ՀՀ ԴԱՀԿ-ն՝ միջազգային միության լիիրավ անդամ, իսկ Ադրբեջանը դեռ սպասելու տեղ ունի

ՀՀ ԴԱՀԿ-ն՝ միջազգային միության լիիրավ անդամ, իսկ Ադրբեջանը դեռ սպասելու տեղ ունի

Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը արդեն իսկ միջազգային միության անդամ է։ Հունիսի 3-ին եռօրյա աշխատանքային այցով ԴԿՄՄ նախագահ Լեո Նետենի հրավերով Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում էր գտնվում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը։ Հենց այստեղ էլ ստորագրվեց ՀՀ Հարկադիր կատարման ծառայության՝ Դատական կատարողների միության (ԴԿՄՄ) անդամ դառնալու վերաբերյալ փաստաթուղթը: Մինչ ստորագրումը, սակայն, հայկական պատվիրակության անդամները Մադրիդում մասնակցեցին «Հարկադիր կատարող՝ կապը օրենքի և տնտեսության միջև. նոր մոտեցումներ հարկադրանքին» խորագրի ներքո մեկնարկած Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսին։ Հունիսի 5-ին Կոնգրեսի շրջանակներում տեղի ունեցավ նաև Դատական կատարողների միջազգային միությանը Հայաստանի հարկադիր կատարման ծառայության լիիրավ անդամակցության վերաբերյալ արձանագրային փաստաթղթի ստորագրումը։ Փաստաթուղթը ստորագրվեց, և Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ արդեն միջազգային միության անդամի կարգավիճակով։



«Սա թերևս իրավական արձանագրումն է այն իրողության, որ 2010 թվականից սկսած՝ դիտորդի կարգավիճակով համագործակցելով Դատական կատարողների միջազգային միության հետ, Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը կարողացել է լավագույնս ներկայացնել իր առաջադեմ փորձն ու հմտությունները, լինել ընկալելի և հասկանալի՝ իր ուրույն տեղը և դերը նվաճել միջազգային համագործակցության ոլորտում։ Վստահեցնում եմ ձեզ, որ Ծառայությունը զգալի տեղ է հատկացնում միջազգային փորձի ուսումնասիրությանը և հետևողական քայլեր է ձեռնարկում այլ երկրների համապատասխան ծառայությունների հետ սերտ համագործակցություն ապահովելու ուղղությամբ»,-ԴԿՄՄ միջազգային միությանն անդամակցելիս իր ելույթում ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:



Ի դեպ, երբ խոսք է լինում հարևան երկրների հետ համեմատվելու մասին, ապա այս հարցում մենք միանագամայն դրական լույսի ներքո են ներկայանում, քանզի մեր հարևան Ադրբեջանն, օրինակ, առնվազն դեռ երեք տարի էլ պետք է սպասի, որ կարողանա անդամակցել միջազգային միությանը: Նախկին ԽՍՀՄ երկրներից միության լիիրավ անդամի կարգավիճակ ունեն միայն Վրաստանը և Հայաստանը:
Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցն իր ելույթում ևս կարևորեց մեր անդամակցումը ԴՄԿԿ-ին՝ նշելով, որ այս կառույցը փորձի փոխանակման լավագույն գործիքն է: «Հարկադիր կատարման միջազգային միությունը կատարելագործում է ոլորտի ողջ գործունեությունը և դարձնում այն մարդկանց համար առավել թափանցիկ»,-նկատեց պարոն Ադոնցը:
Իսկ, ահա, ԴԿՄՄ նախագահ Լեո Նետենը, ով բավականին նուրբ հումորի տեր մարդ է, իր ելույթում նախ հիշեց, որ ինքը եղել է Հայաստանում, վերջին այցը Ապրիլի 24-ին էր, ապա գովեց հայաստանյան ԶԼՄ-ներին. «Եթե ԶԼՄ-ների վերապատրաստման հարց կա, պետք է գնալ Հայաստան»:
Ի դեպ, ԴԿՄՄ 2016 թվականին գարնանային մշտական խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում: Այդ մասին ևս արձանագրվել է Մադրիդում կայացած 22-րդ կոնգրեսի ժամանակ:



Հայաստանի՝ ԴԿՄՄ անդամ դառնալու մասին դեռ վաղուց էր խոսվում, և դրան Հայաստանի հարկադիր կատարողները վաղուց էին սպասում:



Դեռևս 2013թ. նոյեմբերի 28-29-ը Փարիզում կայացած Դատական կատարողների միջազգային միության ամենամյա լիագումար նիստի ժամանակ, որին մասնակցում էին Միության անդամ շուրջ ութ տասնյակ երկրների պատվիրակություններ, Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենն իր ելույթում հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայության ներկայիս կարգավիճակը և կոնկրետ ուղղություններով արձանագրած հաջողությունները հիմք են տալիս Միջազգային միությանը Ծառայության հետ համագործակցությունը շարունակել արդեն իսկ Միության անդամի կարգավիճակով, և առաջարկել էր սկսել անդամակցության համար սահմանված գործընթացը: Այս առաջարկը ողջունվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի կողմից: Այդ համատեքստում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու ընդհանուր ռազմավարության և դրա համար անհրաժեշտ կոնկրետ գործնական քայլերի ուղղությամբ: Արդեն իսկ նախանշված էր, որ 2015թ. ամռանը Մադրիդում պետք է տեղի ունենար Դատական կատարողների միջազգային միության կոնգրեսը, որի ժամանակ էլ պետք է ստորագրվեր Հայաստանի հարկադիր կատարման ծառայության՝ Միջազգային միության անդամ դառնալու մասին փաստաթուղթը: Փաստթուղթն այլևս ստորագրված իրողություն է, և Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունը այդ մեծ ընտանիքի անդամ է:



ԴԿՄՄ նախագահ Լեո Նետենը անցյալ տարի Հայաստանում մի առիթով մեզ հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն իր Հարկադիր կատարման ծառայությամբ աշխարհում ի՞նչ դիրք է զբաղեցնում, ասել էր․ «Ես երբևէ որևէ վարկանիշ որևէ երկրի չեմ տալիս, սակայն, եթե մենք նայում ենք ընդհանրապես հարկադիր կատարման ծառայության զարգացման տեսանկյունից, ապա միջազգային միության ավելի քան 80 երկրների շարքում Հայաստանի ծառայությունը ես կդասեի առաջին տասնյակում»։ Այդ օրը Նետենը նաև որոշ զարգացումներ մատնանշեց Հայաստանի Հարկադիր կատարման համակարգում, որոնք, ըստ նրա, կարող են ուսուցանող լինել այլ երկրների Հարկադիր կատարման ծառայությունների համար․ «Կարող եմ ասել այն, թե ինչպես է կազմակերպված ձեզ մոտ ծառայությունը, ինչպես եք դուք օգտագործում այն հնարավորությունները, որ ընձեռում են էլեկտրոնային միջոցները, ինչպես եք կազմակերպում ներքին վերապատրաստումն ու ուսուցումը ծառայության ներսում: Մի կարևոր բան ևս նշեմ՝ ներքին և արտաքին հաղորդակցության մակարդակը, որն ամենակարևորն է իմ տեսածներից»։



Նկատենք, որ Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունն այն կառույցներից է, որոնք հասարակության մեջ դրական ասոցիացիաներ չեն առաջացնում, կարծես ժողովրդի «աչքի փուշը» լինեն: Սա չեն հերքում նաև ոլորտի ներկայացուցիչները։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը այս առումով անդրադառնալով հատկապես հասարակության մեջ կարծրացած նմանօրինակ վերաբեմունքին և հոգեբանական կողմին՝ նշել էր, որ խնդիրներ, անշուշտ, կան, և առանց դրա չեն էլ կարող աշխատել։



Թե ինչ կտա Դատական կատարողների միջազգային միութան անդամ դառնալը Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությանը այս և մի շարք այլ խնդիրների լուծման առումով, ցույց կտա ժամանակը։ Առայժմ միայն ակնհայտ է հնչեղությունը՝ միջազգային միության լիիրավ անդամ․ սակայն այդ հնչեղությունն առավել կընդգծվի, եթե այդ անդամակցումը գործնականում իր պտուղները տա ի շահ Ծառայության զարգացման և ի շահ ՀՀ քաղաքացու, ում համար շարունակում է ԴԱՀԿ-ն մնալ ոչ այդքան սիրելի կառույց կամ, ուղղակի, «աչքի փուշ»։ Ի դեպ, այս փաստը ընդունում են նաև իրենք՝ հարկադիր կատարողները, Միհրան Պողոսյանն էլ այս առիթով անկեղծացել է, որ Հարկադիրը բոլորի սիրելին չէ, բայց շատ կարևոր է, որ այն ճիշտ աշխատի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ