Նախարարը ջուր է ծեծում, իսկ սոցիալական վիճակը գնալով խորանում է

Նախարարը ջուր է ծեծում, իսկ սոցիալական վիճակը գնալով խորանում է

Հոսանքի թանկացումը, կարծես թե, անխուսափելի է: Միակ «մխիթարանքն» այն է, որ 17 դրամից, իշխանության «սրտացավ ու ազգանվեր» ջանքերի շնորհիվ, թանկացման հայտն իջեցվեց մինչեւ՝ 7 էլ չէ, «ընդամենը» 6.93 դրամ: Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցինք՝ կառավարությունը, իրենց նախարարությունն ի՞նչ են մտածում այս ուղղությամբ, որ օգոստոսի 1-ից թանկացող հոսանքի առաջացրած «այդ չնչին» բեռը ՀՀ քաղաքացին շատ չզգա իր ուսերին: Պարզվեց՝ կառավարությունում մտածում են այդ ուղղությամբ, այն էլ՝ վարչապետի մակարդակով, ավելին՝ նույնիսկ մտադիր են որոշակի քայլեր ձեռնարկել, բայց դեռ հստակ չէ, թե ինչպիսի:
«Վարչապետի հանձնարարականով ներկայումս իրականացվում են վերլուծությունները, մենք ունենք տեղեկատվությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված՝ ընտանիքների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի միջին ամսական թվաքանակի վերաբերյալ, մասնավորապես, ձմռան ամիսներին միջին ընտանիքն սպառում է շուրջ 325 կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ ամռան ամիսներին՝ 180, ամսական միջինը, տարվա կտրվածքով, 200 կվտ/ժամն է մեկ միջին ընտանիքի համար: Եվ, հիմք ընդունելով այս ցուցանիշներն ու հնարավոր բարձրացման չափը, ներկայումս իրականացվում են էդ հաշվարկներն ու վերլուծությունները առաջին հերթին սոցիալապես անապահով, խոցելի խմբերի համար, ովքեր հաշվառված են սոցիալական անապահովության գնահատման համակարգում»,-մեր հարցին այսպես պատասխանեց նախարարը:



Նա նշեց, որ վերլուծությունների արդյունքում իրենք կներկայացնեն առաջարկություններ, որոնք կներկայացնեն կառավարության քննարկմանը, եւ եթե ընդունվեն, ապա դրանք ի կատար կածվեն կառավարության որոշումով: Բայց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ոչ միայն սոցիալապես անապահով խավի, այլեւ ամբողջ ազգաբնակչության վրա է ազդելու, այս առումով ի՞նչ են մտածում այդ ազդեցությունը մեղմելու համար։ «Մեր ունեցած հնարավորությունների շրջանակներում, կառավարության սոցիալական քաղաքականության շրջանակներում բնական է, որ առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքներն են, բայց, մյուս կողմից, պիտի անդրադարձ արվի նաեւ բնակչության մյուս շերտերի հետ կապված՝ ընդհանրապես ազդեցության գնահատման եւ հնարավոր եկամտաստեղծ գործունեության արդյունքում, որպեսզի կարողանանք ըստ ամենայնի աջակցել հասարակության հնարավորինս լայն շերտերի»,-հուսադրեց պարոն Ասատրյանը՝ նշելով, որ մինչեւ օգոստոսի 1-ն իրենք պետք է վերլուծած-վերջացրած լինեն եւ ունենան արդեն ներկայացվող առաջարկությունները:
Մենք հիշեցրինք, որ օրեր առաջ մեզ հետ զրույցում ինքը չէր բացառել, որ հնարավոր է, որպես փոխհատուցում հոսանքի թանկացման, քննարկվի աշխատավարձերի բարձրացման հարցը:



«Ես ոչ թե ասել եմ՝ չի բացառվում, ես ասել եմ՝ հարցի բոլոր կողմերին ենք նայում»: Այդուհանդերձ, աշխատավարձերի բարձրացման խնդիր դրվա՞ծ է: Նախարարը դժվարացավ հստակ պատասխան տալ. «Դուք մի քիչ շտապում եք, որ հիմա մենք արդեն առաջարկությունների մասին խոսենք, որոնք դեռ չունենք ձեւավորած: Այսինքն՝ պիտի ունենանք առաջարկություններ, որոնք կքննարկվեն, եւ որոնց վերաբերյալ, բնականաբար, նաեւ ձեզ կտեղեկացվի»:



Բայց այսօր հասարակության գլխավոր խնդիրն այն է, որ մարդկանց եկամուտները չեն ավելանում, աշխատավարձերը մնում են նույնը, սակայն ամեն ինչ անհամաչափ թանկանում է, գնաճը մեծանում: Այս առումով կառավարությունն ի՞նչ է մտածում, որ խորացող անդունդը վերացնի, տարբերությունը մեղմի: «Դրա համար էլ կառավարությունն իր սոցիալական քաղաքականության եւ, ընդհանրապես, ունեցած գործիքակազմի եւ ռեսուրսների շրջանակներում փորձում է անդրադառնալ խնդիրների լուծմանը»,-պատասխանեց Արտեմ Ասատրյանը:



 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ