Պահանջվում է ընդդիմություն

Պահանջվում է ընդդիմություն

Եթե փորձենք ընդհանուր գնահատական տալ հունիսի 7-ին Ալավերդի, Աբովյան եւ Արտաշատ քաղաքներում տեղի ունեցած ընտրություններին, ապա կարելի է առանց հետահայացի ասել, որ այդ ընտրություններում հաղթեց Սերժ Սարգսյանը: Ապացուցելու ոչինչ չկա: Ովքե՞ր են հաղթողները. Սերժի մարդիկ: Եվ սրանով ամեն ինչ ասված է: Հարցն այլ կերպ տանք: Ովքե՞ր էին այս ընտրություններում Սերժի մարդկանց մրցակիցները. դարձյալ Սերժի մարդիկ եւ ոչ մի օտար անձնավորություն: Այն, ինչ տեղի ունեցավ, շատ նման է ինքդ քեզ հետ շախմատ խաղալուն: Խաղում ես լուրջ դեմքով, բայց միշտ հաղթում են այն խաղաքարերը, որոնց գույնի հանդեպ սիմպատիա ունես:
Սերժ Սարգսյանն ինքն իր հետ շախմատ խաղում է՝ սկսած 2013 թվականից: Նախագահական եւ դրանից հետո տեղի ունեցած շատ թե քիչ կարեւոր ընտրություններում ընդդիմությունը չի փորձել որեւէ կերպ միջամտել` թողնելով, որ քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանն իրեն զգա «սամ սեբե ռեժիսոր»:



Հայաստանի քաղաքական դաշտում, առհասարակ, 2013 թվականից այս կողմ որեւէ լուրջ բան տեղի չի ունեցել: Վերջին բանը, որին հավատում էր ժողովուրդը, բուրժուադեմոկրատական հեղափոխությունն էր` Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարական նվագակցությամբ, բայց դա էլ, պարզվեց, ոչ թե ընդդիմություն-իշխանություն հակամարտություն էր` հեղափոխություն, այլ` պարապ վախտի խաղալիք: Խաղացինք ու վերջ:



Ի՞նչ անել հետագայում, որ տպավորություն չստեղծվի, թե Հայաստանում քաղաքական եւ քաղաքացիական կյանքը մեռած է, մանավանդ, որ սահմանադրական բարեփոխումներն էլ, կարծես, կամաց-կամաց գրվում են ավազին, որովհետեւ հանրապետության, այսպես կոչված, տերերը չեն ուզում: Սա միակ ճակատն է, որտեղ դեռ հնարավոր է պայքարներ առաջանան: Սերժ Սարգսյանի գործն այս դեպքում սեփական ընդդիմության հետ չէ, որը, եթե ինքը ցանկանա, կազմակերպված ձեւով դադարեցնում է պայքարը: Սահմանադրական բարեփոխումների հարցը, ինչպես բոլոր կարեւոր հարցերը, Հայաստանում չեն լուծվում: Այսինքն՝ սա Արտաշատի քաղաքապետի ընտրություն չէ, որտեղ վարչապետի որդին մեկ խոչընդոտ ունենա` վարչապետ հայրը:



ԵՄ-ի հետ անպտուղ, բայց աշխույժ կապերի պահպանումը ոչ մի կերպ չի նպաստում ներքաղաքական կյանքի զարթոնքին, իսկ ԵՏՄ-ին անմնացորդ նվիրումն էլ հանգեցնում է խայտառակությունների: 2014 թվականի հոկտեմբերի 10-ի հանրահավաքն ու դհոլ-զուռնան, որով նշանավորվեց Սերժ Սարգսյանի Մինսկում ստորագրած փաստաթուղթը, ասվածի վառ ապացույցն է: Որ մեզ թողնեն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի, Արտաշես Գեղամյանի եւ մոսկվաներից Հայաստանին տիրություն անողների հույսին, 15 րոպեում կռուսաֆիկացվենք, կվերջանանք: Հետեւաբար` ընդդիմությանն այս ուղղությամբ ակտիվացնելն էլ մի բան չէ:



Եվ, ուրեմն, ի՞նչ անել, որ լեշի նման ընկած ընդդիմությունը շարժվի, դուրս գա խորհրդարանի պատերից: Հասարակությանն աշխուժացնելու նպատակով ՕԵԿ-ին որեւէ բան վստահելը մեծագույն սխալ է: Արթուր Բաղդասարյանի քաղաքական կենսագրությունը ոչնչով չի զիջում Գագիկ Ծառուկյանի կենսագրությանը: Ավելի հարմարվող քաղաքական քամելեոն նույնիսկ դժվար է պատկերացնելը: Եվ հիմա, երբ համախմբվելու, երկիրը փրկելու կոչը հնչում է հենց այդ «քամելեոնի» շուրթերից, ակամա մտածում ես, որ սա վերջն է: Մի արեք նման բան, խնդրում ենք:



Իրավիճակը փրկել, թերեւս, կկարողանային քաղաքացիական շարժումները: Բայց քաղաքացիական շարժումն ինքնին չի կարող քաղաքական պրոցեսի վերածվել, երբ այդ շարժումների ղեկավարներն էլ են նշանակովի: Այս հանգամանքն էլ իր հերթին է հատուկենտ լուրջ քաղաքական ուժերին հետ պահում զանազան շարժումների լիարժեք ինտեգրվելու եւ դրանք առաջ տանելու մղումներից: Օրինակ` միանան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական շարժմանը, որ ի՞նչ անեն: Վաղն իշխանությունը կիջնի այդ շարժման իր ակտիվիստների մոտ եւ կհայտարարի. «Հարցը, քըռթ, փակված է, ՀԷՑ-ի ականջները կձգենք, հոսանքը չի թանկանա»: Դե, քաղաքական ուժ, արի ու ապացուցիր, որ իշխանությունը քեզնից վախեցավ: Այդ նույն իշխանությունները, երբ «քաղաքացիական շարժում էր բռնկվել» կուտակային կենսաթոշակի հարցով, այնպես արեցին, որ տպավորություն ստեղծվի, թե իրենք են ամենաշատը մտահոգված: Նույնն էլ հիմա կանեն եւ արդեն անում են: Իսկ տաքսիստների՞ն քանի անգամ են փողոց հանել արհեստական խնդիրներ ստեղծելով եւ հետո տուն ուղարկել` իբր լուծելով այդ խնդիրները:



Հայաստանում, կարծում ենք, բոլորն են համոզված, որ իշխանափոխությա՛մբ միայն կհաղթահարվի այս անշարժ վիճակը: Մեր շատ պաշտոնյաներ վաղուց մեռել են իրենց բազկաթոռներում, ԱԺ-ում նույնպես մեռյալ հոգիներն են թիվ կազմում… Մենք կկորցնենք պետությունը, եթե հանուն այս բեռի պահպանման շարունակենք հասարակության համար ներքաղաքական թատրոններ կազմակերպել, օրինակ, Աբովյանի քաղաքապետի լարված ընտրություն՝ Գագիկ Ծառուկյանի հետ զանազան թելերով կապված մարդկանց մասնակցությամբ, որոնք, ինչպես հետո է պարզվում, բոլորը Սերժի մարդիկ են:



Եվ ավարտեմ: Մարդիկ այլեւս չեն հավատում: Անընդդիմության եւս մեկ-երկու տարի, եւ ամեն ինչ կգնա գրողի ծոցը: Նույնիսկ ամենազարգացած երկրներում ընդդիմություն կա: Եվ պատկերացրեք` դա գեղեցկության ու բազմազանության համար չէ: Հայաստանում ընդդիմությունը դարձել է քաղաքական դաշտի դեկոր, որի լուռ հայացքի ներքո քաղաքական «պրոցես» է բեմականացվում: Սա նորմալ չէ, մեր կարծիքով: