոչել է «դիվանագիտական առումով անհաջող» եւ ավելացրել, թե Կրեմլում պետք է մեկը գտնվի, ով Պուտինին բացատրի, որ Թուրքիան խորհրդարանական կառավարման երկիր է, ոչ թե նախագահական: «Կարծում ենք՝ շուտով Պուտինը կգիտակցի, որ շատ ավելի լավ կլիներ, եթե ինքը զանգահարած չլիներ: Մանավանդ Թուրքիայում էներգետիկ հարցերի (հեռախոսազանգի մասին Կրեմլի հաղորդագրությունում խոսվում էր էներգետիկ ծրագրերից եւ տարեվերջին Կազանում գումարվելիք Թուրքիա-Ռուսաստան համագործակցության խորհրդի նիստից՝ հեղ․) հասցեատերը կառավարությունը եւ վարչապետն են, ոչ թե նախագահը: Մեկը պետք է Պուտինին այս իրողությունները բացատրի»,- հայտարարել է MHP-ն:



Իսկապես, ավելի լավ չէ՞ր լինի, եթե Պուտինն Էրդողանին չզանգահարեր կամ գոնե դրանից շոու չսարքեր` Կրեմլի կայքում այդ մասին հաղորդելով եւ իր ընկերոջը հարվածների տակ դնելով: Հավատա՞ս, որ Աստված Պուտինի խելքը չի վերցրել: